Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Գալստյան. «Հայրենաճանաչ ծրագիր ենք իրականացնում»

Հուլիս 25,2014 15:15

Հուլիսի 19-ից մեկնարկել է Համազգային հայ կրթական և մշակութային միության քսաներորդ ուսանողական-մշակութային համախմբումը, որը Հայաստան է բերել 9 երկրի հայ համալսարանականների: Նրանք 17 օր պետք է մնան Հայաստանում:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Համազգային հայ կրթական և մշակութային միության նախագահ Լիլիթ Գալստյանը. «Այդ 17 oրերին երիտասարդները հնարավորություն կունենան ճանաչել հայրենիքը: Նրանց առիթ ենք տալու այս օրերին լսել համազգային թեմաներով մի շարք դասախոսություններ, որոնք վերաբերում են մեր մշակութային ժառանգությանը, ինքնության խնդիրներին, խնդիրներ, որոնք անկախ աշխարհագրությունից՝ ընդհանրական են ցանկացած հայ երիտասարդի համար: Այդ երիտասարդները, որպես որեւէ երկրի կայացած քաղաքացիներ, վաղը հանձնառություններ են ունենալու հայկական համայնքների կազմակերպման գործում, ղեկավար դերակատարություն են ստանձնելու ՝ խմբագրի, ուսուցչի, դպրոցի տնօրենի, կառույցի ղեկավարի… Այսինքն մենք սերունդ ենք կրթում ազգային հանձնառությունով եւ, ինչու չէ, նաեւ մտածում, որ այս երիտասարդներից շատերը համալսարանական լավ կրթություն ստանալուց հետո պիտի մի օր վերադառնան Հայաստան ու իրենց մասնակցությունը բերեն մեր հայրենիքի կայացմանը»:

Տիկին Գալստյանի ձեւակերպմամբ, այն որ այս տարի բոլորում են իրենց ծրագրի քսանամյակը, փաստում է, որ հասել են նպատակին, եւ ծրագիրն էլ փնտրված ու սպասված է: Համազգայինը համապատասխան վերլուծություն է իրականացրել, ըստ որի, շատերը, որոնք Համազգայինի ֆորումի ծրագրերի շրջանակներում երբեւէ եկել են Հայաստան, հետո նորից վերադառնում են, հաստատվում Հայաստանում, ընտանիք կազմում:

Լիլիթ Գալստյանի ձեւակերպմամբ, իրենք իրականացնում են հայրենաճանաչ ծրագիր, որն ուղղված է երիտասարդների՝ արմատի զրությամբ լցվելուն եւ ազգային պատասխանատվությամբ հայ մեծացնելուն: Իրենց բազմաթիվ հանդիպումների թվում մի քանիսը ավանդական են դարձել:

Դրանց թվում է երիտասարդների՝ Երեւանի պետական համալսարան այցելությունը եւ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի ընդունելությանը մասնակցելը: «Շատ կարեւոր է եւ զգացականություն կա իր մեջ, որովհետեւ Երեւանի պետական համալսարանի եւ Համազգայինի ակունքներում Նիկոլ Աղբալյանն է: 1919-ին որպես նախարար Աղբալյանը հիմնադրել է համալսարանը, 1928-ին՝ Համազգայինը»,-նշեց մեր զրուցակիցը:
Հավելեց, որ նախատեսված են այցեր Արցախի զորամասերից մեկը, Արցախի խորհրդարան, «Հայ գրերը եւ գրերի գյուտը որպես մեր ինքնության կարեւոր հենարան» թեմայով դասախոսություն՝ Օշականում, ծաղկաձորյան «Տիրամայր Հայաստանի» ճամբարում հանդիպում եւ այլն: Մի դասախոսություն էլ աշուղական դպրոցում Թովմաս Պողոսյանը կկարդա՝ հայ ժողովրդական նվագարանների թեմայով: Երիտասարդները հասցրել են ունկնդրել Ֆրանսահայ հայագետ Կլոդ (Արմեն) Մութաֆեանի դասախոսությունը՝ Կիլիկյան թագավորության թեմայով, մասնակցել նրա եւ Հրանտ Մարգարյանի՝ «Ով է հայը. ինքնության խնդիրներ» քննարկմանը…Ծրագիրը շարունակվում է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031