Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա ՄԻԱՎ-ից ավելի քիչ են մահանում քան՝ հեպատիտ Ց-ից (Տեսանյութ) 

Հուլիս 25,2014 14:15

Այսօր ՄԻԱՎ-ից ավելի քիչ են մահանում, քան հեպատիտ Ց-ից: Պատճառն այն է, ՄԻԱՎ-ն արդեն կառավարելի է, իսկ հեպատիտներն ամբողջ աշխարհում, դեռեւս մնում են անկառավարելի վարակներ: Այսօր այս մասին առողջապահության նախարարությունում ասաց առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանը: Նրա խոսքերով, աշխարհում հեպատիտները գլոբալ խնդիր են, օրինակ՝ ԱՄՆ-ում հեպատիտ Ց-ն հինգ անգամ ավելի շատ է տարածված քան ՄԻԱՎ-ը:

Մասնագետների ներկայացմամբ, վիրուսային հեպատիտները վարակիչ հիվանդությունների խումբ են, որոնք առաջանում են լյարդի բջիջներն ախտահարող վիրուսներից: Հայտնի է հեպատիտների տարբեր տեսակներ առաջացնող 8 վիրուս, որոնցից ուսումնասիրված է վեցը: Հեպատիտ A-ն, որը բնակչության շրջանում առավել հայտնի է «դեղնախտ» անունով, սոցիալական վատ պայմանների հիվանդություն է: Այս վարակն օրգանիզմ է թափանցում  բերանի միջոցով եւ աղիքային խնդիրներ է առաջացնում: Վտանգավորը պարէնտերալ հեպատիտներն են, որոնք մարդու օրգանիզմ են ընկնում ոչ բերանի խոռոչի միջոցով:

Տիկին Ավետիսյանի տվյալներով, աշխարհի բնակչության 150 միլիոնից ավելին վարակված են հեպատիտ Ց-ով եւ տարեկան հայտնաբերվում է 3-4 միլիոն վարակի նոր դեպք:
Մասնագետները վկայում են, որ այսօր երկրագնդում ամեն 11-րդ մարդը վարակված է հեպատիտ Բ-ով եւ Ց-ով:

Հայաստանում հեպատիտ Բ-ով վարակված մինչեւ 15 տարեկան երեխա այլեւս չունենք, քանի որ 1999 թվականից այս հեպատիտի դեմ պատվաստում է իրականացվում: Տարածվածությունը բարձր է 20-40 տարեկանների շրջանում՝ սեռական շփումներով, աշխատանքային միգրացիայով ու թմրանյութեր օգտագործելու գործոններով պայմանավորված:

Ասուլիսի մեկ այլ մասնակից, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի ղեկավար Հասմիկ Ղազինյանի խոսքերով, ցիռոզների հիսուն տոկոսի պատճառը հեպատիտ Ց-ն է:

Մասնագետները կոչ արեցին, հատկապես ռիսկի խմբի մարդկանց, պարբերաբար, հետազոտվել, այդ կերպ կանխելով նաեւ վարակի տարածումը:
Նախարարության համաճարակաբանության, վիրուսաբանության եւ բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Գայանե Մելիք-Անդրեասյանի խոսքերով, այս խմբի վիրուսները, վարակվելուց հետո ուշ են դրսեւորվում, այսինքն՝ մարդը կարող վիրուսակիր լինել, բայց երկար ժամանակ դրա մասին չիմանալ, քանի որ հիվանդությունը երկար ժամանակ կարող է ընթանալ անախտանիշ: Բացի այդ, որքան վաղ է սկսում բուժումն այս վիրուսների դեմ, այնքան մեծ է էֆեկտիվությունը: Տիկին Ղազինյանի հավաստմամբ, հեպատիտ Ց-ն այսօր բուժվող հիվանդություն է, չնայած որ բավականին թանկ արժե: Aravot.am-ի հարցին, թե ինչ արժե հեպատիտ Ց-ի բուժումը, Հասմիկ Ղազիննյանն ասաց, որ կախված բուժման կուրսի տեւողությունից:

Նրա մեկնաբանություններն առավել մանրամասն՝  տեսանյութում

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ says:

    Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ, Միջազգային հեպատիտ Ալյանսի հետ համատեղ, ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության և հետազոտության խմբի անդամ “Դրական մարդկանց հայկական ցանց” սոց. ՀԿ-ն իրականացնում է ակցիա՝ “Կրկին մտածիր” խորագրով:
    Հուլիսի 29-ին, ժամը 13:30 Մեդիա կենտրոնում կսկսվի մամլո ասուլիս, միաժամանակ ակցիայի մասնակիցները կհավաքվեն Առողջապահության Նախարարության մոտ, որտեղից ուղիղ հեռարձակում կլինի: Ասուլիսին մասնակցելու են հեպատիտով ապրող Արթուր Մանվելյանը և Թորգոմ Բադալյանը, Նորք հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի ղեկավար, Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը, “Դրական մարդկանց հայկական ցանց” սոց. ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանը: Ասուլիսի ժամանակ կներկայացվեն, թե արդյոք որևէ փոփոխություն տեղի ունեցել է մեկ տարվա ընթացքում: Հեպատիտով ապրող մարդիկ կխոսեն խնդիրների մասին: Ասուլիսի ավարտին ակցիայի մասնակիցները նամակ կհանձնեն Առողջապահության նախարարություն, որի մեջ ներկայացված կլինեն որոշակի առաջարկներ` ոլորտում փոփոխություններ իրականացնելու նպատակով:

    Եթե դուք հետաքրքրված եք խնդրով, ցանկանում ենք փոխել ինչ-որ բան, կամ օգնել ուրիշներին, ՄԻԱՑԵՔ ՄԵԶ:

    Հարգանքով՝ “Դրական մարդկանց հայկական ցանց” սոց. ՀԿ, ՁԻԱՀ-ի խնդրի և հետազոտության ջատագովության խումբ

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031