Այսօր Սյունիքի մարզպետարանում կայացավ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հանրային քննարկումը, որի ընթացքում ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Գեորգի Կուտոյանն և Վարդան Պողոսյանն անդրադարձան բարեփոխումների մի շարք կարեւոր դրույթների:
Վարդան Պողոսյանից հետաքրքրվեցինք, թե ինքն ի՞նչ կարծիք ունի սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցում հնչեցրած տեսակետի մասին եւ ինչպե՞ս կմեկնաբանի այն:
«Ես չեմ ցանկանում քաղաքական դիսկուսիաների մեջ մտնել: Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը կբարեհաճի կարդալ հայեցակարգը եւ կոնկրետ նկատառումներ կարտահայտի այս կամ այն դրույթների վերաբերյալ, այդ դեպքում իմաստ ունի ես` որպես սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, անդրադառնամ ու իմ համաձայնությունը կամ անհամաձայնությունն արտահայտեմ նրա առաջարկած դրույթներին: Երբ պարոն Տեր-Պետրոսյանը քաղաքական հայտարարություններ է անում, իմ իրավասությունը չի դրանց անդրադառնալ», -նշեց Վարդան Պողոսյանը եւ հավելեց, որ ինքը քաղաքական գործիչ չէ, վաղուց է դուրս եկել քաղաքականությունից եւ քաղաքականություն վերադառնալու ցանկություն չունի:
Նրա խոսքով քաղաքական շրջանակները դեռ բավականին ժամանակ կունենան քննարկել, իրենց կարծիքները, անհամաձայնություններն ու համաձայնություններն արտահայտել այս բարեփոխումների վերաբերյալ, քանի որ այդ բարեփոխումների ամենավաղ փուլն է դեռ:
Կարդացեք նաև
«Ինձ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ պետք է սահմանադրական բարեփոխումները երկրի համար կործանում նշանակեն եւ այդ ժամանակ, եթե դա կործանում է, պետք է հիմնավորում լինի, թե ինչո՞ւ է կործանում: Եւ եթե այդ հիմնավորումները կլինեն եւ կլինեն բովանդակային առումով` իմաստ կլինի անդրադառնալ նման հարցերին, հիմա դրա կարիքը ես չեմ տեսնում: Մենք մասնագիտական հանձնաժողովում ինչ-որ բաներ ենք առաջարկել, թե քաղաքական շրջանակները ոնց են դա ընկալում, ցանկություն ունեն այդ փոփոխություններն իրականացնելու-չիրականացնելու` դա իրենց խնդիրն է, մենք դեռ ամենավաղ, սկզբնական փուլում ենք, շատ ժամանակ կա քաղաքական քննարկումների համար…», – ասաց այսօր Կապանում գտնվող ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:
Հիշեցնենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին, իր հարցազրույցում մասնավորապես նշել էր.
«…Փոխանակ լծվելու մարտահրավերների շուտափույթ դիմագրավման գործին, սարգսյանական ռեժիմն այսօր սեւեռված է բացառապես մեկ խնդրի` Հայաստանի գործող Սահմանադրության փոփոխության ժամանակավրեպ ծրագրի վրա, այն էլ անգամ Սահմանադրական դատարանի նախագահի վերջնական փչացման գնով (վերջինիս խայտառակ դերակատարությունն այս ծրագրի իրականացման գործում առանձին թեմա է, որին թերեւս կանդրադառնամ մի այլ առիթով)։
… Հայաստանի եւ Ղարաբաղի հետ կապված հրատապ լուծում պահանջող բոլոր խնդիրներն, ըստ այդմ, ստորադասված են Սահմանադրական փոփոխությունների միջոցով Սերժ Սարգսյանի բռնապետության հավերժացման միակ նպատակին։ Եվ դա արվում է այնքան ցինիկ ու կոպիտ ձեւով, որ այլեւս ոչ ոքի մոտ կասկած չի թողնում Սարգսյանի բուն շարժառիթի վերաբերյալ։
Սահմանադրական փոփոխությունների խնդիրն, ըստ այդմ, յուրատեսակ ջրբաժան է բռնապետական ռեժիմի եւ հասարակության առողջ ուժերի միջեւ` կնճիռ, որի հանգուցալուծումից է կախված Հայաստանի եւ Ղարաբաղի ապագան…»։
Իսկ Կապանում անցկացված հանրային քննարկման մանրամասները` առաջիկայում:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ