Հուլիսի 24-ին՝ ժամը 10:00-ին, Արարատյան Հայրապետական թեմի Արարատի մարզի Նորաբաց գյուղում ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ օծվեցին գյուղի նորակառույց եկեղեցու խաչը, զանգը, եկեղեցու սյուները և մկրտության ավազանը: Օծման ավարտին Սրբազան Հայրը, դիմելով հավատավոր ժողովրդին, ի մասնավորի ասաց. «Այս եկեղեցին Աստծո տունն է, Աստծո հետ հանդիպելու վայրը, մարդկանց խղճի ձայնն է ու հոգու քնարը: Մենք պետք է գանք այստեղ և մեր հոգիները բացենք Աստծո առաջ, հաղորդակցվենք Տիրոջ հետ… Աստծո տուն պետք է մտնել, որպեսզի Սուրբ Հոգին ներթափանցի մեր մեջ, ու Իր շնորհները բաշխի մեզ… Եկեղեցին կմնա դատարկ, եթե դուք եկեղեցի չլինեք, համայնք չլինեք: Այն պետք է լցնեք աղոթքով, հոգու թրթիռով, սրտի անկեղծությամբ: Այդ ժամանակ եկեղեցին կլինի ձեր հոգու բուրվառն առ Աստված, և աղոթքները, որոնք բխում են ի խորոց սրտի, լսելի կլինեն Աստծուն»:
Հուլիսի 26-ին՝ ժամը 13:00-ին, ԱՀԹ-ի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ կօծվի նորակառույց եկեղեցու Սուրբ Սեղանը: Մասիսի Ս. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Աշոտ քահանա Սաֆարյանի ձեռամբ առաջին անգամ կմատուցվի Սուրբ Պատարագ: Հավարտ Ս. Պատարագի եկեղեցու բակում տեղի կունենա տոնական միջոցառում, և սիրո ճաշի սեղանին կմատուցվի մատաղ:
Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան