Լրահոս
Օրվա լրահոսը

«Կալիբրի» խնդիրը

Հուլիս 25,2014 12:10

Իմ գործընկեր Մարկ Գրիգորյանը, որն «Արմենիայով» վարում է «Հատման կետ» հաղորդումը, հերթական անգամ անդրադարձել է Հայաստանում բանավեճի մշակույթին, ավելի ճիշտ՝ դրա բացակայությանը: Հաղորդումն ընթանում է բանավեճային ֆորմատով, սակայն հրավիրել բանավիճող կողմերին՝ բավականին դժվար գործ է: Նույնը, հավանաբար, կփաստի նաեւ Պետրոս Ղազարյանը՝ «Կենտրոնից»:

Խնդիրներից մեկն այն է, որ մեր քաղաքական գործիչները տառապում են սուր արտահայտված նարցիսիզմով եւ, ըստ այդմ, իրենց բարձր ինտելեկտին ու խորը գիտելիքներին համապատասխան ընդդիմախոսներ չեն գտնում: Երբ նրանց բանավեճի ես հրավիրում, նրանք սովորաբար ասում են՝ «բեր իմ կալիբրի (այսինքն՝ տրամաչափի-Ա. Ա.) մարդ»: Իսկ մեր գործիչների, պատգամավորների «կալիբրը» մոտավորապես հավասար է Հենրի Քիսինջերին կամ, ծայրահեղ դեպքում, Մարգարեթ Թետչերին: Հարց է ծագում՝ եթե նրանք այդպիսի հանճարներ են, ինչո՞ւ Հայաստանն իր բարեկեցության մակարդակով չի մոտենում Քիսինջերի եւ Թետչերի երկրներին:

Խորհրդարանն, իհարկե, այն ամբիոնն է, որտեղ պետք է ծավալվի այդ քաղաքական երկխոսությունը: Բայց արի ու տես՝ «ամենահետաքրքիր» մասը հայտարարությունների ժամն է, որտեղ ընդդիմադիրները խոսում են Հայաստանի կործանման, իսկ հանրապետականները՝ ընդդիմության «ոչ կառուցողականության» մասին, մեկ-մեկ էլ մի երկու «քաղցր խոսք» են ասում Ալիեւի եւ Էրդողանի հասցեին: Մի խոսքով՝ մենախոսություններ են արտասանում: Իհարկե, կա նաեւ «ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի» ֆորմատը: Բայց դա բանավեճ անվանելը նույնպես չափազանցություն կլիներ: Ընդդիմության «հարցերը» սովորաբար հանգում են հետեւյալին՝ «դուք չե՞ք գտնում, որ դուք հանցագործ եք»: Այդ «հարցին» միայն անմեղսունակը կհամաձայնի որեւէ պատասխան տալ: Միշտ ասել եմ եւ ուսանողներիս էլ եմ կրկնում՝ «դուք չե՞ք գտնում, որ»-ով կամ նման այլ դարձվածքով սկսվող ձեւակերպումը, ըստ էության, հարց չէ՝ վատ քողարկված պնդում է:

Իհարկե, բանավեճի մշակույթը բացակայում է ոչ միայն քաղաքական գործիչների մոտ: Փորձեք, օրինակ, բանավեճ կազմակերպել «նարեկական» եւ «հականարեկական» ճարտարապետների միջեւ: Նրանք իրար մասին նույնիսկ ավելի վատ են խոսում, քան ՀՀԿ-ականները՝ Էրդողանի մասին. «Տո էդ բոմժն ով ա, որ ես իրա հետ բանավիճեմ: Դու հլը մի հատ նրա գծագրած շենքերը նայի»: Այսինքն՝ այստեղ էլ «կալիբրի» խնդիր է առաջանում:
Չնայած, ինչպես հայտնի է, ոչինչ այս երկրավոր կյանքում հավերժ չէ: 2008-ի մարտի 1-ից հետո ՀՀ առաջին նախագահը ի պատասխան լրագրողի հարցի ասաց. «Հարյուր տարի էլ անցնի՝ ես Քոչարյանի եւ Օսկանյանի ասածները չեմ մեկնաբանի»: Արժանի չէին, այդպես եմ հասկանում: Անցավ ոչ թե 100, այլ ընդամենը 4 տարի, եւ Օսկանյանը, հետեւաբար նաեւ՝ Քոչարյանը դարձան միանգամայն արժանի դաշնակիցներ՝ «ռեժիմի» դեմ պայքարում: Այնպես որ՝ «կալիբրը» նույնպես փոփոխական է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. david says:

    Էդ փոփոխականը նաև բացասման բացասման օրենքի մնանության կամ խմբավորման կետ ենթակետի մեջ է մտնում, իսկ նարցիզմը հիվանդություն է ազգային խտանյութին հատուկ:Մեծամանիան և ինքնասիրահարվածությունը հոգեկան հիվանդություն է և հատուկ ծերացող, մեռնող ցեղերին:
    Տո էս մոլորակի բոմժերն ով են էմ որ հանճարեղ էս հայ տեսակը նրանց հետ խոսի…Չէ*:
    Հա, հա, հա…բժիշկ, բժիշկ, եկ մեր տուն…
    -Տու… էս հիվանդության բժիշկը պատերազմն է:
    -Ու…

  2. Արշակ says:

    Նամանավանդ եթե` «դուք չե՞ք գտնում, որ»-ը ճիշտ հայերեն չի, ռուսաբանություն է:

  3. Մարդ says:

    Անիմաստ երկխոսությունից բոլորն էլ խուսափում են դրա համար ել «կալիբրներն» են պատճառ բռնում. Այ եթե երկխոսությունը շահույթաբեր եվ վճռական լինի, այդ դեպքում 100 տարին էլ 4 տարի կդառնա եվ հետեվողականորեն երկխոսություն ման եկողների քանակը եվ որակը կշատանա . Թե չե իզուր ժամանակի վատնում եվ էներգիայի կորուստ , ոչ մեկն ել չի ցանկանում.
    Մի երկու անիմաստ ռեպլիկ հակառակ կողմին եվ եկխոսությունը փակված է.

  4. ԱՐՄԵՆ says:

    Հայաստանում քիչ չեն ոլորտները, որտեղ մենք իսկապես շատ ու շատ աճելու տեղ ունենք:
    Սակայն իսկապես ափսոսանքով եմ նշում ժուռնալիստ – հաղորդավար, լուրեր ներկայացնող, քնարկումներ կազմակերպող լրագրողները ոչ թե թույլ են, այլ պարզապես բացակայում են:
    Մեր լրագրողների գիտելիքները ոչ թե 0-ին են ձգտում, այլ մինուս անսահմանության շրջակայքում են: Ինչու է այդպես չգիտեմ, երևի մեր հասարակությունում գիտելիքների պակասը շատ մեծ է:
    Մի Տիգրան Նաղդալյան էր աճում….., հիմա էլ հույս ունեմ Արտակ Ալեքսանյանից և Գևորգ Ալթունյանից, տեսնենք….
    Եթե լրագրողը իր գիտելիքների պաշարով, իր քաղաքացիական կեցվածքով, իր կիրթ լինելու ձգտմամբ դատարկությանը մոտ կարգավիճակում է, անգամ հայ քաղաքական գործիչը թետչերատիպի կարգավիճակով անհետաքրքիր կդիտվի հասարակության կողմից:
    Նպատակս քաղաքական գործիչներին պաշտպանելը չէ, բայց ես հասկանում եմ, որ Պետրոս Ղազարյանի հաղորդմանը մասնակցելը թևաթափ վիճակի է բերում հյուրին, դեռ չմասնակցած:
    Դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, որ ԱԶԳ թերթի խմբագրին լսելուց հետո կարողանանք մտածել: Իսկ առայժմ հասարակությունը ինքն է նաև հոշոտում իր ականջին ոչ հարմար բան ասող կամ գրող մտածող լրագրողին:

  5. Կարապետ says:

    Արտակ Ալեքսանյան և Գևորգ Ալթունյան 😀
    Իսկ Սերժ Սարգսյանից հույսեր չունե՞ս։

  6. Գեւորգ says:

    Շփվելով ու գործ ունենալով տարբեր ազգերի ու դիրքի տեր մարդկանց հետ, ես համոզվել եմ ինքս ինձ համար, որ մերոնց նման ինքնահավան, ինքնափքված ու անմատչելի, անգետ ու անբարտավան, հայցվորի հետ թթված ու անբարյացակամ, ստորադասին միշտ նախատող, վերադասին միայն քծնող, ուրիշ պաշտոնյա դժվար է գտնել: Բացառություններ եղել են՝ հարյուրից մի անգամ! Ներող կլինեք!

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031