Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյան. «Հայաստանը շարունակում է իրականացնել իր «եւ…եւ»-ի քաղաքականությունը». «Հայոց աշխարհ»

Հուլիս 25,2014 11:37

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ

-Վերջին շրջանում տեղական արեւմտամետները իրենց քննադատության սլաքն ուղղել են ՀԱՊԿ-ին ու հայտարարում են, թե Հայաստանը պետք է վերանայի իր քաղաքականությունը եւ մեր անվտանգության հարցերում հենվի ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի վրա:

-Ամբողջովին մերժում եմ նման բնույթի հայտարարությունները ու համարում, որ նման քաղաքականության որդեգրումը Հայաստանի պես երկրի համար ուղղակի կործանարար կլինի: Տվյալ հայտարարություններն այլ բան չեն, քան արեւմտյան պարտադրանքի՝ «կամ…կամ» քաղաքականության հերթական դրսեւորում:

Ի՞նչ նկատի ունեմ սա ասելով: Տեսեք, տեւական ժամանակ է, որ փորձում էինք մեր տնտեսական, նաեւ ռազմական դոկտրինը կառուցել «եւ…եւ»-ի քաղաքականության վրա: Ու 3,5 տարի շարունակված եվրաինտեգրման գործընթացը ծավալվում էր հենց այդ տրամաբանությամբ: Բայց, ցավոք, եվրոպական կառույցները բավական կոշտ տեսակետ հայտնեցին՝ ասելով, թե «եւ…եւ»-ի քաղաքականությունն իրենց համար անընդունելի է, պետք է ջրբաժան լինի Եվրամիության հետ ասոցացվող երկրների ու նորաստեղծ Եվրասիական միության միջեւ: Այսինքն՝ իրականացվի «կամ…կամ»-ի քաղաքականություն:

Հայաստանը կանգնեց երկընտրանքի առաջ, որովհետեւ մենք ունենք ռազմավարական գործընկեր՝ հանձին Ռուսաստանի, որի հետ գտնվում ենք միեւնույն անվտանգության համակարգում՝ ՀԱՊԿ-ում: Իսկ անվտանգության խնդիրը ամեն մի երկրի համար առաջնային է, առավել եւս Հայաստանի համար, հաշվի առնելով մեր ռազմատենչ հարեւաններին, դեռեւս չկարգավորված ԼՂ հակամարտության առկայությունը:

Ու երբ եվրոպական ներկայացուցիչները շարունակեցին «եւ…եւ»-ին հակադրել իրենց «կամ…կամ»-ը, բնականաբար մեր պատասխանը միանշանակ էր՝ անվտանգության խնդիրները գերակա են ու մեր անվտանգության երաշխավորը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն է: Եվ մենք ընտրեցինք ՀԱՊԿ-ն ու Եվրասիական ինտեգրումը:

Սրանով հանդերձ՝ Հայաստանը շարունակում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ իր համագործակցությունը: Եվ սա ճիշտ քաղաքականություն է: Մենք կարեւոր ծրագրեր ենք իրականացնում ՆԱՏՕ-ի հետ, ինչպես ասում են՝ չենք փակում համագործակցության դուռը Եվրամիության հետ:

Իրականում Հայաստանը շարունակում է իրականացնել իր «եւ…եւ»-ի քաղաքականությունը՝ ի հեճուկս մեր բոլոր ընդդիմախոսների: Ու առավել քան համոզված եմ, որ այդ գաղափարախոսությունը մեզ նման վիճակում գտնվող պետության համար ամենակենսունակն է: Մենք շարունակում ենք մեր համագործակցությունը ե՛ւ Միացյալ Նահանգների, ե՛ւ ԵՄ երկրների հետ, այնքան, որքան դա չի հակասի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցման գործընթացին:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031