Լրահոս
Օրվա լրահոսը

Հերոսներին պետք է ճանաչել ոչ միայն անուն-ազգանունով, այլև նրանց սխրանքով

Հուլիս 25,2014 11:15

ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի արդյունքում հաղթած կազմակերպությունները հանդես են գալիս նաև համատեղ նախաձեռնություններով՝ օգտագործելով միմյանց ներուժը։ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից դրամաշնորհի արժանացած «Գեղարեգ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը հուլիսի 24-ին Գավառում «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ծրագրի շրջանակներում կազմակերպել էր հանդիպում «Աշխարհազոր» ՀԿ-ի նախագահ Րաֆֆի Գևորգյանի հետ։

Նշենք, որ «Աշխարհազոր» ՀԿ-ն նույնպես ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի շնորհիվ իրականացնում է «Ճանաչենք մեր հերոսներին» նախագիծը, որի շրջանակներում պատրաստել է Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների մասին պատմող 30 հոլովակ։

Րաֆֆի Գևորգյանը շուրջ 50 պատանիների ու երիտասարդների հոլովակների միջոցով ներկայացրեց Արցախյան հերոսամարտում իրենց կյանքը զոհած հայորդիների գործն ու սխրանքները։ «Շատ կարևոր է, որ մարդ փոքր տարիքից ունենա հերոս, որին կձգտի նմանվել և որի գործը կփորձի շարունակել։ Ու այդ հերոսները պետք է լինեն այն ազատամարտիկները, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի համար։ Այդ հերոսներին պետք է ճանաչել ոչ միայն անուն-ազգանուններով, այլև նրանց սխրանքներով»,- դիմելով միջոցառմանը ներկաներին՝ ասաց Րաֆֆի Գևորգյանը։

Նա նաև հույս հայտնեց, որ հոլովակները հետաքրքրություն կառաջացնեն պատանիների մոտ, ու նրանք կբացեն գրքեր, կուսումնասիրեն համացանցային տեղեկությունները՝ հերոսների կյանքին ավելի լավ ծանոթանալու համար։

Խոսելով Լեոնիդ Ազգալդյանի մասին՝ Րաֆֆի Գևորգյանը շեշտեց, որ գիտնական-ֆիզիկոսն իր ընկերների հետ գիտական միտքը կենտրոնացրել է զենքերի նախագծման, մշակման ու կատարելագործման ուղղությամբ։ Լեոնիդ Ազգալդյանն այն գործիչներից էր, ով կարևորում էր առանձին գործող ջոկատների միավորումն ու կանոնավոր բանակ ունենալու գաղափարը։ Ազգալդյանն ասում էր, որ հաղթանակները կհավասարվեն զրոյի, եթե այս ամենի հետևում կանգնած չլինի կանոնավոր բանակը:

Րաֆֆի Գևորգյանն անդրադարձավ նաև Արծվաշենի 11 հերոսներին և Վոլոդյա Դարբինյանին։ Վոլոդյա Դարբինյանն ու նրա 11 զինակիցները, իրենց վրա վերցնելով հակառակորդի գրոհները, ապահովել են Արծվաշենի շուրջ 4500 բնակիչների տարհանումն անվտանգ գոտի, իսկ իրենք զոհվել են՝ թշնամու կրակը գիտակցված ընդունելով իրենց վրա։
Պատանիները ծանոթացան Արշակ Ղամբարյանի, Աշոտ Չախոյանի և մեր մյուս զոհված ազատամարտիկների սխրանքներին։ Հատուկ անդրադարձ կատարվեց ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին, ով միայն 12 տարեկանում է իմացել իր հայկական ծագման մասին։ 8 լեզվի կատարելապես տիրապետող գիտնականն իր կյանքը նվիրում է հայոց ազատագրական պայքարին՝ մեծ ներդրում ունենալով նաև Արցախի ազատագրման գործում։
Միջոցառումն ամփոփվեց հայրենասիրական երգերով ու խրոխտ յարխուշտայով։

yarxushta
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Lena Goharyan says:

    Հրաշալի նախաձեռնություն է, հպարտ եմ,որ ունեմ Ձեզ նման հայրենակիցներ՝ քյավառցիներ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031