Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուսիսային պողոտայի նկարիչները փոխել են «աշխատավայրը»

Հուլիս 25,2014 13:50

Այժմ Կարապի լճի տարածքն է նրանց համար
ժամանակավոր «աշխատավայրը»

Հյուսիսային պողոտան ասոցացվում է ոչ միայն շենքերի, այլեւ այնտեղ արդեն հաստատված նկարիչների, երաժիշտների եւ հետաքրքիր կերպարներով մարդկանց հետ: Արդեն մոտ 8 ամիս է, ինչ պողոտան վերանորոգման մեջ է, ինչը չէր կարող անմիջական ազդեցություն չունենալ ամեն օր այնտեղ «աշխատանքի գնացող» նկարիչների, երաժիշտների եւ մյուսների վրա:

Հյուսիսային պողոտայի նկարիչները մոտ մեկ ամիս է՝ ժամանակավորապես հաստատվել են Կարապի լճի տարածքում, ինչը քիչ թե շատ մոտ է նախկին «աշխատավայրին»: Տեղափոխության կամ հարմարվելու առումով նկարիչները դժվարություն չեն զգում: «Միայն դժվարությունն այն է, որ մարդիկ սովոր չեն մեզ այստեղ տեսնել: Սա էլ ժամանակի հարց է»,- կարծում է 26-ամյա նկարիչ Հունան Ավետիսյանը: Նրա հետ միասին աշխատող 28-ամյա նկարիչ Վահան Պետրոսյանն ասում է, որ Հյուսիսային պողոտայի ու Կարապի լճի շարժը շատ է տարբերվում. «Մարդ կա՝ այստեղ գինը հարցնում է, հետո ասում է՝ Հյուսիսային պողոտայում ավելի էժան է, գնանք այնտեղ՝ չիմանալով, որ այդ նույն նկարիչներն ենք ու նկարների գինը չի փոխվել»:

nkar-4 nkar-2 nkar-1 nkar-5

Նկարիչների խոսքերով, Կարապի լիճը, համեմատած Հյուսիսային պողոտայի հետ, այդքան էլ մարդաշատ չէ, զբոսաշրջիկները սիրում են Հյուսիսային պողոտայով շրջել: Հիմնական հաճախորդները հենց զբոսաշրջիկներն են: «Կարապի լճի տարածքում հաճախորդների թվի պակաս է զգացվում, բայց որ շատ ուզում են, մեզ գտնում են, որ իրենց նկարենք: Սկզբնական շրջանում մի քիչ վատ էի զգում, որ Հյուսիսային պողոտայում այլ մարդկանց հետ եմ աշխատելու, այսինքն՝ մի երկու հնչյուն արտաբերող ու փող մուրացող: Ուրիշ բան, երբ իսկական արվեստ ցույց տան ու էլի փող աշխատեն: Բայց հետո կամաց-կամաց սովորեցի»,- ասում է մեկ այլ նկարիչ՝ 26-ամյա Միքայել Կարապետյանը:
Նկարիչներից ոմանք որոշել են, որ, երբ Հյուսիսային պողոտան վերաբացվի, այլեւս չվերադառնան, քանի որ Կարապի լճի տարածքում հաճելի է եւ հանգիստ: Իսկ Հունանը մնում է այն կարծիքին, որ Կարապի լիճը ժամանակավոր «աշխատավայր» է:
Իմիջիայլոց, երբ Հյուսիսային պողոտան դեռ մեկ տարեկան էր, նկարիչ Վահան Պետրոսյանը որոշեց նոր մշակույթ մտցնել Հայաստան՝ փողոցում նկարելով մարդկանց դիմանկարներ ու ծաղրանկարներ: Մինչեւ Երեւան գալը, նա Վանաձորի մանկավարժական համալսարանն ավարտելուց հետո՝ փորձել է որոշ ժամանակ աշխատել այնտեղ: Երեւան տեղափոխվել է հենց այդ նպատակով, որպեսզի այստեղ զարգացնի արվեստի այս տեսակը: Հետո նրան են միացել իր նկարիչ ընկերները, եւ բոլորը միասին արդեն 5-6 տարի է, ինչ ստեղծագործում են Երեւանի կենտրոնում՝ դառնալով քաղաքի կոլորիտի մի մասնիկը:
Նկարիչներին դուր է գալիս աշխատել դրսում: Հաճախ նրանց է մոտենում երիտասարդ զույգ եւ խնդրում նկարել: Կամ՝ ծնողները երեխաներին են բերում նկարվելու, ինչը մի փոքր ավելի դժվար է, քան մեծահասակների պարագայում. լավ նկար ստանալու համար անհրաժեշտ է գոնե 10 րոպե անշարժ նստել: Սովորաբար նկարը պատրաստ է լինում 20-25 րոպեում: Նկարիչները նաեւ չեն թաքցնում, երբեմն պատահում է, որ հաճախորդը չի հավանում աշխատանքը: Նման դեպքերում նրանք պարզապես նկարը նվիրում են հաճախորդին՝ մտածելով, որ կամ ճաշակի խնդիր է, կամ գուցե իրոք լավ չի ստացվել:

ԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հունան Ավետիսյանի՝
«դրսում» արված նկարները:

«Առավոտ» օրաթերթ
24.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031