Ծաղկաձորի մարզաբազայում ընթացող ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2014» մրցույթի եզրափակիչ փուլում երեկ ավարտվեց եւս երկու մրցաձեւ:
Առավոտյան 144 ընտանիքները որոշեցին տեղից ցատկ մրցաձեւի հաղթողներին ու մրցանակակիրներին, իսկ օրվա երկրորդ կեսին հայտնի դարձան 30 մետր համալիր փոխանցավազքի լավագույն եռյակները:
Մրցապայքարում հաշվի մեջ է ամեն մի վայրկյան ու սանտիմետր: Եվ յուրաքանչյուր ընտանիք, սկսած երեխայից մինչեւ հայրը, ներդնում է բոլոր կարողությունները: Հենց այդ անզիջում պայքարում էլ մասնակիցները երբեմն վնասվածք են ստանում, որոնք, բարեբախտաբար, լուրջ չեն. հիմնականում՝ քերծվածքներ եւ մկանի ձգում: Լինում է, որ ներքին լարվածությունից կամ բարձրադիր գոտում արեւի ազդեցությունից է մասնակիցն իրեն վատ զգում, որին անմիջապես առաջին բուժօգնություն են ցույց տալիս մարզադաշտում մշտապես հերթապահող Ծաղկաձորի ամբուլատորիայի բժիշկները: Վերջինների մեկնաբանությամբ, վնասվածքները հիմնականում մասնակիցների անփորձությունից է եւ վարժությունը ոչ ճիշտ կատարելու հետեւանք:
Երեկվանից Ծաղկաձոր են ժամանել հաշմանդամ ունեցող ընտանիքները, որոնց առաջին անգամ է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցելու հնարավորություն ընձեռվել: Նրանք իրենց պայքարը սկսում են այսօր՝ վեց մրցաձեւից: Իսկ մինչ այդ, «նորեկները» հետեւեցին պայքարին, որպեսզի ընդհանուր պատկերացում կազմեն մրցումների ընթացքի ու կարգի մասին:
Որպեսզի հաշմանդամ ունեցող ընտանիքների պայքարն էլ սահուն ընթանա, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի գլխավոր կազմակերպիչ եւ պատասխանատու Խաչիկ Ասրյանը, նախարարության վարչության պետ Եղիշ Դավթյանը եւ գլխավոր մրցավար Տիգրան Սիմոնյանը նրանց հանգամանալից ծանոթացրին մրցաձեւերի կանոններին ու անցկացման կարգին:
Երեկ մի արարողություն էլ տեղի ունեցավ Ծաղկաձորում: Քանի որ հիմա Հայաստանի Հանրապետությունում չի թույլատրվում կանխիկ դրամով գործառույթներ կատարել, մասնակիցների, այդ թվում նաեւ հաշմանդամ ունեցող ընտանիքների, մրցավարների տրանսպորտային, գիշերավարձի, սննդի գումարների փոխհատուցման նպատակով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն հենց Ծաղկաձորի մարզաբազայի հյուրանոցում շուրջ 250 պլաստիկ քարտ նվիրեց բոլոր մասնակիցներին ու մրցավարներին:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.07.2014