Լրահոս
Օրվա լրահոսը

Հատուցում

Հուլիս 25,2014 14:30

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Այս տարվա հուլիսի 1-ին Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ձերբակալվեց քաղաքական կոռուպցիայի կասկածանքով: Եվ չնայած Ֆրանսիայի նախկին նախագահն այդ ձերբակալությունը որակեց որպես «քաղաքական հաշվեհարդար», սակայն դրանից ոչ միայն կասկածանքը չփարատվեց, այլեւ չնվազեց օրինազանցության համար իշխանության ներկայացուցիչներին պատասխանատվության ենթարկելու խնդրի կարեւորությունը:
Հայաստանը Ֆրանսիա չէ. այստեղ քաղաքական հաշվեհարդարները կենցաղային լինելու չափ սովորական են: Հայաստանը Ֆրանսիա չէ. այստեղ երկրի քաղաքական վերնախավի համար բարձրաշխարհիկ հարսանիքներն ու կուսակցությունների համագումարներն անցում են նույն մասնակիցներով, ձեւաչափով, բովանդակությամբ, կենացներով եւ խրատներով: Հայաստանը Ֆրանսիա չէ. այստեղ իշխանությունների իրավական, հասարակական, քաղաքական պատասխանատվության պահանջը ողջ սրությամբ հառնում է ՀՀ նախագահի ընտրություններին նախորդող եւ հաջորդող ժամանակահատվածում: Այդ պատասխանատվության ձեւերի եւ մեթոդների ընտրության հայկական տարբերակն անհայտ է մարդկությանը, քանի որ ետխորհրդային Հայաստանում տեղի ունեցած առայժմ միակ՝ 1998 թ. փետրվարյան իշխանափոխությունը (կամ՝ հեղաշրջումը) թերեւս ներառում էր նաեւ անվտանգության եւ պատասխանատվության (կամ՝ հաշվեհարդարի) չենթարկվելու որոշակի երաշխիքներ: Հայաստանում պատասխանատվությունից ազատվելու հարցը քննարկվում է իշխանության հանձնման պահանջների հետ մեկտեղ:
Հայաստանում իշխանափոխության անհնարինությունը պայմանավորված է ոչ միայն հարստանալու եւ կողոպտելու տենդով բռնկված իշխանությունների վարքագծով, այլեւ պատասխանատվութունից խուսափելու՝ նրանց մշտարթուն բնազդով: Հասարակության լայն շրջանակներում իշխանազրկվածների պատասխանատվության խնդիրը (ըստ հանրային ընկալման՝ հատուցումը), մնում է չլուծված: Եվ թեպետ Հայաստանը Ֆրանսիա չէ, սակայն այստեղ եւս օրինազանցության կամ հասարակության եւ պետության շահերի դեմ գործունեություն իրականացրած իշխանությունների հատուցման խնդիրը հասարակության եւ պետության առաջընթացի եւ զարգացման համար նույնքան կարեւոր է ու ցանկալի, որքան փարոսը՝ բաց եւ խավարչտին ծովում ուղղությունը կորցրած նավերի համար:
Այն կարեւոր է ու ցանկալի նույնիսկ Հայաստանում՝ իշխանափոխության անհնարինության եւ նորին գերազանցության ժամանակի անզորության այս պայմաններում անգամ:

1.
Հատուցումը
հաշվեհարդար չէ

Հայաստանի նորագույն շրջանի պատմության ընթացքում նախկին՝ կոմունիստական իշխանության քաղաքական պատասխանատվության հարցը 1990 թ. մայիսի 20-ի Գերագույն խորհրդի ընտրություններից հետո տեւական ժամանակահատված նոր իշխանությունների եւ հանրության լայն հատվածների համար քաղաքական օրակարգում առաջնահերթություն էր պահպանում: Սակայն ԳԽ նախագահի տեղակալի, ապա եւ՝ ՀՀ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրելով ՀԿԿ Կենտկոմի սոցիալ-տնտեսագիտական բաժնի վարիչ Գագիկ Հարությունյանի թեկնածությունը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի կամոք եւ ձեռամբ կոմունիստական կուսակցության քաղաքական պատասխանատվության հարցն աստիճանաբար դուրս մղվեց հասարակական-քաղաքական օրակարգից: Նորանկախ ժողովրդավարական պետության փոխնախագահի պաշտոնում առաջադրելով կոմկուսի ներկայացուցչին՝ Տեր-Պետրոսյանը փորձում էր դրանով լիցքաթափել ներքաղաքական լարվածությունը՝ փխրուն կայունությունը գերադասելով ՀՀՇ-ի եւ կոմկուսի քաղաքական հնարավոր դիմակայությունից: Կոմունիստական կուսակցության եւ նրա՝ տարբեր ժամանակների քաղաքական վերնախավի քաղաքական պատասխանատվության խնդիրը հետաձգվեց հետագա բարեհույս ժամանակների: Սակայն Հայաստանի համար այդ ժամանակներն այդպես էլ չեկան, մանավանդ որ իշխանազրկված կոմունիստներն արագորեն վերագտան իրենց դիրքերը՝ այլ կուսակցություններով տարածվելով Հայաստանի Հանրապետության երիտասարդ մարմնի մեջ:

Մինչդեռ Հայաստանի կոմունիստական կուսակցության 70-ամյա պատմության եւ գործունեության համար պատասխանատվությունը՝ հասարակական-քաղաքական հատուցումը, հնարավորություն կընձեռեր՝ 1. իրավացի գնահատական տալ Խորհրդային Հայաստանի պատմական դեմքերին եւ դեպքերին, 2. հետագայում խուսափել պատմական այդ ժամանակահատվածի սխալների կրկնությունից, 3. գնահատել եւ ընդգծել նաեւ ձեռքբերումները, 4. հանրության անդամների եւ իշխանությունների մոտ պատասխանատվության ենթարկվելու վարքագիծ եւ վերաբերմունք ձեւավորել, 5. հետագայում զերծ պահել Հայաստանի քաղաքները խորհրդային ժամանակների գործիչների հուշարձանների տեղադրման շքահանդեսից, 6. վերջապես փակել Հայաստանի խորհրդային պատմության այդ էջը եւ առաջ ընթանալ:

Այդ քաղաքական հատուցմանը պետք է հաջորդեր նաեւ խորհրդային ՊԱԿ-ի պահոցների գաղտնազերծումը, ինչը նախ հնարավորություն կտար ՊԱԿ-ի հետ համագործակցած անձանց պաշտպանել հնարավոր քաղաքական շանտաժից եւ ապա՝ Հանրապետության ձեւավորման առաջին մի քանի կարեւոր տարիներին զերծ պահել պետական համակարգը խորհրդային ժամանակների երեւույթներից եւ գործող անձանցից: Կոմկուսի գործունեության քաղաքական գնահատականը ենթադրում էր ոչ թե կախաղաններ Ազատության հրապարակում, այլ նոր ձեւավորվող հասարակությունն ու պետությունը զերծ պահել անցյալի մերժելի գաղափարախոսությունից եւ արժեքներից:
Հետագայում սկսվեց ղարաբաղյան պատերազմը, եւ կոմունիստների քաղաքական պատասխանատվության մասին Հայաստանում մոռացան գրեթե բոլորը:
1998 թ. փետրվարի 4-ին ետխորհրդային Հայաստանում «հայտնի ուժերի» պահանջով տեղի ունեցած Տեր-Պետրոսյանի հրաժարականից եւ իշխանափոխությունից հետո իշխանազրկված ՀՀՇ-ի գործունեության քաղաքական եւ իրավական պատասխանատվության պահանջով հադես եկավ ՀՀՇ-ի եւ Տեր-Պետրոսյանի քաղաքական հակառակորդ կուսակցությունը՝ ՀՅԴ-ը, որի գործունեությունը 1994 թ. դեկտեմբերին Տեր-Պետրոսյանի հրամանագրով կասեցվել էր: ՀՅԴ-ի պահանջին միացան Տեր-Պետրոսյանի քաղաքական ուղեգծին ընդդիմադիր այլ կուսակցություններ եւս, որոնք ՀՀ նախագահի արտահերթ ընտրություններում աջակցում էին Ռոբերտ Քոչարյանի թեկնածությանը: Սակայն Քոչարյանը չընդառաջեց այդ պահանջին, թեպետ երկրից վտարանդվեց Ներքին գործերի նախկին նախարար եւ Երեւանի քաղաքապետ, Լեւոն Տեր-Պետրոսյանի զինակից Վանո Սիրադեղյանը: Քոչարյանի այդ քայլը Հայաստանում շատերն ընդունեցին որպես քաղաքական կամ անձնական հաշվեհարդար: Դրանով փակվեց նաեւ պատասխանատվության խնդիրը արդեն նախկին իշխանությունների՝ ՀՀՇ-ի համար:
Իշխանությունների հասարակական, քաղաքական, իրավական հատուցման խնդիրը չլուծվեց, մանավանդ որ 1998 թ. ի վեր Հայաստանում ղարաբաղյան ծագմամբ քաղաքական առաջնորդների կառավարմամբ իշխանափոխության շղթան անորոշ ժամանակահատվածով փակվեց, թեպետ հանրային դժգոհությունները եւ մեղադրանքները չավարտվեցին, ինչպես նաեւ անմեղության կանխավարկածի խախտումները չդադարեցին: Քաղաքական, իրավական, հասարակական հատուցման նախադեպի բացակայությունը գործող իշխանություններին դուրս բերեց սեփական իշխանության անպատժելիութան, ամենաթողության եւ անպատասխանատվության խոտոր ճանապարհ: Իշխանությունների անպատասխանատվության եւ անպատժելիության հրավառությունը սուր ծծմբահոտ էր թողնում Հայաստանի քաղաքական երկնակամարում, ինչին աստիճանաբար վարժվում էր Հայաստանի քաղաքական օրգանիզմը: Հատուցման վախը նման էր մանկական ատրճանակի ճարճատյունի, երբ հասարակությունը գնդակ արձակող խրոխտ մանկան կեցվածք էր ընդունում, իսկ իշխանությունները՝ գնդակից վիրավորվածի կեցվածք:
ՀՀ իշխանություններն իրենք իրենց պատժելու վարքագիծ չէին դրսեւորել երբեւէ, իսկ իրական հատուցումն ուշանում էր: Հայաստանի հանրությունը չէր հստակեցրել ոչ միայն այդ հատուցման սկզբունքներն ու մեթոդները, այլեւ չէր հանգել հավաքական դիրքորոշման իշխանազրկված քաղաքական վերնախավի հանդեպ՝ ներողամտությո՞ւն ցուցաբերել, թե՞ հատուցում պահանջել: Հայաստանի հասարակությունը եւ իշխանությունները միմյանց հետ կապված էին եւ տարուբերվում էին ապագայի անորոշության հաստ պարանով, իսկ ներքեւում՝ հատուցման ծանր բառի տակ կքել էր Հայաստան անունով երկիրը:

2.
Ներողությունը
քաղաքական հասկացություն (կատեգորիա) չէ

1998 թ. փետրվարի 4-ին հրաժարական ներկայացնելիս Տեր-Պետրոսյանը նշեց. «Եթե արել եմ ինչ-որ լավ բան, չեմ ակնկալում որեւէ երախտագիտություն, չարածիս եւ սխալներիս համար հայցում եմ ձեր ներողամտությունը»: Այս տարվա հուլիսի 9-ին «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը մամլո ասուլիսի ժամանակ ներողություն խնդրեց «տարիների ընթացքում թույլ տված սխալների, բացթողումների եւ թերությունների համար»:

Հայաստանում ներողությունը աստիճանաբար արմատավորվում է որպես քաղաքական գործելակերպ, ձեւակերպվում որպես քաղաքական հասկացություն՝ կատեգորիա: Հայկական քաղաքական միջավայրում ներողությունն անվտանգ է եւ անցավ՝ այն նման է շուտասելուկի՝ արագ կասես եւ նույնքան արագ կմոռանաս: Հայաստանյան գործիչների համար ներողություն հայցելը նույնքան թեթեւասահ է, աննկատ եւ անցողիկ, որքան նրանց քաղաքական խոստումները: Թեպետ՝ ոչ բոլորի համար: Ռոբերտ Քոչարյանը, ի տարբերություն Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Արթուր Բաղդասարյանի, իսկական ղարաբաղցի տղամարդու նման հանրությունից ներում չհայցեց: Փոխարենը՝ ժամանակ առ ժամանակ հանդես էր գալիս Սերժ Սարգսյանի քաղաքական ուղեգծի կարծր քննադատությամբ. «Ապատիան, անելանելիության զգացումը, երկրի հեռանկարի նկատմամբ հավատի բացակայությունն այն աստիճանի են հասել, որ դառնում են մարդկանց վարքագծի եւ մոտիվացիայի վրա ազդող կայուն գործոն»: Քոչարյանը շրջանցում էր մարտի 1-ի արյունալի իրադարձությունների կապն այդ անելանելիության հետ:
Նորահայտ ընդդիմադիրների շուրթերով ինքը՝ ճշմարտությունն էր բարբառում: «Հայաստանում ձեւավորվել է միահեծան, առանց իրական հակակշիռների, միակուսակցական իշխանական համակարգ», «Հայաստանի տնտեսությունը շնչահեղձ է լինում. մենաշնորհային տնտեսությունն առաջընթաց տեմպերով զարգանում է` արդյունքում մի քանի հարուստներ էլ ավելի են հարստանում, աղքատներն էլ ավելի աղքատանում», «արտաքին քաղաքական ճակատում հայկական օրակարգը գնալով անընկալելի է դառնում»,-ներքին եւ արտաքին քաղաքականության սխալներն էր մատնանշում հին-նոր ընդդիմադիր Արթուր Բաղդասարյանը (https://www.1in.am/1373085.html):
Թեպետ Հայաստանում խցանված են եւ անանցանելի իշխանափոխության ճանապարհները, ինչպես Երեւանի փողոցները՝ հարատեւ ճանապարհաշինարարությունից, սակայն քաղաքական ընդդիմություն դառնալու ճանապարհներն անցանելի են եւ ազատ: Հայաստանի քաղաքական երթեւեկությունը եւ իշխանությունից-ընդդիմություն անցումն իրականացվում է ոչ թե ըստ քաղաքական երթեւեկության կանոնների (իմա՝ ընտրությունների), այլ ըստ գործող իշխանությունների բարեհաճության կամ քաղաքական գործիչների եւ կուսակցությունների պատեհապաշտության լուսացույցի: Եվ քանի որ Հայաստանի քաղաքական երթեւեկությունն ընթանում է ոչ թե լայնահուն երկար հիմնական մայրուղիներով, այլ ներս ընկած, փոքր ու կարճ փողոցներով, ըստ այդմ իշխանությունից-ընդդիմություն անցումը հնարավոր է ընդամենը մի քանի լայն քայլերից:

Արթուր Բաղդասարյանը Հայաստանի քաղաքական երթեւեկության ակտիվ հետիտոներից է. նա արդեն հասցրել էր մի քանի անգամ անցնել իշխանություն-ընդդիմություն նեղ փողոցը՝ թեկուզեւ հանրային ցածր վստահության պայմաններում ընդդիմադիր լինելն ավելի գերադասելի է, քան վարչապետի պաշտոնը պահանջելիս մերժում ստանալը: Ընդդիմության փողոցն անցնելը մասամբ արդարացված էր թվում. Հայաստանի հանրությունը ներողամիտ էր. եթե նա Տեր-Պետրոսյանին ներել էր 1995-1996թթ. կեղծված ընտրություններն ու դրանց հաջորդած բռնարարքները, ղարաբաղյան խնդրի կարգավորման փուլային տարբերակը, ապա իրեն էլ ժամանակի հետ կարող էր ներել նաեւ 2008 թ. հասարակական ընդվզման դավաճանությունը:

Ո՛չ Բաղդասարյանը, ո՛չ Քոչարյանը միայնակ չէին որպես նորահայտ ընդդիմադիրներ: Մղձավանջային երազում անգամ իրեն քաղաքական երթեւեկության ընդդիմության փողոցում չտեսնող ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ավելի հեռուն գնաց՝ իշխանության միջին օղակներին որակելով որպես «բորենիների իշխանություն»: Բոլոր իշխանությունների անսասան նեցուկը՝ ՍԴ նախագահը թույլատրված ազատության սահմաններում անողոք քննադատում էր ՀՀ կառավարման համակարգը, որին այնպես անմնացորդ ծառայում է:

Այս քաղաքական փաղանգում պատմական Երեւանը ավերած մայրաքաղաքի նախկին գլխավոր ճարտարապետ, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հպարտորեն կարող էր հայտարարել. «Մենք, նկատի ունեմ՝ բազմաթիվ մարդիկ, հսկայական գործ ենք արել Երեւանում վերջին 15 տարիների ընթացքում, եւ Երեւանը անճանաչելիորեն փոխվել է: ….Ցանկացած մեկը, որ գալիս է Երեւան, այդ աշխատանքի արդյունքը տեսնում է (https://www.ilur.am/ news/view/32224.html): Նարեկ Սարգսյանն անգամ ներում չէր ակնկալում, այլ մեծարանք էր պահանջում:

Հասարակական, քաղաքական, իրավական անպատասխանատվության եւ անպատժելիության այս հարահոսում Սերժ Սարգսյանը եւս կարող էր խորացող սոցիալական կեղեքումը, անօրինականությունը, կոռուպցիան, արտագաղթը, ձախողված արտաքին քաղաքականությունը, Հայաստանի նվազող ինքնիշխանությունը ներկայացնել որպես առաջընթաց եւ զարգացում:

Հայկական քաղաքական միջավայրում, ուր արժեզրկվել են բառերը, գաղափարները, արժեքները, սկզբունքները, խիղճը, պետականության եւ հասարակության հիմքերը խարխլող գործողություններն անգամ կարելի է ներբողել որպես քաղաքական վերելք:
Թեպետ հատուցումը հաշվեհարդար չէ, իսկ ներողությունը՝ քաղաքական կատեգորիա չէ, սակայն հարկ է, որ դրանք հանդես գան միասին: Պայմանով, որ ներողությունը չկասեցնի հատուցումը, իսկ հատուցումը նաեւ ներողամտություն պարունակի: Հայաստանում հատուցմանը բոլորն են սպասում, ոմանք՝ վախով, շատերը՝ հույսով:

«Առավոտ» օրաթերթ
24.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գալուստ Ենոքյան says:

    Հարգելի Նարինե, շնորհակալ եմ հետաքրքիր վերլուծության համար, ինձ համար գոնե ուսանելի այն շրջանի որին այդքան ծանոթ չեմ եղել… Գնալով համոզվում եմ որ եվ Ռուսաստանում եվ միուս ԱՊՀ երկրներում իրականում խխորհրդային կարգերի «կործանումը» իրականանում էր միեվնույն հիմնարկի կողմից որը 70 տարի ի վեր վերահսկում էր նույնիսկ թիթեռնիկների թռիչքը խորհրդային կայսրությունում…այն որ Ելցինը տրոլեյբուսով էր երթեվեկում, եվ կուսակցությունից դուրս եկավ իհարկե լավ կազմակերպված ներկայացում էր, ինչպես որ էր Հայաստանում Ղարաբաղյան կոմիտեն եվ ամբոխին ղեկավարելը «Լեվոն Նախագահ»…իհարկե կոմունիստները այդքան հեշտությամբ չեին հեռանալու…այն բոլոր քաղաքական սպանությունները որ տեղի ունեցան , «ազատագրված» Ռուսաստանում եվ Հայաստանում, միեվնույն հիմնարկի ձէռքռվ էր իհարկե…իհարկե ոչ թե Լեվոն Պետրոսյանն էր Գագիկ Հարությունյանին առաջադրողը, այլ եվ Պետրոսյանին եվ Հարությունյանին առաջադրողը Մոսկվաի Լուբյանկայի հիմնարկից էին…Միամիտ ժողովուրդը եվ Ռուսատանում եվ ….., նաեվ Հայաստանում այս քսանհինգ տարիներին արդարության է սպասում… եվ զուր չե որ այդ «արդարության» համար մինչեվ այսօր էլ պաոն Պետրոսյանը նայում է Մոսկվաի կողմը, որը ղեկավարվում է Լուբյանկան ներկայացնող Վլադիմիր Վլադիմիրովիչը…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031