Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանի կառավարությունը բազմազավակներին խաբե՞լ է

Հուլիս 25,2014 14:42

Մեր խմբագրություն էր դիմել Գյումրիի Վազգեն Սարգսյան 1-ին թաղամասի 94/3 հասցեի բնակչուհի, 9 երեխաների մայր Լիլիթ Խաչատրյանը` բողոքելով, որ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունը «ծաղրում է» բազմազավակներին: Վերջինիս ներկայացմամբ՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք որոշվել էր 9 ու ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների համար բնակարաններ գնել, պայմանը հետեւյալն էր. ընտանիքի անդամները պետք է գտնեին համապատասխան բնակարանը, մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից պիտի գային, հավանության արժանացնեին, կոպիտ ասած՝ դաբրո տային այդ բնակարանը գնելու համար, այնուհետեւ պետությունը բանկային համակարգի միջոցով պիտի փոխանցեր բնակարանի գումարը տանտիրոջը: «Մենք մեր համար հանգիստ ապրում էինք, մեկ էլ մի օր զանգահարում են Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, թե՝ բազմազավակությունը խրախուսելու նպատակով կառավարությունը որոշել է ձեզ բնակարաններ գնել: Ճիշտն ասած՝ ես չհավատացի ու մարզպետարան գնալով` հենց այնտեղ էլ ասացի, որ չեմ հավատում մի լավ բան էս պետությունից: Էնտեղ ինձ հորդորեցին, թե՝ հավատա, լավ կլինի, կտեսնեք:

Ամուսինս արտագնա աշխատանքի էր մեկնել ՌԴ, նրա ստորագրությունն էլ պիտի լիներ, առքուվաճառքի համար լիազորագիր էր պետք: Նրան խաբար արեցինք, բայց Մոսկվայում նոտարական ծառայություններում խնդիրներ էին ծագել՝ մենք ուղարկել էինք փաստաթղթերի պատճենահանված տարբերակները, այնտեղ օրիգինալ տարբերակերն էին պահանջել: Մի խոսքով՝ ինքը տոմս գնեց, աշխատանքից կտրվեց, եկավ Գյումրի, որ այդ փաստաթղթային հարցերը լուծեր: Բոլորս մարզպետարանի քաղաքաշինության վարչություն գնացինք, բոլոր պայմանագրերը ստորագրեցինք, մնացել էր միայն մարզպետի կնիքը խփեին: 10 օր շարունակ բնակարան փնտրեցինք, վերջը գտանք մի 5 սենյականոց, պետությունը մեզ պիտի փոխանցեր 12 միլիոն 930 հազար դրամ: Այս բնակարանի տերը նույնպես Ռուսաստանի Դաշնությունում էր, մինչեւ մենք նրան կզանգեինք, թե՝ արի տունդ վաճառի մեզ, Շիրակի մարզպետարանից զանգ ստացանք, թե էլ մի եկեք` վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր մոտ է հրավիրել բոլոր մարզպետներին եւ ասել, որ ծրագիրը անորոշ ժամանակով հետաձգվում է: Երբ վարչապետը փոխվեց, ես Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության պաշտոնյաներին հարցրեցի` կարո՞ղ է չլինի մեր բնակարանը, կարո՞ղ է Հովիկ Աբրահամյանը անտեսի Տիգրան Սարգսյանի որոշումը, այստեղից ինձ պատասխանեցին` դա ի՞նչ կապ ունի…»,- պատմեց Լիլիթ Խաչատրյանը:
Նրա ասելով՝ իր բազմազավակ ընտանիքին օգնելու փոխարեն՝ նյութական բավական վնաս են պատճառել. ամուսնուն` Եղիշե Խաչատրյանին, գործից կտրելով բերել են Հայաստան, որը 10 օր շարունակ վազքի մեջ է եղել համապատասխան բնակարան գտնելու համար:

«Եթե չպիտի էդ ծրագիրը անեիք, ո՞վ խնդրեց մեզ ոտքի հանել, ստացվեց, որ բազմազավակ ընտանիքի 1 ամսվա հացը կտրեցիք, ամուսինս աշխատանքից կտրվեց եւ տոմս գնեց, ո՞վ էր ձեզ խնդրել, 10 օր վազել ենք, մեկ՝ բրոքերների դռներն ենք ընկել, մեկ՝ նոտարների. վերջնական պարզեիք, նոր կանչեիք ամուսնուս Մոսկվայից: Ես 9 երեխա ունեմ` 4 աղջիկ, 5 տղա, որից մեկն էլ հաշմանդամ է, բայց մինչ օրս բազմազավակ ընտանիքին միակ օգնությունը եղել է մարտի 8-ին մարզպետի հրամանով հատկացված 30 հազար դրամը: Էսպես եք, հա՞, խրախուսում բազմազավակությունը, հետո էլ ազգի դեմոգրաֆիկ անկումից եք խոսում: Փաստորեն ստացվեց, որ մեկ ուրախացրին մեզ, մեկ էլ վրեքս խնդացին»,- նեղվեց Լիլիթ Խաչատրյանը: Նրա տվյալներով՝ 24 այդպիսի ընտանիքներ կան ամբողջ հանրապետությունում, որից 6-ը մեր մարզում են բնակվում: Լիլիթ Խաչատրյանի պատմելով՝ 4 ընտանիքներով գնացել են մարզպետարան՝ բողոքելու, սակայն այստեղից ասել են, թե բողոքելը ձեր իրավունքն է, բայց վիճակը սա է:

«Առավոտ»-ը Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանից հետաքրքրվեց, թե կառավարությունը փոխե՞լ է իր որոշումը, թե՞ ժամանակավորապես հետաձգել է այս ծրագրի իրականացումը: «Դադարեցրել է այդ ընտանիքների համար բնակարանների ձեռք բերման համար աջակցությունը, ընդ որում՝ գումարները բավականին մեծ էին. Գյումրի քաղաքում յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվելու էր 14 միլիոն դրամ գումար, գյուղական բնակավայրերում՝ 6 միլիոն դրամ գումար: Խոսքը 9-ը եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների մասին էր: Այդ գումարների կասեցումը ինձ թվում է՝ ժամանակավոր է, որովհետեւ խնդիր էր դրված բազմանդամ ընտանիքներին օգնություն ցուցաբերելու, ընդ որում՝ գիտենալով հանդերձ, որ այդ ընտանիքն ունի մեկ 4 սենյականոց բնակարան, մենք հաշվում էինք, որ մի հատ էլ 4 սենյականոց է պետք: Այդ 4 սենյականոցի համար էր գումար տրամադրվելու, եւ համապատասխան գումարը պահուստային ֆոնդից էր տրամադրված: Հույս ունեմ, որ այս ընտանիքների հարցը կլուծվի հաջորդ հրատապ ծրագրի ժամանակ»,- ասաց պաշտոնյան:
Նշենք, սակայն, որ կառավարությունը ժամանակավորապես դադարեցրել է բոլոր մարզերին պահուստային ֆոնդից տրամադրվող գումարները, օրինակ` Շիրակի մարզի 660 միլիոն դրամը չի տրամադրել, որով պիտի լուծեին գյուղական համայնքների ջրամատակարարման, մշակութային օբյեկտների վերանորոգման, կտուրների եւ այլնի հարցերը: Թե ո՞րն է պատճառը՝ ոչ ոք հստակ չգիտի, ենթադրվում է, որ կրճատված գումարներով որոշակի օգնություն է ցուցաբերվելու կարկտահարված համայնքներին:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031