Լրահոս
Օրվա լրահոսը

«Պուտինն առաջին անգամ ճշմարտությունն ասաց»

Հուլիս 25,2014 14:52
Igityan

ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ միակ ուժը,
որը շանս ունի Հայաստանում իշխանափոխություն անելու, Ռուսաստանն է

«Հստակ է, որ Եվրասիական միության հիմնադիր անդամների կողմից Հայաստանի առջեւ կտրուկ պայման է դրվել՝ մաքսակետեր տեղադրել հայ-ղարաբաղյան սահմանի ողջ երկայնքով: Հայաստանի իշխանություններն, ըստ այդմ, կանգնած են այդ պայմանը կատարելու կամ չկատարելու երկընտրանքի առջեւ` հարկադրված լինելով ծանրութեթեւ անել իրենց այս կամ այն որոշման լրջագույն հետեւանքները, որոնք կանխատեսելը մեծ երեւակայություն չի պահանջում»,- իր վերջին հարցազրույցում ասել էր ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության ձգձգումը դիտարկելով քաղաքական դաշտում: «Առավոտի» հարցին՝ արդյոք հարցը զուտ քաղաքակա՞ն համատեքստում է եւ կախված է ՀՀ իշխանության որոշումի՞ց, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանն ասաց, որ չէր ցանկանա հարցը դիտարկել Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի կտրվածքով, քանի որ ինքը վաղուց է խոսում այդ խնդիրների մասին, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջին անգամ է փորձում վերլուծել: Նաեւ, Հովհաննես Իգիթյանի կարծիքով, Տեր-Պետրոսյանի ղեկավարած կուսակցությունը կողմնակից է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցությանը, ու հավանաբար ափսոսանքով են նայում նրան, որ Հայաստանը դեռ այդ միության անդամ չէ:

Մինչդեռ ինքը՝ Հովհաննես Իգիթյանը, կտրականապես դեմ է Հայաստանի անդամակցությանն այդ կառույցին: «Որեւէ մեկը կարող է քաղաքական համարել խնդիրը, բայց ես այն դիտարկում եմ զուտ տնտեսական տեսանկյունից՝ Հայաստանն իր մոդելով չի տեղավորվում ԵՏՄ սահմաններում եւ այստեղից բխող մաքսային բոլոր պարտավորություններում»,- ասաց մեր զրուցակիցը՝ զարմանք արտահայտելով այն առումով, որ շատ քաղաքական գործիչներ չեն հետեւում քաղաքական իրավիճակի փոփոխությանը. «Հիշեք սեպտեմբերի 2-3-ը, այդ ժամանակվա քաղաքական իրավիճակը եւ դրդապատճառները, որոնք ստիպեցին Սերժ Սարգսյանին գնալ Մոսկվա եւ կտրականապես փոխել Հայաստանի քաղաքական կուրսը: Արեւելյան գործընկերության չորս երկրներ Վիլնյուսում պատրաստվում էին ստորագրել ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, իսկ Հայաստանը՝ նաեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը: Ռուսաստանի ամբողջ ուղղվածությունը Ուկրաինայի դեմ էր, իսկ Հայաստանն օգտագործվում էր որպես մի փոքր գործիք՝ Ուկրաինային ճնշելու, նաեւ՝ Վիլնյուսի գագաթնաժողովը տապալելու համար: Հիմա Ուկրաինայի խնդիր չկա: Պարզ է, որ Ուկրաինան այլեւս երբեք չի գնա ռուսական որեւէ ալյանսի, Ռուսաստանը կորցրեց Ուկրաինային, ինձ թվում է՝ հավերժ: Այս հարցը չկա, կարծես վերացավ նաեւ Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցության կարիքը: Մենք դա տեսանք եւ Աստանայում, եւ ամեն օր ենք տեսնում: Հայաստանին այնտեղ չեն ուզում եւ չեն սպասում: Ինչքան էլ ՀՀԿ-ականները մի քանի ամիս խոսեն, որ ՄՄ-ն Հայաստանի համար զարգացման միջոց է՝ մեզ այնտեղ չեն սպասում»:

Ի դեպ, մեր զրուցակիցը մի հետաքրքիր փոփոխություն էլ է նկատել: Այն, որ ՀՀԿ-ականները, անգամ եվրոպամետ, անգամ որոշ ընդդիմադիր գործիչներ, Սերժ Սարգսյանի քաղաքական որոշումից հետո լծվեցին գոյություն չունեցող կառույցի՝ ՄՄ-ին գովերգելու գործին, ըստ նրա, Հայաստանի համար բացասական ազդեցություն ունեցավ. «Եթե նախկինում մենք գոնե կարող էինք ինչ-որ արտոնություններ ակնկալել, որոշակի ապրանքատեսակների մասով մաքսատուրքերի բացառություններ պահանջել, հիմա մեզ են պայման թելադրում՝ ասելով՝ եթե ուզում եք ՄՄ մտնել, եթե դա ձեզ է պետք, ապա մաքսակետ դրեք ԼՂՀ-ի հետ»:

«Առավոտի» հարցին՝ դեռ որքա՞ն է տեւելու ԵՏՄ անդամության ձգձգումը, քանի որ ՀՀ ամենաբարձրաստիճան պաշտոնյաները անընդհատ տարբեր ժամկետներ են հայտարարում, մեր զրուցակիցը նկատեց, որ ներկայիս «օդից կախված» իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանը, վտանգավոր է համարում ոչ միայն քաղաքականապես, այլ նաեւ տնտեսապես: «Իմ գործունեության մեջ ես առնչվում եմ խոշոր ներդրող ընկերությունների հետ ու մի բան հստակ կարող եմ ասել՝ նրանք երբեք մոտ չեն գնա այն երկրին, որտեղ անորոշություն կա: Նրանք ավելի հաճույքով կգնան մի երկիր, որը թեկուզ վատ ալյանսի անդամ է, բայց որոշակի կայունություն ունի: Հայաստանն անորոշ վիճակում է: Այո: Ե՞րբ է ստորագրվելու այդ փաստաթուղթը՝ աշնա՞նը, մյուս տարի՞, թե՞ ընդհանրապես չենք մտնի այդ միություն: Սա լուրջ խնդիր է առաջացնում ոչ միայն դրսի ներդրողների, այլ նաեւ տեղական բիզնեսի համար. ի՞նչ պետք է անեն այդ մարդիկ, ի՞նչ պայմաններով են աշխատելու, բիզնես-աշխարհը չի կարող չիմանալ, թե վեց ամիս հետո ինքն ինչպե՞ս պետք է աշխատի»: Բացի տնտեսական մասից՝ Հովհաննես Իգիթյանը կարեւոր է համարում նաեւ հարցի քաղաքական մասը. անցած ութ ամիսների ընթացքում աշխարհաքաղաքական իրավիճակ է փոխվել, աշխարհը բեւեռացվել է, հակառուսական տրամադրություններն են մեծացել, ու ՌԴ-ի նկատմամբ սկսվում է պատժամիջոցների երրորդ փուլը՝ ճյուղային պատժամիջոցներ, որոնք վերաբերում են նաեւ բանկերին: Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ Ռուսաստանն, իբրեւ մեծ երկիր, հնարավոր է՝ կարողանա սահուն հաղթահարել այդ իրավիճակը, մանավանդ, որ ժողովրդի մեծամասնությունն առանց այդ էլ լավ չի ապրում: Բայց, միաժամանակ, նա նկատում է, որ ռուսական խոշոր ընկերությունները նաեւ Հայաստանում մասնաճյուղեր ունեն, ու այդ ընկերությունների հայաստանցի գործընկերների համար ցավալի հետեւանքների կարող են բերել: «Մենք չպետք է անտեսենք այն, որ հակառուսական ողջ մթնոլորտը, հատկապես վերջին իրադարձություններից՝ մալայզիական «Բոինգի» կործանումից հետո, կարող է տարածվել նաեւ Հայաստանի վրա թե տնտեսական, թե քաղաքական իմաստներով: Դա շատ ցավոտ կարող է լինել Հայաստանի առաջիկա արտաքին քաղաքական զարգացումների համար»,- կարծում է Հովհաննես Իգիթյանը:

Նախօրեին տեղի ունեցած Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն, ըստ էության, սենսացիոն հայտարարություն է արել` ասելով, որ Ռուսաստանի սուվերենության գրավականն այն է, որ նա ոչ մի ալյանսի մեջ չկա: Պուտինն ասել է, որ ալյանսի մեջ մտնելով` պետությունները հաճախ կորցնում են ինքնիշխանության մի մասը, զիջում են այն, եւ շատ հաճախ պատահում է, որ զիջում են ոչ պետական շահերին համահունչ: Հովհաննես Իգիթյանից հետաքրքրվեցինք՝ սա ԵՏՄ-ի եւ ՄՄ-ի գաղափարներից հրաժարվե՞լ է նշանակում, եւ ի՞նչ ճակատագիր է սպասվում ԱՊՀ-ին եւ ՀԱՊԿ-ին: «Պուտինը կամ իր շրջապատը հավանաբար դեռ պարզաբանումներ կտան, բայց իմ առաջին տպավորությունն այն է, որ Պուտինը չի համարում ԵՏՄ-ն, ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն ալյանսներ, որտեղ մտել է ՌԴ-ն: ՌԴ-ն գտնում է, որ այս ալյանսների տերն ինքն է, ու մյուսներն են մտնում իր մոտ: Պուտինը խոսում է ինքնուրույնության մասին, եւ իսկապես՝ եթե դիտարկենք այն խոշոր պետությունները, որոնք ՌԴ-ի հետ այդ ալյանսների մեջ են, ավելի պակաս հավասար են, քան ՌԴ-ն: Թելադրողը ՌԴ-ն է: Կարծում եմ՝ սրանից է բխում այն հանգամանքը, որ Պուտինը չի համարում, թե ինքն ինքնուրույնություն է կորցնում: Հավանաբար, մտահոգված լինելով ՌԴ-ի նկատմամբ կիրառվող սանկցիաներից՝ Պուտինն առաջին անգամ ճշմարտությունն ասաց՝ ինքն ուղղակի իր տակ հավաքում է երկրներ, որտեղ ինքն է տիրում»:

Իրենց ռուսասիրությամբ եւ ռուսամետությամբ հանդերձ՝ ՀՀ իշխանություններն առաջին անգամ պաշտոնապես բարձրաձայնեցին ՌԴ-ի կողմից Ադրբեջանին սպառազինելու վտանգի մասին: Մոտ երկու շաբաթ առաջ արգենտինական Clarin թերթի հետ զրույցում նախագահ Սերժ Սարգսյանը իր հրապարակային մտահոգությունը հայտնեց Ռուսաստանի կողմից Ադրբեջանին հարձակողական բնույթի զինտեխնիկայի վաճառքի կապակցությամբ: «Մեզ համար դա շատ ցավոտ թեմա է, եւ մեր ժողովուրդը շատ է մտահոգվում, որ մեր ռազմավարական գործընկերը զենք է վաճառում Ադրբեջանին»,- մասնավորապես, ասել էր Հայաստանի նախագահը: Սա պորտալարդ Ռուսաստանից կտրելու փո՞րձ է, թե՞ Ադրբեջանի սպառազինումն արդեն մեզ համար վտանգավոր չափերի է հասել՝ մեր հարցին Հովհաննես Իգիթյանն ասաց, որ մի կողմից՝ ինքը ճիշտ է համարում, որ նախագահը բարձրաձայն խոսել է այդ մասին, մանավանդ, որ վստահ է՝ այդպես էլ մտածում է. «Զենքի ուժը ինքը հաստատ պատկերացնում է եւ ծավալների մասին էլ տեղեկություններ ունի»: Մյուս կողմից՝ մեր տարածաշրջանից հեռու մի երկրում Սերժ Սարգսյանն անում է մի հայտարարություն, որին ոչինչ չի հետեւում: «Նույնիսկ Պուտինի ամենացածր մակարդակի խորհրդականները, որոնք սովորաբար սիրում են Հայաստանի մասին խոսել, լռում են: Կարո՞ղ է չեն լսել, թե՞ արդեն մեզ բանի տեղ չեն դնում: Սխալ է, որ արձագանք չկա: Ապա՝ այդպիսի հայտարարություններ սկզբում անում է ոչ թե նախագահը, այլ ԱԳՆ-ն. կանչում են դեսպանին, անհամաձայնություն են հայտնում, նոտա են ուղարկում, ՊՆ-ն սպառազինության դիզբալանսի մասին հայտարարություն է անում, դիվանագետները միջազգային կազմակերպություններում են խոսում ռազմական դիզբալանսի մասին, ըմբոստություններ են լինում, պառլամենտում են հայտարարություններ հնչում՝ հենց Սերժ Սարգսյանի կուսակիցների կողմից, հետո նոր Սերժ Սարգսյանը գնում է Պուտինի մոտ եւ տեղեկացնում, որ իր երկրում ըմբոստություններ ու դժգոհություններ կան, եւ լավ չէ, որ ՌԴ-ն սպառազինում է Ադրբեջանին: Բայց հիմա ստացվում է, որ իշխանությունները երկու տարի ոչ միայն արդարացնում էին ՌԴ-ին, որոշ դեպքերում նաեւ գովաբանում՝ ճիշտ է անում, մեր գործընկերն է, փող է աշխատում, ու հանկարծ Սերժ Սարգսյանն Արգենտինայում հայտարարություն է անում: Բա Պուտինը չի՞ ասի՝ բոլորը գոհ են, միայն դո՞ւ ես դժգոհ: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ՌԴ-ում հավանաբար միայն զարմանք է առաջացրել, դրա համար երեւի չեն պատասխանում»,- ասում է Հովհաննես Իգիթյանը՝ հավելելով, որ նախագահի նման հայտարարությանը պետք է քայլեր հետեւեին, որոնք ինքը նույնպես չի տեսնում:

Վերջին շրջանում հաճախ է խոսվում արտահերթ նախագահական ընտրությունների հավանականության մասին: Նման իրավիճակ տեսնո՞ւմ եք՝ հարցին էլ ՀՀՇ վարչության անդամն ասաց, որ չի կարծում, թե քաղաքական ուժերին կհաջողվի ոտքի հանել ժողովրդին՝ նկատի ունենալով վերջին սոցիալական լարվածությունները: «Ժողովուրդը դժգոհ է, բայց իմ կարծիքով՝ այս քաղաքական ուժերի ետեւից չի գնալու, որովհետեւ բազմիցս գնացել է. գոնե 2008-ին՝ ավելի մեծ քանակով, ռիսկով ու եռանդով, ու ոչինչ չի տեսել: Հիասթափությունը մեծ է, մինչեւ հիմա կա»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ քաղաքացիական շարժումները Հայաստանում ավելի մեծ կշիռ ունեն, բայց նրանք էլ լուծում են մասնավոր խնդիրներ, ոչ թե գլոբալ: Հետեւաբար միակ ուժը, որը շանս ունի Հայասանում իշխանափոխություն անելու, Ռուսաստանն է. «Եթե ՌԴ-ն որոշի, որ Սերժ Սարգսյանն արդեն իրեն պետք չէ, ապա ՌԴ-ն կարող է իշխանափոխություն անել: Ուղղակի ՌԴ-ի ուշադրությունը հիմա ուղղված է դեպի աշխարհն ու Ուկրաինան: Ի՞նչ կլինի աշնանը՝ ես չգիտեմ: Եվ կարծեմ, Հայաստանը ՌԴ-ին որեւէ անախորժություն չի պատճառում՝ անգամ Արգենտինայում Սերժ Սարգսյանի արած հայտարարությամբ: Ինչ ՌԴ-ն ցանկացել է այստեղ, այդպես էլ արվել է»:

Իսկ ի՞նչ անեն Հայաստանի իշխանությունները, կրկին Եվրոպայի գի՞րկն ընկնեն՝ «Առավոտի» հարցին Հովհաննես Իգիթյանն ասաց, որ կառավարության անդամները ոչ պաշտոնական զրույցներում խոստովանում են, որ Հայաստանը չի կարող լինել ՄՄ-ում, ու միակ փաստարկն այն, է, որ եթե մեկ տարի առաջ Հայաստանը չհամաձայնվեր, ԼՂՀ-ին ու Հայաստանին Ուկրաինայի օրը կգցեին. «Եթե այսօր այդ վտանգը չկա, ժամանակն է, որ ՀՀ իշխանությունները տնտեսական բանաձեւ ներկայացնեն, որպեսզի բոլորին, այդ թվում նաեւ ՌԴ-ին հասկանալի լինի, որ Հայաստանին ձեռնտու չէ ՄՄ-ում լինել, առավել եւս, որ այդ միության անդամները Չինաստանից, Հնդկաստանից, Թուրքիայից են խոսում, եւ Հայաստանն իրենց չի հետաքրքրում»: Հովհաննես Իգիթյանը գտնում է, որ արտաքին քաղաքականության մեջ էլ հստակեցումներ պետք է մտցնել, թեկուզեւ զգուշավոր, որպեսզի գերտերությունների «ոտքերի տակ չընկնենք», բայց բոլորը հասկանան, որ լինելով փոքր պետություն՝ դու ունես քո պատկերացումները, ու չփորձեն քո փոքրությունն ու թուլությունն օգտագործել քեզ թելադրելու համար: «Նաեւ ԼՂՀ-ի հետ կապված, կարծում եմ՝ ժամանակն է, որ Հայաստանը կարճ, կոնկրետ, հասկանալի, ԼՂՀ-ի համար ընդունելի բանաձեւ ունենա եւ այն առաջ տանի: Հստակությունը կարեւոր է»,- ասաց Հովհաննես Իգիթյանը՝ նկատելով, որ աշխարհում փոքր երկրներ կան, որոնք կարողանում են իրենց սկզբունքային դիրքորոշումն առաջ տանել:

Զրույցը՝
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
24.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031