Լրահոս
Օրվա լրահոսը

Մեսրոպագիր. Համաժողովրդական քննարկման իմիտացիա

Հուլիս 25,2014 15:00

Սովետը վերադառնո՞ւմ է

Էս վերջերս ինձ թվում է, թե հիմա ոչ թե 2014 թվականն է, այլ 1977, ես էլ ժողտնտեսության ինստիտուտի ուսանող եմ, եւ մեզ տարել են հերթական ժողովի, որտեղ կուսակցական ագիտատորների եւ պրոպագանդիստների հետ քննարկվում է ԽՍՀՄ նոր Սահմանադրության նախագիծը:

Մոտավորապես այս տպավորությունն եմ ստանում, երբ կարդում եմ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի մարզային այցելությունների մասին հաղորդագրությունները: Նա իր թիմով մեկ՝ Գավառի համալսարանում է, մեկ՝ Գյումրիում, մեկ էլ՝ եսիմ որտեղ եւ… այո, այո, համաժողովրդական բուռն քննարկումների պատրանք է ստեղծում, ինչպես դա արվում էր հիշատակածս 1977 թվականին:

Իմ սերնդին հիշեցնեմ, իսկ նոր սերնդի համար էլ ներկայացնեմ, թե ինչպես էին ԽՍՀՄ-ում քննարկվում եւ ընդունվում օրենքները կամ նույն Սահմանադրությունը: Ուրեմն, Գերագույն Սովետ ներկայացվող օրենքի նախագծում աշխատանքային խումբը պարտադիր թողնում էր մի քանի շտկելու հարցեր: Հետո նույն խումբը պատրաստում էր որեւէ դեպուտատ բանվորի, կթվորուհու կամ մտավորականի ելույթի տեքստը՝ օրենքի այս կամ այն բացը շտկելու առաջարկություններով: Գերագույն Սովետի տվյալ դեպուտատը նիստի ժամանակ սահուն ընթերցում էր այդ տեքստը, իսկ հեղինակները հետո ընդունում էին նրա առաջարկությունը եւ կատարում համապատասխան փոփոխությունները: Ստացվում էր, որ ժողովուրդը մասնակցեց օրենքի կատարելագործմանը:

Նույն կերպ նաեւ Սահմանադրությունը: 1977 թվականին նախագիծը քննարկման էր դրված, եւ բանվորները, գյուղացիները, մտավորականները, ուսանողները ժողովներում բուռն կերպով քննարկում եւ միահամուռ հավանություն էին տալիս «կուսակցության եւ ժողովրդի միասնականությունը ամրապնդող» փաստաթղթին, որը մշակվել էր «միջազգային կոմունիստական եւ բանվորական շարժման առաջնորդ, ՍՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար, ՍՍՀՄ Գերագույն Սովետի նախագահության նախագահ թանկագիր ընկեր Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւի գլխավորությամբ»:

Էդ ժողովներում էլ նախապատրաստված ելույթ ունեցողները առաջարկություններ էին անում… Մի խոսքով՝ բուռն քննարկումների պատրանք, հետո հաշվետվություններ, թե ինչքան առաջարկություններ է արել ժողովուրդը…

Հիմա ըստ էության նախկին կուսակցական ֆունկցիոներները նույնն ուզում են անել Հայաստանում, եւ Գագիկ Հարությունյանը բոխչեն կապել ու ընկել է դռնեդուռ, հավաքում է մի տեղ՝ ուսանողների, մի այլ տեղ՝ պետական հաստատությունների աշխատողներին (հավատում եք, չէ՞, որ բոլորը կամավոր են գալիս այդ հանդիպումներին, մարզպետները, քաղաքապետներն ու հիմնարկների ղեկավարները նրանց չեն պարտադրում՝ գլխաքանակ ապահովելու ակնհայտ մտադրությամբ) ու բացատրում է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը…

Հայ, սովետ, հայ կյանք, հայ «նոստալժի…»:

Հասկանում եմ, որ կարոտախտը հանգիստ չի տալիս Սերժ Սարգսյանին եւ Գագիկ Հարությունյանին, եւ նրանք ինտենսիվ կերպով ցանկանում են վերականգնել սովետական «փայլուն» ավանդույթները, բայց դե, մոռանում են, որ սովետը փլվել է վաղուց, որ նոր սերունդ է մեծացել…

Բայց ի՞նչ անեն, երկուսն էլ կոմունիստական ֆունկցիոներ են եղել, երկուսն էլ լավ գիտեն «համաժողովրդական քննարկումների» իմիտացիայի ձեւերը, երկուսն էլ այլ գործելակերպ չգիտեն: Դե, իսկ Գագիկ Հարությունյանի համար ուղղակի դրախտային կյանք է, վերջապես կարող է ժամերով խոսել, խոսել, խոսել՝ թարմ ականջներ՝ ինչքան ուզես… Սակայն մի բան էլ հաշվի չեն առել. ախր, էդ մարդիկ, որոնց զոռով ժողովի են բերում, հազարումի հոգս ունեն, նաեւ հոգնած են այդ հոգսերից եւ թքած ունեն ձեր ժողովների ու ելույթների վրա եւ բնավ էլ թարմ ականջավորներ չեն:

Հենց դա նկատի ունենալով՝ խորհուրդ կտամ Գագիկ Հարությունյանին այսուհետեւ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի «քննարկման» այդ հանդիպումները կազմակերպել կեսօրվա ճաշի ընդմիջումից հետո, անպայման մթնեցված դահլիճում, եւ լույսը թող ընկնի միայն բեմի եւ ամբիոնի վրա… Մինչ ինքը իր երկու կամ չորս ժամանոց դասախոսությունն է կարդում, մարդիկ մի օր հետճաշյա քուն կվայելեն, ու Գագիկ Հարությունյանի եւ իր թիմի այցերից գոնե մի օգուտ կմնա, թե չէ՝ Սահմանադրության փոփոխություն, կոնցեպցիա… Վայ, ներեցեք՝ հայեցակարգ… Համաժողովրդական քննարկում… Զը՜րթ…

ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031