Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհն ու Պուտինը, Պուտինն ու Հայաստանը

Հուլիս 25,2014 12:15

Հայաստանը ձգտում է օր առաջ անդամակցել մի կառույցի,
որի նախաձեռնող երկրին մեկուսացնում են քաղաքակիրթ աշխարհից

Արեւմուտքը Ուկրաինայի արեւելքում գործող զինյալներին արդեն սպառնալիք է համարում ոչ միայն Ուկրաինայի, այլեւ միջազգային հանրության համար:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օրերս հայտարարեց, որ Ռուսաստանը եթե չփոխի Ուկրաինայի հանդեպ իր դիրքորոշումը, եթե խախտի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու աջակցի անջատողականներին, ապա նա միայն կշարունակի միջազգային հետագա մեկուսացման ուղին. «Այդ դեպքում Ռուսաստանը հարկադրված կլինի իր պահվածքի համար վճարել ավելի ու ավելի մեծ գին: Ներկայումս նախագահ Պուտինի եւ ողջ Ռուսաստանի համար վրա է հասել ներկայիս ռազմավարությունից հրաժարվելու եւ Ուկրաինայի հակամարտության կարգավորմամբ զբաղվելու ժամանակը»: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնն էլ հավելեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կանգնած է ընտրության առջեւ, եւ եթե նա արմատականորեն չփոխի Ուկրաինայի հարցում իր մոտեցումը, ապա Արեւմուտքը պետք է արմատականորեն փոխի իր մոտեցումը Ռուսաստանի հանդեպ:

Հուլիսի 22-ին Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատեց «Մասնակի զորահավաքի մասին» նախագահի հրամանը: Մասնակի զորահավաքի մասին որոշում ընդունելը պայմանավորված է Ուկրաինայի տարածքում ահաբեկչական երեւույթների տարածմամբ, որոնք հանգեցնում են խաղաղ բնակչության, զինծառայողների ու իրավապահների կործանմանը:

Մալայզիական օդանավի կործանումը, կարծես, իրական Ռուսաստանի մասին պատկերացումներն ավելի ցայտուն դարձրեց: Աշխարհի հեղինակավոր պարբերականներում Պուտինի ղեկավարման սպառնալիքների մասին առաջնորդողներ են տպագրվում: Համացանցը հեղեղված է օդանավի կործանման մասին ՌԴ-ին ուղղված մեղադրանքներով, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հրապարակել է գաղտնալսված խոսակցություններ ահաբեկիչների եւ նրանց՝ ռուսաստանյան հովանավորների միջեւ, որոնք փաստում են, որ ռուսները որոշակի առնչություն ունեն կատարվածի հետ:

Որ Ռուսաստանն է ղեկավարում Ուկրաինայի անջատողականներին՝ դրանում որեւէ մեկը չի կասկածում: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օրերս նշեց, որ մալայզիական ինքնաթիռը խփել են տարածքից, որը վերահսկվում է ուկրաինացի աշխարհազորայինների կողմից, իսկ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հավելեց, որ ամերիկյան կողմը անհերքելի ապացույցներ ունի, որ մալայզիական ինքնաթիռի ուղղությամբ հրթիռն արձակվել է անջատողականների կողմից վերահսկվող տարածքից:

Մալայզիական ինքնաթիռի կործանումը ունեցավ նշանակալի հետեւանքներ Ռուսաստանի համար: ԵՄ առաջնորդները ընդլայնեցին ՌԴ-ի հանդեպ պատժամիջոցները: Ռուսական այն ընկերությունները, որոնք ինչ-որ կերպ աջակցել են Կրեմլին Ուկրաինայի պատերազմում, ներառվեցին «սեւ ցուցակում», այն պետք է հրապարակվի հուլիսի վերջին: ԵՄ երկրների ղեկավարները հնարավոր են համարում, որ պատժամիջոցները վերաբերեն նաեւ անհատների, ովքեր ակտիվորեն ֆինանսական աջակցություն են ցուցաբերել: Ներդրումային ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկերը ՌԴ-ում կփակեն նոր ծրագրերը, կհետաձգվի նաեւ Եվրոպական հանձնաժողովի 450 միլիոն եվրո վարկը, որ պետք է տրամադրվեր ՌԴ-ին:

Միացյալ Նահանգների կողմից քայլերն ավելի կտրուկ էին: ԱՄՆ-ը սառեցրեց Կրեմլի բարձրաստիճան խորհրդական Իգոր Շչեգոլեւի եւ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության օպերատիվ տեղեկատվության եւ միջազգային կապերի բաժնի ղեկավար Սերգեյ Բեսեդայի ակտիվները: Վաշինգտոնը փակեց որոշ ռուսական էներգետիկ ընկերությունների եւ բանկերի մուտքը ամերիկյան ֆինանսական շուկաներ: ԱՄՆ-ի «սեւ ցուցակում» են հայտնվել Ռուսաստանի խոշոր նավթային ընկերությունը` «Ռոսնեֆթ»-ը, երկրորդ ամենամեծ գազային ընկերությունը` «Նովատեկ»-ը, ինչպես նաեւ «Գազպրոմբանկ»-ն ու «Վնեշէկոնոմբանկ»-ը, որը Սոչիի Օլիմպիական խաղերի հովանավորն էր: Ամերիկյան ընկերությունները բիզնեսով չեն զբաղվի ռազմական «Բազալտ», «Կռետ», «Սոզվեզդիե», «Մաշինոստրոյենիե», «Ալմազ-Անտեյ», ԿԲՊ, ՅՈւՎԶ եւ «Կալաշնիկով» ընկերությունների հետ: «Ռոսնեֆթ»-ը Ռուսաստանում բյուջե ապահովող կազմակերպություն է, իսկ օրեր առաջ, երբ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկնել էր Մոսկվա, Մեդվեդեւի հետ հանդիպմանը քննարկվել էին ինտեգրացիոն գործընթացները, ինչպես նաեւ Հայաստանի հետ համագործակցությունը առեւտրատնտեսական եւ հումանիտար ոլորտներում, այդ թվում նաեւ` «Ռոսնեֆթ» ընկերության ներդրումային ծրագիրը։

Դեպի ո՞ւր է տանում Ռուսաստանը Պուտինը եւ ի՞նչ է սպասվում Ռուսաստանին՝ իսկապես, դժվար է կանխատեսել: Այսօրվա Ռուսաստանի ապագան բնութագրող ամենահարմար բառերն են՝ անկանխատեսելիություն ու անորոշություն:
Հուլիսի 22-ին ՌԴ կառավարության օրենքների նախագծերի հարցերով հանձնաժողովը հավանության է արժանացրել Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագիրը: Հայաստանը ձգտում է օր առաջ անդամակցել մի կառույցի, որի նախաձեռնող երկրին, Պուտինի իշխանության մեղքով, մեկուսացնում են քաղաքակիրթ աշխարհից: Իհարկե, արեւմտյան որոշ երկրներ դեմ կարտահայտվեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ուժեղացմանը, բայց նաեւ փաստ է, որ ՌԴ-ի հանդեպ այսպիսի անբարյացակամ վերաբերմունք միջազգային հանրության կողմից վերջին տասնամյակներին չի արձանագրվել:

Իսկ Պուտինը, կարծես, մտադիր էլ չէ կանգ առնել: Նա քայլում է առաջ, կայսերապետական Ռուսաստանն է նրա տեսլականը, Հայաստանն էլ՝ նրա հետեւից: Բայց դեպի ո՞ւր:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Լուսանկարը` vedomosti.ru-ի

«Առավոտ» օրաթերթ
24.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Էդվարդ says:

    «…Բայց դեպի ո՞ւր: …»: Մի՞թե պարզ չէ: Դեպի գարշահոտ ճահիճ՝ ճորտի գարգավիճակով: Դեռևս կան չհասկացողնե՞ր:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031