Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԼԱՎ ՈՒ ՎԱՏ ԲԱՆԵՐ

Հուլիս 25,2014 10:24

Արմեն ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ իններորդ

ԼԱՎ ՈՒ ՎԱՏ ԲԱՆԵՐ

Ես շատ ուրախ կլինեմ, եթե գահընկեց Քոչինյանն իսկապես ոչ թե Դեմիրճյանի սառը ու բացասական վերաբերմունքին արժանացած լինի, այլ՝ ԽՍՀՄ կենտկոմի քարտուղար ու քաղբյուրոյի անդամ Սուսլովի, եւ, ըստ ամենայնի, հենց էդպես էլ եղել է, որովհետեւ Ջոնն ինձ իրազեկեց նաեւ, որ Քոչինյանի ու Դեմիրճյանի հետ կապված էդ ամբողջ պատմությունը մանրամասն շարադրված է Սամվել Դանիելյանի հուշերի գրքում, եւ էս Սամվել Դանիելյանը հաստատ «Առավոտի» Սամվել Դանիելյանը չի, որովհետեւ «Առավոտի» մշակութային մեկնաբան Դանիելյան Սամվելը տարիքով ինձնից էլ է փոքր եւ, բնականաբար, չէր կարող Դեմիրճյանի ու մանավանդ Քոչինյանի մասին հուշեր գրել, եւ չնայած «Առավոտի» Սամվել Դանիելյանից բացի՝ այլ Սամվել Դանիելյան չեմ ճանաչում, միանգամայն համոզված եմ, որ Ջոնի ասած էդ Սամվել Դանիելյանի գրած հուշերը միանգամայն հավաստի են՝ ի տարբերություն իմ էս անվերջանալի հուշապատումի, որում ընդգրկված դեպքերն ու իրադարձությունները ոչ միշտ են հավաստի ու իրական, եւ չնայած իմ էս երկարբարակ գրվածքի մեջ հորինովին ու բստրվածն ահագին են, շատ հաճախ իմ հատուկենտ ընթերցողներն իմ բստրածներին ավելի են հավատում, քան՝ իմ էն դրվագներին, որոնք հարյուր տոկոսանոց ճշմարտություն ու իրականություն են, որովհետեւ շատ հաճախ իրականությունն ավելի զարմանալի ու անհավատալի է, քան՝ մեր հորինածն ու բստրածը, եւ հատկապես ու առանձնապես իմ դեպքում է էդպես, որովհետեւ ես, ի տարբերություն Սամվել Դանիելյանի եւ հուշեր գրող այլոց, ոչ թե ժամանակակիցներիս ասածներն ու արածներն եմ գրի առնում, այլ՝ ժամանակակիցներիս էն ասածներն ու էն արածները, որոնց համար ժամանակակիցներս չէին ամաչի, որովհետեւ մեր էս երկրային թոհուբոհում ամենավատ մարդն անգամ կարող է շատ լավ բան անել, հիմնականում՝ անկախ իրենից, եւ, ընդհակառակը, ամենալավ մարդն անգամ կարող է շատ վատ բան անել՝ վերստին անկախ իրենից, եւ մենք մեր էս համընդհանուր երկրային կյանքում շատ ու շատ լավ ու վատ բաներ ենք ասում ու անում՝ հիմնականում անկախ մեզանից, եւ եթե որեւէ մեկը երբեւէ փորձի մեր մասին հուշեր գրել, Աստված գիտի՝ էդ հուշերում մենք ինչպես ներկայացված կլինենք. այսինքն, հիմնականում մեր մասին հուշեր գրողից է կախված՝ մենք իբրեւ դրակա՞ն մարդ ենք ներկայանալու հասարակությանը, թե, ընդհակառակը, բացասական, եւ մեր մասին հուշեր գրողը մեզ ինչպես ներկայացնի՝ էդպես էլ ներկայանալու ենք հետագա սերունդներին ու հասարակությանը, եւ հիմա էս Սամվել Դանիելյանի շնորհիվ, փաստորեն, Կարեն Դեմիրճյանը Քոչինյանի առումով լրիվ անմեղ է, եւ փաստորեն, Քոչինյանի առումով ամբողջ մեղքը ԽՍՀՄ կենտկոմի քարտուղար ու քաղբյուրոյի անդամ Սուսլովի հետ է կապված, եւ, բնականաբար, զգուշությունից դրդված, ծագումով վանեցի Կարեն Սերոբիչը Սուսլովի հանգամանքը նրբորեն թաքցրել է շրջապատից ու հասարակությունից՝ Անտոն Քոչինյանին Անտառտնտեսության կոմիտեի նախագահի պաշտոնից զրկելու ողջ մեղքն անձամբ իր վրա վերցնելով, եւ քանի որ ինքս Կարեն Սերոբիչին անձամբ եմ ճանաչել եւ իր մասին միանգամայն բարձր կարծիքի եմ, հակված եմ մտածել, որ ամեն ինչ ճիշտ այնպես է եղել՝ ինչպես որ ինձ անծանոթ, բայց Ջոնին ծանոթ էդ, ուրեմն, Սամվել Դանիելյանի հիշատակարանում է հիշատակված ու նկարագրված, եւ չնայած կյանքումս որեւէ մեկի մասին որեւ մեկի գրած որեւէ հուշապատում ամբողջությամբ կարդացած չկամ, հակված եմ կարծել, որ մարդ արարածը եւ հատկապես հուշերի գիրք գրող մարդ արարածը որեւէ մեկի մասին հուշեր գրելիս ի վիճակի չէ հարյուր տոկոսով օբյեկտիվ լինել, եւ, ուզի թե չուզի, իր անձնական ու սուբյեկտիվ համակրանքներն ու հակակրանքներն է արտահայտում էն մարդկանց հասցեին՝ ում մասին որ հուշերի գիրք է գրում, եւ հուշագիրները հիմնականում իրենց համակրանքն են արտահայտում իրենց հուշագրությունների հերոսների վերաբերյալ, եւ դա միանգամայն բնական է, որովհետեւ եթե մեկին չհամակրես, էդ մեկի մասին երբեւէ հուշերի գիրք չես գրի, եւ, ըստ ամենայնի, Ջոնի ճանաչած էս Սամվել Դանիելյանի դեպքում հենց էդպես էլ եղել է, եւ չնայած Ջոնի ճանաչած Սամվել Դանիելյանի էդ հուշերի գիրքը չեմ կարդացել ու չեմ էլ տեսել, այդուհանդերձ, համոզված եմ, որ ինքը հավասարապես է հարգում Կարեն Դեմիրճյանին ու Անտոն Քոչինյանին, այլապես էդ երկուսի կյանքի էդ ամենաբարդ ու ամենակնճռոտ դրվագին չէր անդրադառնա, կամ, եթե անդրադառնար էլ, միակողմանի ու երկուսից մեկին ի վնաս կանդրադառնար՝ ինչպես որ Կարեն Սերոբիչին բամբասողներն ու Կարեն Սերոբիչից աբիժնիկներն են էդ արել ու անում, եւ չնայած իմ չճանաչած եւ Մանուկյան Ջոնի ճանաչած Սամվել Դանիելյանի հիշողությունները կարդալու բախտը չեմ ունեցել, ես, որպես բոլոր ժամանակների ամենածավալուն հուշապատումի հեղինակ, ինքզինքս լիազորուոմ եմ հայտարարել, որ հուշագրությունների հեղինակներն էլ, ինչպես սովորական գրողներն ու գեղարվեստական այլազան ժանրերով ստեղծագործողները, իրենց հերոսներին ստեղծում ու դարձնում են էնպիսին՝ ինչպիսին իրենք են փափագում նրանց տեսնել, եւ եթե հեղինակն ի սրտե ու ամենայն հավատքով է էդ անում, ընթերցողն էլ կարդալով ու առնչվելով՝ հավատքով ընկալում ու մտքի ծայրով անգամ չի անցկացնում թե՝ դույն հուշապատման հեղինակը չեղած դրական հատկություններ է շնորհել իր իսկ հուշագրության հերոսին, ինչպես նաեւ՝ լիքը դրական արարքներ, որոնք նմանապես հորինված ու վերագրված են դույն հուշագրության հերոսին կամ հերոսուհուն, եւ ես էլ իմ էս անծայրածիր ու մեծածավալ հուշագրության մեջ եմ էդ անում, եւ քանի որ իմ էս հուշագրությունը ծավալի առումով անհամեմատելի ու անգերազանցելի է, բնականաբար, ես ավելի շատ դրական հատկանիշներ ու գեղեցիկ արարքներ եմ վերագրում իմ էս հուշագրության հերոսներին ու գործող անձանց, եւ քանի որ ես, ի տարբերություն այլ հուշագիրների, ոչ միայն գլխավոր հերոսներիս եմ դրական ներկայացնում, այլեւ երկրորդականներիս էլ, իմ գլխավորները ոչ թե երկրորդականներիս բացասական հատկանիշների հաշվին ու ֆոնին են դրական ներկայանում, այլ՝ միանգամայն ինքնուրույն ու իրենց իսկ հաշվին, ավելի ստույգ՝ հեղինակի հաշվին, որովհետեւ ես իմ երկրորդականներին ոչ միայն բացասական հատկանիշներով չեմ օժտում, այլեւ իմ երկրորդականներին երկրորդական չեմ էլ համարում. ավելին. ես երկրորդականներիս հավելյալ արժանիքներ շնորհելով՝ փորձում եմ իրենց ու բոլորին հասկացնել, որ մեր էս համընդհանուր երկրային կյանքում գլխավորներ ու երկրորդականներ չկան:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031