2015թ.-ին հանրապետության «Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին մասնակցելու համար Սյունիքի մարզից միանգամից երկու քաղաք է հայտ ներկայացրել` Կապանն ու Քաջարանը:
Այսօր սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության համապատասխան մասնագետների խումբը շրջեց Կապանում, ուսումնասիրեց Կապանի հնարավորությունները, ենթակառուցվածքները, երիտասարդության զբաղմունքի հիմնական հաստատությունները եւ փորձեց պարզել, թե որքանով են դրանք համապատասխանում հայտում ներկայացված տվյալներին: Երեկ խումբը նաեւ եղել է Քաջարան քաղաքում եւ ծանոթացել քաղաքի ընձեռած հնարավորություններին:
Կապանի քաղաքապետարանը եւ համահայտատուներ «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն » եւ «Վերադարձ» հասարակական կազմակերպությունները համոզված են, որ ծրագիրը հնարավորություն կտա ոչ միայն բարձրացնել համայնքի երիտասարդության քաղաքացիական ակտիվությունը անհրաժեշտ բոլոր ոլորտներում, այլեւ կնպաստի մարզկենտրոնում զբոսաշրջության զարգացմանը:
«Քանի որ մենք սահմանամերձ քաղաք ենք եւ շատ հեռու ենք մայրաքաղաքից, եւ մեր երիտասարդները շատ հաճախ միջոցառումների չեն կարողանում մասնակցել, երիտասարդական մայրաքաղաք դառնալուց հետո մենք ունենալու ենք միջոցառումների հագեցած ցանկ, իսկ այդ հնարավորություններն ավելի կակտիվացնեն մարզկենտրոնի երիտասարդներին: Նրանք ավելի շահագրգռված կլինեն մնալ Կապանում ու ավելի զարգացնել քաղաքը: Այսօր սա մեզ պետք է, մեր սերունդը պատերազմ տեսած սերունդ է եւ այս տարիքում մեր սերնդի երիտասարդները եւս մեկ անգամ կարիք ունեն աջակցության` տեղում նորանոր միջոցառումներ ձեռնարկելու հնարավորություններ ստանալով», – նշեց «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» հ/կ նախագահ Քրիստինե Սաղաթելյանը:
Հանդիպման ներկա գտնվող մասնակիցները կարծիք հայտնեցին, որ հեռու լինելով մայրաքաղաքից` կապանցիները շատ հաճախ իրազեկվածության հետ կապված խնդիրների են բախվում: Իր ներուժը օգտագործելու, նոր գործընկերներ ձեռքբերելու, տարբեր ծրագրերի դիմելու հարցում լավ հնարավորություն կընձեռի հեռավոր մարզի երիտասարդությանը` համագործակցության հեռանկար բացելով մարզկենտրոնում գործող կառույցների, երիտասարդության համար:
Կարդացեք նաև
Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի տնօրեն Դավիթ Հայրապետյանի խոսքով` այս տարի ՀՀ 2015թ.-ի երիտասարդական մայրաքաղաք մրցույթին 6 քաղաք է հայտ ներկայացրել` Կապանը, Քաջարանը, Եղեգնաձորը, Ծաղկաձորը, Չարենցավանն ու Ստեփանավանը: Փորձագիտական խումբն արդեն այցելել է հայտատու քաղաքներից 5-ը, տեղում ծանոթացել քաղաքների ներուժին, խնդիրներին, հ/կ-ների գործունեությանը եւ տեղեկացրել, որ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպվող միջոցառումները 2015թ.-ին հիմնականում կկենտրոնանան հաղթող ճանաչված քաղաքում: Փորձագետ Կարեն Այվազյանը հրաժարվեց որպես փորձագետ նախնական գնահատական տալ, բայց որպես առաջին անգամ Կապան ժամանած այցելու` տպավորված է բնակիչների ընդունելությունից, գործող ենթակառուցվածքներից, հյուրանոցային ցանցից եւ այլն: Նա նաեւ հավելեց, որ հաղթելու հնարավորություններ ունեն բոլոր քաղաքները:
Հիշեցնենք, որ 2014թ.-ին երիտասարդական մայրաքաղաք է ճանաչվել Սյունիքի մարզի Սիսիան քաղաքը, իսկ 2015թ.-ի երիտասարդական մայրաքաղաքի անունը կհրապարակվի սեպտեմբերի 1-ին` փորձագետների գնահատականի եւ օնլայն` քվեարկության համադրման արդյունքում:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ