ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո՝ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ նիստի ընթացքում գրեթե նոր հարց չի քննարկվել, քննարկվել են կուսակցական խնդիրները եւ ներքաղաքական գործընթացները:
Անդրադառնալով վերջերս շոշափվող Շուշան Պետրոսյանի մանդատի հարցին, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ դա անհեթեթություն է եւ իրականության հետ կապ չունի. «Շուշան Պետրոսյանը մեր քաղաքական թիմի ներկայացուցիչներից է, մեր գործընկերն է եւ բոլոր նմանատիպ լուրերն ու հրապարակումները իրականության հետ կապ չունեն՝ անհեթեթություն են»:
Հարցին, թե Սերժ Սարգսյանը գնահատական տվե՞լ է Հովիկ Աբրահամյանի՝ որպես վարչապետ հարյուրերորդ աշխատանքային օրվան, պարոն Շարմազանովը պատասխանեց, որ նիստի ընթացքում այդպիսի խոսակցություններ չեն եղել.
«Ես կարծում եմ հարյուր օրը դեռ վաղ է, որպեսզի մենք ե՛ւ գնահատական տանք, ե՛ւ արդյունքներ հնչեցնենք կառավարության գործունեության մասին, բայց մի բան հստակ է, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը բաց հրապարակային աշխատում է եւ ականջալուր է բոլոր խնդիրներին: Եվ ես կարծում եմ՝ այն վստահությունը, որ եղել է նշանակման ժամանակ այդ կառավարության, այդ կառավարությունը ցույց է տալիս, որ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի հասնեն այն դրական արդյունքներին, որոնք նախանշված են կառավարության ծրագրում»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե ԲՀԿ-ն ճնշումների է ենթարկվում, այն պատճառով, որ ԲՀԿ-ն դեմ է սահմանադրական բարեփոխումներին՝ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ այդ հայտարարությունը եւ նրա շտապ հարցազրույցի նպատակը բոլորին հայտնի է.
«Միգուցե ճնշումներ եղել են շատ վաղ անցյալում, Հայաստանի առաջին տասնամյակի շրջանում, ինքը կարող է ավելի լավ իմանալ, բայց կոնկրետ Հանրապետականի կառավարման շրջանում մենք հասել ենք նրան եւ հասնելու ենք նրան, որ Հայաստանը ամեն Աստծո օր լինի ավելի ժողովրդավարական, ավելի բազմակարծիք, ավելի բազմակուսակցական, ավելի հանդուրժող, քան այսօր եւ երեկ էր: Եվ բնականաբար, ճնշումների մասին խոսելը «Կիկոսի մահի» ժանրից է»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ