Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը այսօր ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին է փոխանցել իր գրավոր առաջարկությունները:
«Այդ առաջարկություններում արտահայտել եմ կիսանախագահական կառավարման մոդելի իմ հակվածությունը»,- ասաց մարզպետը:
Հիշեցնենք, որ այսօր Վայոց Ձորում Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հանրային քննարկում է եղել:
Անդրադառնալով մտավախություններին, որ Սահմանադրական բարեփոխումներով իշխանությունը փորձ է անում լուծել վերարտադրման խնդիրը` մարզպետն այդ հարցադրումը արդիական չհամարեց, որովհետեւ. «Դեռեւս պարզ չէ, թե կառավարման ինչ մոդելի ընտրության վրա կկանգնի փոփոխություններ պատրաստող հանձնաժողովը: Բացի այդ, հանձնաժողովի առաջարկած մասնագիտական մոտեցումներին հաջորդելու են քաղաքական փաստաթղթի քննարկումները, եւ դեռեւս պարզ չեն, թե վերջնականապես ինչ որոշում կկայացվի: Հետեւաբար, եթե չկա կառավարման մոդելի ընտրություն , ժամանակավրեպ է իշխանության կազմավորման հետագա գործունեությանը վերաբերող ենթադրությունները: Ինձ համար պարզ է մի բան, որ այս գործընթացի միտումը բացարձակապես անձնավորված չէ եւ պայմանավորված չէ այս կամ այն կուսակցության, քաղաքական ուժի շահերով, այլ պետական համակարգի բարեփոխման բնույթ է կրում»:
Կարդացեք նաև
Նա ժամանակավրեպ չհամարեց Սահմանադրական բարեփոխումները` անդրադառնալով ՀՀ 1-ին նախագահի պնդմանը, թե այդ փոփոխությունները ժամանակավրեպ են ու այլ առաջնահերթ մարտահրավերներ կան լուծելու. «Սոցիալ-տնտեսական խնդիրները լինելու են բոլոր ժամանակներում, տարբեր դրսեւորումներ են ունենալու, եւ ոչ մի դեպքում առկա խնդիրների լուծումը չպետք է պայմանավորել մեր պետական կառավարման համակարգում ինստիտուցիոնալ բարեփոխումների հետ: Չի նշանակում, որ եթե Սահմանադրական բարեփոխումներ են իրականացվում, ապա մեր իշխանության մտահոգությունների դաշտից դուրս են գալիս սոցիալական խնդիրները: Իշխանության յուրաքանչյուր օղակ կրում է պատասխանատվություն իր ոլորտում, իր իրականացնող քաղաքականության համար: Մեկը մյուսի հետ պայմանավորելը բացարձակապես անհիմն է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ