Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Խաչիկյանի գործ. «Ներքեւի» օղակներն են ցուցմունք տալիս, եւ պահանջում, որ նախ «վերեւինները» տան

Հուլիս 24,2014 16:37

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների գործով ցուցմունք տալուց հրաժարվեցին ամբաստանյալներ, Քանաքեռի սոցիալական ստորաբաժանման պետի տեղակալ Արթուր Սուքիասյանը, եւ Վազգեն Խաչիկյանի ղեկավարած ծառայության տեղեկատվական եւ վիճակագրական բաժնի պետ Վահագն Խաչատրյանի աներձագ Բագրատ Մուրադյանը:
Վերջինս անգամ դիմեց դատարանին, որ ինքը չի հրաժարվում ցուցմունք տալ, բայց կտա, եթե նախ ղեկավարները տան, ասեն, օրինակ, թե ինչի համար է ինքը քսանվեց ամսից ավելի կալանքի տակ:

Բագրատ Մուրադյանը չէր ընդունել իր մեղքը:

Դատավոր Արշակ Վարդանյանը ասվածը դիտեց այս փուլում հրաժարում ցուցմունք տալուց, եւ սկսեց հրապարակել ամբաստանյալի նախաքննության ժամանակ տված ցուցմունքները:

Ամբաստանյալը ցուցմունք էր տվել, որպես վկա, պատասխանել կասկածյալի կարգավիճակում գտնվողի հարցերին:

Երբ հրապարակվեցին ցուցմունքները, Բ.Մուրադյանի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակից տիկին Ջուվանովան միջնորդեց, որպեսզի դատարանը որոշում կայացնի ապացույցներն անթույլատրելի ճանաչելու մասին:
Մեղադրողներն առարկեցին, առանց հիմնավորելու, թե ինչու, մինչդեռ փաստաբաններ Արա Զաքարյանը, Լիպարիտ Սիմոնյանն ու այլք, ասացին, որ սա իրենց համար փորձնական միջնորդություն է, որ դատարանը չպետք է սպասի, թե մյուս ամբաստանյալների պաշտպանները հնարավոր նույնաբովանդակ միջնորդությամբ հանդես կգան:

Xachikyan_3 Xachikyan_2 Xachikyan_4
Դատավորն ասաց, որ ցուցմունքներից հետո կանդրադառնա այս միջնորդությանը:
Արթուր Սուքիասյանի նախաքննության ժամանակ տված ցուցմունքները հրապարակվեցին: Նա լիովին իրեն մեղավոր էր ճանաչել, հայտնել, որ դեպոնենտային գումարներից իրեն էլ երբեմն գումար մնացել է` յուրաքանչյուրից հինգից տաս հազար դրամ:

Քննիչի այն հարցին էլ, թե հետեւանքները հաշվարկե՞լ էին, հանկարծ ու տարիներ հետո թոշակառուները ներկայանային ու պահանջեին իրենց գումարները, այս ամբաստանյալն ասել էր, թե ինքն այդ հարցով դիմել է վերադասին`ամբաստանյալ Աշոտ Աբրահամյանին: Նա էլ պատասխանել էր, թե էդ որ թոշակառուն կգա, չի կարող լինել նման բան, եթե այնուամենայնիվ, նման բան լինի, կհավաքեն գումարն ու կտան:

Դատավորն ամեն մի ամբաստանյալի ցուցմունքից հետո հարցնում էր, թե նրանց վրա ճնշումներ եղե՞լ են, խոստումներ, սպառնալիք, բոլորն ասում էին, թե նման բան չի եղել:
Ամբաստանյալ, Շենգավիթ տարածքային բաժնի օպերատոր Հրանուշ Դանիելյանի պաշտպան Հովիկ Արսենյանն Aravot.am-ին ներկայացրեց իր դիտարկումները. «Այսօր ավարտվեց այդ ծառայության տարածքայինների հարցաքննությունը:Ի տարբերություն մյուս տարածքայինների, տեղի ունեցածի, կազմվել է ցուցակը, ներկայացվել, կոդերը ստացվել, դիմումներ են կեղծ գրվել, թե իբր թոշակառուներ են դեպոնացվածի համար գրել, ներկայացրել վճարային ծառայություն եւ այդ գումարները հափշտակվել են:

Շենգավիթում այդ համատեքստում ինչ էր տեղի ունեցել: Պետով, օպերատորով հանդերձ բերել ամբաստանյալ են դարձրել: Այդ բաժինը հանձնարարությունը ստացել է կենտրոնական ապարատից, ցուցակը կազմել են, կնիքը խփել, ուղարկել այնտեղ: Դիմումները չեն եղել, չեն կազմել:Երբ եկել է ցուցակը, որ պիտի ստորագրեին, որպեսզի գնար վճարման, աշխատակիցները կես ճանապարհից պատռել են ցուցակը, կատարված հանցագործությունից կամովին հրաժարվել են:

Մինչդեռ, մյուսների պարագայում, չունենալով դիմումները, համարձակվել են դուրս գրել այս գումարները»:

Հետեւելով դատական գործընթացներին, ակնհայտ է, որ մինչեւ 2009 թվականը դեպոնացված կենսաթոշակառուների վերաբերյալ միայն կենտրոնական ապարատն է զբաղվել: Դիմումը այնտեղ են ստացել, ցանկն այնտեղ են կազմել, տարածքային ստորաբաժանումը գործ չուներ:

Հանկարծ 2009 թվականին «տվել են» տարածքայինին՝ ընդամենը ցուցակ կազմել, դիմում ներկայացնելու հնարավորություն, որտեղից էլ ուղարկել են Վ.Խաչիկյանի վճարային ծառայություն, որպեսզի այնտեղից գումարները ստանան:

Ինչն էր փոխվել, ինչ է տեղի ունեցել:Նախաքննական մարմինը մի՞թե չի տեսել. սա մի սնդուկ է, որտեղից բանալին գցել են, գումար են տարել:

Որեւէ մեկը չի հարցրել, ինչո՞ւ հանկարծ կարգը փոխվեց:

Կա տեղեկատվություն, որ այդ ժամանակ գլխավոր դատախազությունը ստուգումներ է անցկացրել, ինչ էր պարզվել ստուգումներից հետո, ինչու հենց այդ ժամանակ փոխվեց կարգը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031