Շնորհակալություն «Հայաստանի Հանրապետություն», «ԱԶԳ», «Հայոց Աշխարհ», «Գրական թերթ»-ի խմբագիրներին, ինչու չէ նաև հեռուստատեսությանը և ռադիոյին:
Ձեր հաղորդումների շնորհիվ հայությունը իմացավ, որ Խ.Աբովյանի տուն-թանգարանի երկարամյա տնօրեն, Գրողների և Ժուռնալիստների միության անդամ, պատմական գիտությունների թեկնածու Հովհաննես Զատիկյանի և նրա տեղակալ Նունե Սամվելյանի հայրենանվեր ջանքերով լույս տեսավ Խ.Աբովյանի «Վերք Հայաստանի, Ողբ Հայրենասիրի» անմահ վեպը, որը առաջին անգամ կազմվել է անմիջապես Խ.Աբովյանի ձեռագրերից: Սա նշանակում է, որ չնայած վեպի բազմաթիվ հրատարակությունների, սա չի ենթարկվել ոչ մի գրաքննության և կրճատումների: Ահա թե ինչու «Հայաստանի Հանրապետությունը» իր հոդվածը վերնագրել է «Խաչատուր Աբովյանի նոր վերադարձը», «Հայոց Աշխարհը»` «Մեծագույն նվեր հայ ժողովրդին», «ԱԶԳ»-ը` «Պատմական հրատարակություն» և այլն:
Իսկ «Հայաստանի Հանրապետությունը» իր հոդվածում ավելի հեռու է գնացել` համարձակորեն նշել է, որ նախկին հրատարակումների` ցարական, ինչու չէ նաև խորհրդային գրաքննիչները կրճատումներ են արել, դուրս թողնելով այն հատվածները, որոնցում հեղինակը անխնա քննադատում է ցարական կառավարության ոչ հայանպաստ քաղաքականությունը, փոխարենը այն հատվածները, որոնցում ակնհայտ են Աբովյանի ռուսական կողմնորոշման որոշ դրսևորումները, միակողմանի մղվել են առաջին պլան: Իսկ թե ինչ տանջանքներով է ստեղծվել այդ «Վերքը», այս անգամ էլ բերեմ մի օրինակ «Գրական թերթ»-ից. «Իր տեսակի մեջ առաջինը լինելով, լույս է ընծայվել բազմաթիվ դժվարությունների հաղթահարման գնով: Ժամանակի ընթացքում ձեռագիրը քայքայվել էր, անհրաժեշտություն կար վերականգնել, էջերի մեծագույն մասը հրատարակչական տեսքի բերել, վերականգնել նախաստեղծ վիճակը, ինչը խմբագրակազմից շուրջ վեց ամիս խլեց: Արդյունքում համակարգչային աշխատանքը գրեթե անթերի կատարվեց ձևավորող և համակարգչային մասնագետ Նունե Սամվելյանի կողմից:
Առանձնակի դժվարություններ է ներկայացնում ձեռագրի և հարակից տեղադրելիք առաջին հրատարակության /1858թ./ տեքստը: Այս համամասնությունը ևս հաղթահարվեց, էջադրումը կատարվեց բոլոր չափանիշներով: «Խաչատուր Աբովյան» հրատարակչությունը այս ձեռնարկով ոչ միայն իր հարգանքի տուրքն է մատուցել Մեծ Հայի ծննդյան 210-ամյակին, այլև հարազատ ժողովրդին է ներկայացրել հայ ազգային մտածողության խոշորագույն կոթողը, հնարավորություն ընձեռելով համայն հայությանը նորովի տեսնել ու գնահատել իր մեծ զավակի տառապանքով յուրաքանչյուր բառի նրբանկատ ընտրությամբ ստեղծագործությունը»:
Կարծես ամեն ինչ հարթ անցավ, մամուլը մեծարեց գրքի կազմողներին: Ժողովուրդն էլ մի անգամ ևս տեսավ և գնահատեց ազգային մտածողության խոշորագույն կոթողին` Մեծ հայրենասերին, զգաց նրա տանջանքը և նրա մեծությունը ազգին հայրենասիրության և պայքարի ոգով դաստիարակելու:
Կարծես ամեն ինչ լավ է, լավ սկսեցինք` լավ էլ վերջացնում ենք, եթե… Եթե Կրթության և գիտության նախարար Ա.Աշոտյանը տնօրենի պաշտոնից չազատեր գրքի խմբագիր Հովհաննես Զատիկյանին, իսկ նոր տնօրենը` երիտասարդ, բայց գրականությունից և Աբովյանից շատ հեռու մի անձնավորություն պատերազմ չսկսեր Զատիկյանի և Սամվելյանի դեմ` առաջարկելով ազատվել աշխատանքից: Իսկ նախարարը ժամանակ չի գտնում նրանց ընդունելու և իր «շնորհակալությունը» հայտնելու ոչ միայն գրքի հրատարակման, այլ նաև իրեն մեծարման համար: (Բոլոր հրապարակումներում ընդգծվում է, որ Ա.Աշոտյանն է հանձնարարել այդ գրքի հրատարակումը: Ես կասկածում եմ:)
Այո, թվում էր, թե գրքի հրատարակիչներին նա կկանչեր, կխրախուսեր, շնորհակալություն կհայտներ, բայց գրքի խմբագրին պաշտոնազրկեցին, իսկ հրատարակչության ղեկավարին` աշխատավարձի կեսը կտրեցին և զրկեցին հրատարակչական գործունեությունից:
Դիմում եմ ոչ միայն հայ ժողովրդին, այս մեծագույն նվերը ստանալու առթիվ, այլև լրատվամիջոցներին, որպեսզի պաշտպան կանգնեն թանգարանի ձեռք բերած հեղինակությանը, վերադարձնեն նրա կենսունակությունը:
Խոստանում եմ «Վերք»-ին նորից անդրադառնամ, երբ Խ.Աբովյանի տուն-թանգարանը «բարեհաջողությամբ» կվերածվի մի նոր խաշանոցի և խորովածանոցի: Երկար չենք սպասի…
ԿԱՌԼԵՆ ՔԱԼԱՇՅԱՆ
Ամոթ է, ամոթ… մի օր ուշքի եք գալու, թե ոչ: Եվս մեկ մշակութային օջախ է փլուզման եզրին: Սթափվեք հարգելի պաշտոնյաներ: Վերջացրեց մտածել միայն ձեր շահի և եկամուտների մասին: Դատարկագլուխների շարքը ևս մեկով ավելացնելով, դուք ինքներդ եք կործանում այն ամենը, ինչը որ Դուք չեք ստեղծել: Մի օր տեսնես կկշտանաք, թե կպայթեք այդքան փող ուտելուց:
Ինչպես հասկացա, այս երկրում ոչ մի աշխատանք չի գնահատվում:
Ես չեմ հասկանում, ինչու է այդ թանգարանը պատկանում կրթության նախարարությանը, այլ ոչ մշակույթի:
Արմեն Աշոտյանը բժիշկ լինելով հանդերձ իր շուրջն է հավաքել մի խումբ “գիտակների”, ովքեր զբաղվում են ոչ իրենց մասնագիտությամբ, բայց մեծ պրոֆեսիոնալիզմով չաղացնում են իրենց գրպանները և դեռ հասցնում են իրենց նմաններին պաշտոններ բաժանել:
Ես կարծում եմ, իսկապես, այս թանգարանը, որտեղ իմ երեխաները այցելել են մեծ ոգևորությամբ, ցավոք, այժմ որոշ “խելացիների” շնորհիվ կդառնա լավագույն դեպքում բիզնես կենտրոն կամ էլ հացատուն, քանի որ հայ պաշտոնյաները միշտ սոված են, ելնելով իրենց փորի կառուցվածքից:
Արմեն Աշոտյանների ջանքերով մեր օրերում ևս Հայաստանը Վերքի և ողբի մեջ է:
Ափսոս Աղասին չկա: