Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեգործական կազմակերպության անվան տակ անհայտ մարդիկ գումարներ են հավաքում

Հուլիս 24,2014 16:09

«Պարգևիր ժպիտ» հասարակական կազմակերպության (ՀԿ) անվան տակ անհայտ մարդիկ գումարներ են հավաքում: Մինչդեռ, անապահով ընտանիքներին ու կարիքավոր երեխաներին աջակցող այս կազմակերպությունը դրամահավաքությամբ չի զբաղվում:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրին «Պարգևիր ժպիտ» նախաձեռնության անդամները՝ The Laboratory ընկերության հիմնադիր Արուսիկ Մկրտչյանը ( DJ Vakcina), «Պարգևիր ժպիտ» ՀԿ նախագահ Լիանա Մանուսաջյանը և Քաղաքացիական մասնակցության զարգացման կենտրոնի նախագահ Մերի Մարգարյանը:
«Բոլորովին վերջերս իմացանք, որ «Պարգևիր ժպիտ» ՀԿ-ի անվան տակ մարդիկ սկսել են գումար հավաքել, իսկ մենք գումար երբեք չենք հավաքել, որովհետև ի սկզբանե մտավախություն կար, որ մարդիկ կարող են իրենց դժգոհությունը կամ անվստահությունն արտահայտել,- ասում է Արուսիկ Մկրտչյանը:- Այդ պատճառով էլ հարցը շատ հստակ է դրված եղել՝ կարիքավոր երեխաներին կամ ընտանիքներին օգնում ենք միայն իրերով՝ հագուստ, ուտելիք, խաղալիք, գրենական պիտույքներ և այլն: Այսինքն՝ գումարի հարց երբեք չի եղել, և ես ապշեցի, երբ իմացա, որ «Պարգևիր ժպիտ» անվանումն օգտագործելով՝ սկսել են անգամ տներից գումար հավաքել»:

«Շատ տգեղ է տեսնելը, թե սուպերմարկետներում կամ փողոցներում ինչպես են արկղերով (որոնց վրա գրված է «Պարգևիր ժպիտ») մարդիկ մոտենում քեզ, տարբեր երեխաների անուններ տալիս և քեզնից գումար շորթում»,- հավելեց «Պարգևիր ժպիտ» ՀԿ նախագահ Լիանա Մանուսաջյանը:

Բանախոսները հստակ չգիտեն, թե որտեղ են ուղղվում այդ գումարները: Նրանք միայն պահանջում են չխախտել հեղինակային իրավունքները. «Եթե անգամ այդ գումարները գնում են ի բարօրություն ինչ-որ ընտանիքների կամ երեխաների, թող զերծ մնան «Պարգևիր ժպիտ» անվանումն իրենց գործունեության մեջ կիրառելուց»,- ասաց Լ. Մանուսաջյանը:
Մերի Մարգարյանն էլ հորդորեց ավելի զգոն լինել և հետևել, թե որտեղ են գնում իրենց նվիրաբերած գումարները:

Նա նաև տեղեկացրեց, որ իրավապահ մարմիններին դեռևս չեն դիմել. «Որոշեցինք նախ հասարակությանն իրազեկել, որից հետո, եթե տեսնենք, որ շարունակվում է այդ դրամահավաքության գործընթացը, այդ ժամանակ անպատճառ կդիմենք ոստիկանություն, որովհետև այստեղ շահարկվում են մանկատների երեխաների անուններ և շորթվում են գումարներ, որոնք չգիտենք՝ որտեղ են ուղղվում»,- ասաց Մ. Մարգարյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031