Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մաշկաբան. «Այրվածքները կարող են ճակատագրական լինել մաշկի համար»

Հուլիս 24,2014 15:21

Մաշկավեներաբան Սամվել Խաչատրյանն այսօր «Ազդակ» ակումբում, խոսելով արեւայրուքից եւ դրա հնարավոր հետեւանքներից, նշեց, որ բժշկության տեսանկյունից արեւայրուքը օգտակար բան չէ: «Մաշկը ավելորդ արեւի ճառագայթ ստանալուց հետո կորցնում է խոնավությունը, դիմադրողականությունը, որի հետևանքով էլ ի հայտ կարող են գալ որոշակի մաշկային հիվանդություններ»:

Ուռուցքաբան Հրայր Հակոբյանն էլ ասուլիսի ընթացքում հավելեց, որ մաշկի քաղցկեղի ութսուն տոկոսը առաջանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների պատճառով.

«Մարդկանց մոտ կան պիգմենտային գոյացություններ, որոնք արեւային ճառագայթների եւ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ կարող են չարորակ ուռուցքների, մելանոմաների պատճառ դառնալ»: Ուռուցքաբանը բաց մաշկի, աչքերի եւ մազերի գույն ունեցող մարդկանց առավել շատ խորհուրդ է տալիս զերծ մնալ արեւային ճառագայթներից: «Այս դեպքում անհրաժեշտ է օգտագործել արեւից պաշտպանիչ միջոցներ, ամենաքիչը 15-ից ոչ ցածր կաիֆիցենտ ունեցող»:

Մաշկավեներոլոգը բացատրեց, թե ինչու են բաց մաշկի գույն ունեցող մարդկանց խորհուրդ տալիս ավելի քիչ մնալ արեւի տակ. «Արեւայրուքի դեպքում, երբ ստանում ենք ավելորդ ճառագայթում, մաշկը, պաշտպանվելու համար, ավելացնում է մելանինի արտադրությունը: Մելանինի՝ ավելանալու դեպքում մաշկը մգանում է: Մելանինի քանակությունը ավելանում է եւ մելանինը պաշտպանում է մեզ այդ ավելորդ ճառագայթներից»:

Պրն Խաչատրյանի խոսքով՝ նյութերը, որոնք ավելացնում են մելանինի քանակությունը եւ արտահայտիչ են դարձնում մաշկի գույնը, ընդհանրապես անհրաժեշտ չեն մաշկի համար:

Մանկական հասակում եւ սեռահասուն շրջանում կրած այրվածները որոշ դեպքերում կարող են ճակատագրական լինել մաշկի համար, նշում է մաշկաբանը: Ուռուցքաբանի պնդմամբ էլ՝ ամեն արեւային այրուքից հետո մաշկի վրա պիգմենտային գոյացությունները կարող են վերափոխվել եւ դառնալ չարորակ գոյացություններ:

Բանախոսները խորհուրդ չեն տալիս օգտագործել ժողովրդական մեթոդները՝ մածունը, չիչխանի յուղը, այրվածքներից պաշտպանվելու համար. «Մածուն քսելը ամենասխալ բանն է, որ կարելի է օգտագործել այրվածքից կամ արեւայրուքից հետո, քանի որ մածունը կլանիչ է եւ այն կլանում է հեղուկը: Մաշկը այրվածքի դեպքում արդեն չորացել է, կորցրել է հեղուկը, իսկ մածունը քսելով մենք ավելի ենք չորացնում մաշկը»: Բժիշկը, ձեռքի տակ դեղամիջոց չլինելու դեպքում, խորհուրդ է տալիս օգտագործել սովորական ձեթ, որը չի թողնի, որ մաշկի մեջ մնացած հեղուկը կորչի:

Ուռուցքաբան Հրայր Հակոբյանը տեղեկացրեց, որ մաշկի ուռուցքի զարգացման միտում է նկատվում երկրում: Ավելի մեծ տոկոսայնությամբ հիվանդությունը նկատվում է տղամարդկանց մոտ, քան թե կանանց մոտ, քանի որ տղամարդիկ ավելի շատ են մնում արեւի տակ: «Արեւայրուքներ հիմնականում ավելի շատ առաջանում են ոչ միայն ծովի ափին պառկելուց հետո, այլեւ նրանց մոտ, ովքեր աշխատում են հենց արեւի տակ: Այսպիսի մարդկանց մոտ պիգմենտային գոյացությունների երեսուն տոկոսը կարող է վերածվել ուռուցքի»:

Սակայն նաեւ նշում են, որ ուռուցքը միանգամից արեւայրուք ստանալուց հետո ի հայտ չի գալիս, այն կարող է ի հայտ գալ մեկ կամ մի քանի տարի հետ:

Բանախոսները նաեւ անդրադարձան արեւայրուքի օգտակար հատկանիշներին: Առավոտյան ժամերին արեւային լոգանքը կարող է օգտակար լինել վիտամին D-ի պակասության դեպքում:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031