Հուլիսի 23-ին Տավուշի մարզի Բաղանիս գյուղի 25-ամյա բնակիչ Արծրուն Բեգլարյանը Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղից ամուսնության նպատակով առեւանգել է իր ծանոթի 16-ամյա աղջկան: Աղջկա ծնողների ահազանգից հետո ոստիկանությունը ձեռնարկել է համապատասխան միջոցներ : Ա. Բեգլարյանը իր վարած «ՎԱԶ -2109» մակնիշի ավտոմեքենայով Դիլիջան քաղաքի տարածքում բախվել է ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի մեքենային, ապա՝ «Միցուբիշի » մակնիշի մեքենայի:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանից տեղեկացանք , որ Ա. Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 1-ին մասով(« Խաբեության,վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առեւանգելը»): Գ. Իսպիրյանն ասաց, որ Արծրուն Բեգլարյանը ստորագրությամբ բաց է թողնվել, քանի որ նա հասարակության համար վտանգ չի ներկայացնում, երիտասարդը ցանկանում էր ամուսնանալ աղջկա հետ: Ա. Բեգլարյանը տառապում է շաքարային դիաբետով, ամեն օր ինսուլին է սրսկվում: Բաղանիս համայնքից տեղեկացանք,որ Ա. Բեգլարյանը, թեև Հայաստանի քաղաքացի է, սակայն վերջին տարիներին ծնողների հետ բնակվում էր Ռուսաստանում: Համագյուղացիները Ա. Բեգլարյանին բնութագրում են որպես համեստ երիտասարդի:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև