«Ինձ որեւէ մեկը դեռ չի բացահայտել, թե այդ պատասխանատվությունն ինչպիսի՞ն պետք է լինի: Այդ դեպքում, ես կասեի`համաձայն եմ կամ համաձայն չեմ: Այսինքն, ինչպե՞ս է ժողովուրդը պետությանը ենթարկելու պատասխանատվության»,- այսօր «Եվրասիա» համալսարանում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումների ժամանակ ասաց սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գեւորգ Դանիելյանը: Քննարկումների ժամանակ հարց հնչեց`հայեցակարգում սահմանվա՞ծ են, արդյոք, պատասխանատվության մեխանիզմներ, քանզի Սահմանադրությամբ, օրենքներով ամրագրված բազմաթիվ պարտավորություններ պետական պաշտոնյաները, քաղաքական ուժերը, պարզապես չեն կատարում եւ դրա համար որեւէ պատասխանատվության` քաղաքական, իրավական, թե բարոյական, չեն ենթարկվում:
Գեւորգ Դանիելյանը մասնավոր օրինակի վրա բացատրեց. «Դուք ընտրում եք պատգամավոր, նա չի արդարացնում ձեր հույսերը, չի իրականացնում իր գործառույթներն այնպես, ինչպես դուք եք պատկերացնում կամ ինքն էր խոստացել եւ այլն: Ո՞րն է սրա պատասխանատվությունը: Դրա պատասխանատվությունը միակն է`մի ընտրեք այդ պատգամավորին եւ վերջ»: Գեւորգ Դանիելյանն այն կարծիքին է, որ նախ ընթացակարգերը պետք է լինեն այնպիսին, որպեսզի մարդիկ պատասխանատվություն զգան:
Նա ընդունելի չի համարում մասնավորաբար, պատգամավորի ետկանչի ինստիտուտի կիրառումը: Մանավանդ, համամասնական ընտրակարգի պարագայում, դրա իրականացման մեխանիզմը չի պատկերացնում: Գտնում է, որ որոշակի չափորոշիչներ պետք է լինեն սահմանված, ասենք, բացակայությունների քանակը, եւ ԱԺ-ն ըստ այդմ որոշումներ կայացնի: Ընդ որում, խորհրդարանի որոշումը պետք է վերաբերվի բացակայությունների հարգելի-ոչ հարգելի լինելուն, քանզի սահմանված բացակայությունների քանակի պարագայում, մեխանիկորեն, տվյալ պատգամավորը պետք է զրկվի իր գործառույթներից:
Ինչ վերաբերվում է ձեռնարկատիրական գործունեությանը, ապա բանախոսը կարծում է, որ վաղ թե ուշ Հայաստանում եւս կկիրառվի հայտարարագրերի ներկայացման նաեւ ծախսային մասի պարտադիր պայմանը, ինչն էլ հնարավորություն կտա առավել լիարժեք պատկերացումներ կազմել տվյալ անձի գործունեության մասին: Այժմ ներկայացվում է հայտարարագրերի միայն եկամտային մասը: Այդ դեպքում, բանախոսի համոզմամբ, նաեւ համապատասխան ինստիտուտների գործունեության պարագայում, խնդիրը կվերանա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև