Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Դանիելյան. «Ի՞նչ է 1998-ին հասարակությունը պահանջում էր, որ Սահմանադրությո՞ւն ընդունեինք»

Հուլիս 24,2014 11:56

«Մարդիկ համարժեք չեն ընկալում խնդիրը, բավարար իրազեկված չեն, բայց քննարկումների արդյունքում իրազեկվածությունը մեծացել է»,- այսօր Եվրասիա միջազգային համալսարանում`խոսելով ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի մասին, ասաց ՀՀ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանը:

Նա անդրադարձավ այն խնդիրներին, որոնք հաճախ բարձրացվում են լրատվամիջոցներում եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների կողմից, թե բարեփոխումների անհրաժեշտ հիմքեր, հասարակական պահանջը չկա: Ինչպես նաեւ, անհրաժեշտ վստահություն չկա այս բարեփոխումներն իրականացնելու համար:
«Մարդկ բարձրացնում են խնդիրներ, որոնց լուծման անհրաժեշտությունը տեսնում են, բայց չեն ասում` ինչպե՞ս: Դա միայն մասնագետը կարող է անել: Երբ վերլուծում ես այս, նաեւ քաղաքական ուժերի դժգոհությունները, հաճախ սուր հարցադրումները`տեսնում ես, որ հասարակական պահանջ կա: Ի՞նչ է 1998-ին հասարակական պահանջ կա՞ր, հասարակությունը պահանջում էր որ Սահմանադրությո՞ւն ընդունեինք»,- նկատեց բանախոսը` հավելելով, որ բարեփոխումների հասարակական պահանջի անհրաժեշտության բաղադրիչները հենց սրանք են:

Գեւորգ Դանիելյանն այն կարծիքին է, որ սահմանադրության զարգացումը միայն փոփոխություններ իրականացնելով չէ, բայց մեր իրավական համակարգն այնպիսին է, որ ստիպված ենք հաճախակի փոփոխություններ անել:

Այս փոփոխություններից հետո, նա հուսով է, ավելի քիչ կանդրադառնանք փոփոխությունների անհրաժեշտությանը, քանի որ մյուս ինստիտուտներն արդեն այդ բացը լրացնելու հնարավորություն կտան:

Բանախոսն անդրադարձավ նաեւ այն դիտարկումներին, թե եթե գործող Սահմանադրությունը վատն էր, ինչո՞ւ են ժամանակին դրական բնութագրել այն:
«Մենք չենք ասում, որ սահմանադրությունն այնքան վատն է, որ ամբողջությամբ պետք է փոխել: Կիրառական փորձը եւ վերջին միջազգային զարգացումները հանգեցրել են նրան, որ փոփոխություններ են պետք: Սահմանադրությունում կան թերություններ, բայց միայն դրանք չեն փոփոխությունների պատճառը»,- ասաց նա:

Սահմանադրությունում առկա թերություններին անդրադառնալով`առանձնացրեց նաեւ խմբագրական թերությունները. «Խմբագրությունը նաեւ մատչելի պետք է լինի հանրության մեծամասնության համար, հաճախ այնպիսի ձեւակերպումների եմ հանդիպում, որ չեմ կարողանում ներել ինքս ինձ եւ այն մարդկանց, ովքեր զբաղվել են Սահմանադրությունով եւ թույլ են տվել նման ձեւակերպում: Կան վրիպակներ, որոնք աններելի են պետության հիմնական օրենքի համար»: Բանախոսն օրինակներ բերեց 19 և 18 հոդվածներից. առաջինը դատական նիստերի հրապարակայնության մասին է, երկրորդը`ՏԻՄ-երի:

«Կան նաեւ պետական մարմիններ, որոնք Սահմանադրությամբ նախատեսված չեն` ԿԸՀ-ն, կառավարությանն առընթեր անկախ մարմինները , ԱԱԾ-ն, ոստիկանությունը եւ այլն, որոնք կառավարության կազմում չեն եւ այսօրվա իրավական համակարգի պայմաններում, խորհրդարանի վերահսկողությունից դուրս են: Այդ պատճառով է այսօր քննարկվում հարցն`այդ մարմիններին նախարարության կարգավիճակ տալու մասին»,- ներկայացրեց Գեւորգ Դանիելյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031