Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյան. «Սահմանադրական փոփոխությունների քաղաքական քննարկումները դեռ առջեւում են». «Հայոց աշխարհ»

Հուլիս 24,2014 11:49

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, պետաիրավական հանձնաժողովի նախագահ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ

-Սահմանադրական փոփոխությունների շուրջ քննարկումներին հետեւելով կարելի է կարծել, թե միայն բարեփոխումները նախապատրաստող հանձնաժողովի անդամներն են հետաքրքրված դրանով՝ քաղաքական ուժերը հիմնականում անտարբեր են։

-Ընդհանրապես սահմանադրական փոփոխությունների հետ կապված՝ մի փոքր թյուրընկալում կա։ Այո, ձեւավորվել է մասնագիտական խումբ, եւ անկախ փորձագետների մակարդակով փորձ է արվում բարեփոխումներ իրականացնել մայր օրենքի մեջ, որպեսզի բոլոր բացերը, խնդիրները, նոր մարտահրավերները, որոնք ի հայտ են եկել տարիների ընթացքում, հաշվի առնվեն եւ ներառվեն այս փոփոխությունների փաթեթի մեջ՝ անկախ քաղաքական հայացքներից եւ քաղաքական դիրքորոշումներից։

Այս պահին քննարկումները ծավալվում են մասնագիտական հանձնաժողովի կողմից ներկայացված հայեցակարգի նախագծի շուրջ, իսկ սահմանադրական փոփոխությունների քաղաքական քննարկումները, իմ պատկերացմամբ, դեռ առջեւում են։ Հայեցակարգի վերջնական տարբերակը սեպտեմբերին կդրվի նախագահի սեղանին, եւ, կարծում եմ, բուն քննարկումները կսկսվեն դրանից հետո։

-Որքանո՞վ են իրականությանը համապատասխանում մամուլում շրջանառվող տեսակետները, թե իշխանությունները, վերջին հաշվով, ձեռնպահ կմնան բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելուց՝ վախենալով, որ ընդդիմության ջանքերով այն ձեր դեմ շուռ կգա:

-Պետք է ասեմ հետեւյալը. այն առաջին քայլերը, հայտարարությունները, որ արեց սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու իրավունք ունեցող անձը, այն է` հանրապետության նախագահը, ինքնին արդեն վկայում է, որ այդ «լուրերը», մեղմ ասած, անտեղի են։ Նախագահ Սերժ Սարգսյանը հստակ հայտարարեց, որ չի հավակնում սահմանադրական փոփոխությունների արդյունքում եւս մեկ անգամ վերընտրվել նախագահի պաշտոնում։ Ավելին՝ եթե մասնագիտական հանձնաժողովը կանգ առնի խորհրդարանական մոդելի վրա, չի հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին, քանզի ենթադրվում է, որ խորհրդարանական համակարգում վարչապետն առավել լայն լիազորություններով է օժտված։

Նպատակը մեկն էր՝ մասնագիտական խմբին լիակատար ազատություն ընձեռել, արդյունքում ունենալ լավ սահմանադրություն, որը կգործի բոլոր պարագաներում եւ թույլ կտա ֆորսմաժորային իրավիճակները, որոնք կարող են առաջանալ, կարգավորել սահմանադրաիրավական դաշտում։

Իսկ սահմանադրության, սահմանադրական բարեփոխումների տերը ժողովուրդն է՝ եթե փաստաթուղթը հանրաքվեի դրվի եւ չարժանանա ժողովրդի հավանությանը, բնականաբար այն չի ընդունվի։ Եթե ժողովուրդը ի սկզբանե դեմ կլինի, դարձյալ խնդիր չեմ տեսնում. մեր քաղաքական թիմը երբեք, գոնե 2003 թվականից այս կողմ, զոռով, զոռբայությամբ իր տեսակետը ժողովրդին չի պարտադրել։ Առավել եւս՝ երբեք չի դիտարկել սահմանադրական բարեփոխումները որպես «վերարտադրվելու» գործիք։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031