Լրահոս
Օրվա լրահոսը

Հարյուր օրվա ընթացքում տնտեսության ոլորտում կառավարությունն իսկապես որոշակի, երբեմն նույնիսկ ռիսկային քայլեր կատարել է. «Հայոց աշխարհ»

Հուլիս 24,2014 11:28

Ցանկացած կառավարության գործունեություն գնահատվում է առաջին հերթին տնտեսական աճով եւ հասարակության եկամուտների ավելացմամբ։ Այս առումով Հ.Աբրահամյանի գլխավորած գործադիր իշխանությունը հպարտանալու քիչ բան ունի։

Տնտեսական գործընթացները Հայաստանում շարունակում են մնալ ցածր մակարդակում։ Հասարակության սոցիալական վիճակի բարելավման մասին նույնպես դժվար է խոսել։

Սակայն ասել, որ երեք ամսվա ընթացքում հնարավոր է երկրի տնտեսության մեջ եւ սոցիալական իրավիճակում կտրուկ շրջադարձեր ապահովել, միամտություն կլինի։ Ուստի խոսելով կառավարության գործունեության անցած 100 օրվա մասին, հարկավոր է առաջին հերթին քննարկել այն քայլերը, որոնք իրականացվում են նշված նպատակներին հասնելու համար։

… Գործունեության մեկնարկից կարճ ժամանակ անց վարչապետը հայտարարեց հավասար հարկային հարաբերությունների ստեղծման մտադրության մասին, որին շատերը թերահավատորեն են մոտենում։ Իհարկե, վաղ է խոսել հավասար դաշտի մասին, բայց փաստ է, որ իսկապես կատարվում են քայլեր՝ ստվերը կրճատելու ուղղությամբ։ Առանձնացվել են այն ռիսկային ընկերությունները, որոնք հայտնվել են հարկայինի խստացված հսկողության տակ։

Ֆինանսների նախարարության հարկային ծառայության հրապարակած անցած երկու տասնօրյակների ցուցանիշները հիմք են տալիս մի կարեւոր դիտարկում անել. հարկատուները սկսել են ավելի զգուշավոր լինել հարկային հաշիվների դուրսգրման առումով։ Մի բան, որ հանգեցրել է դրանց կտրուկ ավելացման։ Սա նշանակում է, որ տնտեսավարողներն այդքանով բացահայտում են իրենց գործունեությունը։ Այնպես չէ, որ հաշված օրերի ընթացքում նրանց բիզնեսը կտրուկ բարելավվեց։

Ի տարբերություն տնտեսական ակտիվության, կառավարությանը հաջողվեց բարելավել հարկերի հավաքումը, որը տարեսկզբին այնքան էլ լավ վիճակում չէր։ Մասնավորապես հունվար-փետրվարի եկամուտները նույնիսկ զիջեցին նախորդ տարվա մակարդակին։

Ապրիլից հետո իրավիճակը բավական փոխվեց։ Արդեն առաջին կիսամյակի տվյալներով բյուջեի հարկային մուտքերի աճը նախորդ տարվա մակարդակը գերազանցեց 4,3 տոկոսով։

Ստվերային տնտեսությունը նվազեցնելու նպատակով կառավարության գործունեությունը չսահմանափակվեց միայն հարկային վարչարարության խստացումներով։ Ընդլայնվեց այն ապրանքների ցանկը, որոնք առաջիկայում ենթարկվելու են պարտադիր դրոշմավորման։

Ինչպես հայտնի է, այդ քայլը կարեւոր նշանակություն է ունենում ոլորտի ստվերային շրջանառությունների բացահայտման գործում։ Թեեւ այն ունի նաեւ բացասական հետեւանքներ։ Սովորաբար ստվերային շրջանառությունները բացահայտելու ճանապարհին ձեւավորվող վնասները տնտեսավարողները փորձում են փոխհատուցել գների բարձրացման, հետեւաբար եւ սպառողների հաշվին։

Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031