Օրեր առաջ հայտնի դարձավ, ու Ամերիկայի Միացյալ Նահանգներում ծնվել է երգչուհի Սիրաշոյի եւ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոն Քոչարյանի առաջնեկը։
Երեկ զրուցեցինք Սիրուշոյի տատիկի՝ տիկին Սիրանուշի հետ։ Նա ասաց, որ երգչուհու ծնողները՝ Սյուզան Մարգարյանն ու Հրաչյա Հարությունյանը, նույնպես ԱՄՆ-ում են։ Իսկ ինքը, վստահեցրեց, քիչ տեղեկություններ ունի։ Մասնավորապես, նրան հայտնի չէին հորական պապի անունով՝ Ռոբերտ կնքված նորածին ծոռան քաշն ու հասակը։ Սիրուշոյի տատիկը չգիտեր նաեւ, թե երբ է իր ընտանիքի հետ Հայաստան ժամանելու Ռոբերտ Քոչարյան կրտսերը։
Անդրադառնալով երգչուհու՝ ԱՄՆ-ում ծննդաբերելու պատճառներին, տիկին Սիրանուշը մատնանշեց վերջերս այնտեղ կայացած «World Armenian Entertainmentards» մրցանակաբաշխությունը։ «Ինձ թվում է՝ ոչ մի պատճառ չկար։ Քանի որ ինքը գնաց մրցանակաբաշխության (փոփ թագուհու տիտղոս ստացավ իմ աղջիկը), արդեն իր ծննդաբերության օրերն էին, նորից ինքնաթիռով հետ գալը դժվար էր, այդպես էլ մնաց, իսկ հիմա ծնողներն էլ արձակուրդ են, այնտեղ են, այդտեղ ի՞նչ կա»,- ասաց նա։ Դիտարկմանը, թե հիմա, փաստորեն, Սիրուշոյի տղան ԱՄՆ պոտենցիալ քաղաքացի է, տիկին Սիրանուշը պատասխանեց. «Դա ի՞նչ կարեւոր է։ Թեկուզ այդպես»։
Իմիջիայլոց, նշված մրցանակաբաշխությունը, որին էլ, ստացվում է, ընձեռվել է Ռոբերտ Քոչարյանի թոռան կյանքում վճռորոշ ու ճակատագրական հարց լուծելու առաքելությունը, կայացել է մայիսի 11-ին՝ Սիրուշոյի ծննդաբերությունից երկու ամիս առաջ։ Ստացվում է, որ Քոչարյանների ընտանիքում այնքան էլ չեն հավանում իրենց կառուցած երկիրը եւ ցանկանում են, որ իրենց թոռնիկը նորմալ եւ ոչ թե քոչարյանասերժական երկրում ապրելու հնարավորություն ունենա։
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում