Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկինում երբեք էլէներգիայի թանկացման համար հիմնավորումների այսպիսի դեֆիցիտ չէր եղել. «Հայկական ժամանակ»

Հուլիս 24,2014 10:34

Ուղիղ մեկ շաբաթից Հայաստանի բոլոր սպառողները էլեկտրաէներգիայի դիմաց կվճարեն 10 տոկոս ավելի գումար, քան ներկայումս։

Օգոստոսի մեկին ուժի մեջ է մտնում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ)՝ այս տարվա հուլիսի 1-ին ընդունած որոշումը, ըստ որի, էլէներգիայի յուրաքանչյուր կՎտ ժամի սակագինը 38 դրամից դառնում է 41 դրամ 85 լումա։

Իհարկե, առաջին անգամը չէ, որ Հայաստանում բարձրանում է էլէներգիայի սակագինը, բայց այս մեկը, անշուշտ, յուրահատուկ դեպք է՝ ցնցող։ Նախկինում երբեք էլէներգիայի թանկացման համար հիմնավորումների այսպիսի դեֆիցիտ չէր եղել։ Հենց հայտնի էր դառնում, որ ՀԾԿՀ-ն էլէներգիայի թանկացման հարց է քննարկելու, հանրության գլխին էին թափվում հիմնավորումներ։ Բազմաթիվ մասնագետներ ելույթներ էին ունենում, ցուցանիշներ էին հրապարակվում, հաշվարկներ էին կատարվում… Սակագնի բարձրացմանը դեմ արտահայտվող մասնագետները հակառակ հիմնավորումներ էին բերում, ներկայացնում էին իրենց հաշվարկները։

Մյուս կողմը ներկայացնում կամ գոնե փորձում էր ներկայացնել լրացուցիչ հիմնավորումներ: Բայց վերջում, անկախ նրանից, թե որ կողմի հիմնավորումներն էին ավելի համոզիչ, հանրությունը թեկուզեւ դժգոհությամբ, բայց կարծես թե ընդունում էր սակագնի բարձրացման անխուսափելիությունն ու հիմնավորվածությունը։

Այս անգամ սակագնի բարձրացման ընթացքը բոլորովին այլ էր։ Հանձնաժողովը, որը իր նախաձեռնությամբ էր որոշել բարձրացնել սակագինը, ինչ-որ «հիմնավորումներ» ներկայացրեց ու քաշվեց մի կողմ։ Առաջին անգամն էր, որ դրանք չբավարարեցին նույնիսկ ԱԺ հանրապետական մեծամասնությանը։ ԱԺ-ի տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովում հարցի քննարկման ժամանակ հենց ՀՀԿ-ականները, հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի գլխավորությամբ, բազմաթիվ կասկածներ հայտնեցին սակագնի բարձրացման անխուսափելիության շուրջ, բայց հանձնաժողովը դրանք պարզապես չնկատելու տվեց։

Եվ մի ուշագրավ դետալ եւս։ Նախկինում ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը սակագնի որեւէ փոփոխության վերաբերյալ որոշում կայացնելուց հետո հանդես էր գալիս ասուլիսով, պատասխանում էր հարցերին։ Այս անգամ, սակայն, Նազարյանը հանձնաժողովի այդքան աղմկահարույց որոշումը հրապարակելուց հետո կտրականապես հրաժարվեց պատասխանել որեւէ հարցի։ Հանձնաժողովի նիստից առաջ էլ նա որեւէ լրագրողի հարցի չի պատասխանել։ Սրանով հաստատվում է այն պնդումը, որ բազմաթիվ հարցերի պատասխաններ Նազարյանը չունի եւ չի կարող հիմնավորել սակագնի բարձրացման անհրաժեշտությունը։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031