Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեւ ցուցակների» իմաստը

Հուլիս 24,2014 10:18

Երեկ Յուրմալայում մեկնարկել է «Նոր ալիք» երիտասարդ երգիչների մրցույթը, որին ես ավելի լավ եմ վերաբերվում, քան «Եվրատեսիլին»: Նախ` այնտեղ աշխատում է մասնագիտական ժյուրին, երկրորդ` այդ մրցույթում ավանդաբար հաջող են ելույթ ունենում մեր երգիչները: Նկատի ունեմ թե՛ այս «Նոր ալիքը» եւ թե՛ դրա խորհրդային «նախատիպը»` «Յուրմալան» եւ Նարինե Հարությունյանին, Արամոյին, իսկ նոր ժամանակներում` Սոնա Շահգելդյանին: Վստահ եմ, այս անգամ էլ Սոնա Ռուբենյանը արժանի ձեւով կներկայացնի մեր երկիրը:

Ցավոք, այստեղ էլ է քաղաքականությունը պղտորել երաժշտական փառատոնը: Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունների վատթարացումը ազդել է նույնիսկ այդ` քաղաքականապես «չեզոք» (ի տարբերություն «Եվրատեսիլի») մրցույթի վրա: Լատվիան, որպես Արեւմուտքի մաս, հայտարարել է, որ չի թույլատրելու իր երկիր ռուսաստանցի արտիստներ Վալերիայի, Կոբզոնի եւ Գազմանովի մուտքը: Նրանց «մեղսագրվում է» Ղրիմի եւ ընդհանրապես Ուկրաինայի հարցում Պուտինի քաղաքականությանը սատարելը;

Ինձ թվում է՝ դա սխալ որոշում է: Հարցն այն չէ` լավն է Պուտինի քաղաքականությունը, թե վատը: Խնդիրն այն է, որ մարդիկ շահախնդրորեն, թե ինքնաբուխ` իրենց կարծիքն են հայտնում այդ քաղաքականության մասին: Նրանք ոչ կրակում են Ուկրաինայում, ոչ էլ կրակելու հրամաններ են տալիս: Պատժել թեկուզ սխալ, թեկուզ անընդունելի, բայց տեսակետ հայտնելու համար, իմ կարծիքով՝ չի համապատասխանում արեւմտյան արժեքների էությանը:

Չինովնիկների խնդիրն այլ է` նրանք ընդունում են այս կամ այն որոշումը, որը կարող է տվյալ երկրին կամ երկրների խմբին դուր չգալ: Բայց պատժամիջոցներ կիրառել արտիստների, լրագրողների, հասարակական գործիչների կամ մտավորականների դեմ` արդարացված չէ, անհարկի սրում է իրավիճակը: Հաջորդ տարի ռուսները, ենթադրենք, Սոչիում կազմակերպելու են նմանատիպ մրցույթ: Ի՞նչ կլինի, եթե նրանք դիմեն համանման պատժամիջոցների: Դարձյա՞լ աշխարհը բաժանվելու է երկու մասի, եւ մենք վերադառնանք այն ժամանակներին, երբ գրեթե միակ «պաշտոնապես թույլատրված» ամերիկացի երգիչը Դին Ռիդն էր:

Ադրբեջանում նույնպես, ինչպես հայտնի է, «սեւ ցուցակներ» կան: Դրանց մեջ մտնում են աշխարհի բոլոր երկրների այն քաղաքացիները, որոնք այցելել են Արցախ: Ինձ թվում է՝ նման ցուցակ կազմելը սահմանափակ մտածողության արդյունք է. ի՞նչ է, Ադրբեջանի իշխանությունները կարծում են, որ բոլոր այդ մարդիկ երազում են այցելե՞լ իրենց երկիր եւ շա՞տ են տառապելու, եթե նրանց մուտքը արգելվի: Պատիժը պետք է ցավ պատճառի մարդուն, հակառակ դեպքում դա մանկապարտեզ է:

Հայաստանում էլ ժամանակ առ ժամանակ նման «սեւ ցուցակներ» են կազմվում` «ապազգային տարրերի» կամ «ռեժիմի աջակիցների»: Նույնպես շատ իմաստալից զբաղմունք չէ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Hakob says:

    վերջին հաշվով ուկռնրը ու ազերինը նուն բանն են, իսկ անգլո-սաքսերի միշտ էլ եղել են անօրենի կողքին: դա է իրենց քաղաքականության անկյունաքարը:
    իսկ Լիտվա, Լեհաստան, /և այլն այս խմբում/ ք անգամ զուգարան այժմ առանց անգլո-սաքսրեի թույլատրության չեն կարող գնալ:

  2. ՀՀ քաղաքացի says:

    իրավացի չեք պարոն Աբրահամյան… Ձեւական առումով, այո Վալերիան,Կոբզոնն ու Գազմանովը ոչ կրակել են, ոչ կրակելու հրաման տվել, բայց կողմ են, որ հրաման տալու իրավունք ունեցողը նման հրաման տա……………

  3. Արմեն says:

    Սկզբունքորեն համաձայն եմ Ա. Աբրահամյանի հետ, միայն երբ գրում է “Պատժել թեկուզ սխալ, թեկուզ անընդունելի, բայց տեսակետ հայտնելու համար, իմ կարծիքով՝ չի համապատասխանում արեւմտյան արժեքների էությանը:” Հենց գրում եք ” արևմտյան արժեքներ ” բառակապակցությունը ու ես դիտում եմ լուրեր, այդ տերմինը զզվելի է թվում, ճիշտը արևմտյան արժեքներ ասելը չէ կարծում եմ այլ….. դեռ չգիտեմ ինքս:

  4. AP says:

    Դե ճիշտ ա դրանից ոչ Կաբզոնի նյութականը կտուժի ոչ էլ գլխի կեղծամը կթափվի։Բայց էն որ հոգեպես ցավ չի զգում,էդ սուտ կլինի։ՈՒ ընդհանուր առմամբ պ–ն Աբրահամյանը «ճիշտ»ա,ինչի համար մենք պիտի կիսիլյովի ու նրա նմաններին ընդեմ դեմարշի ժեստ անենք,մեկ ա նրա ախորժակն ու տրամադրությունը դրանից չի փչանա,ինչի բողոքենք ռուս–ադրբեջանական զենքի առևտուրին,մեկ ա վրներս ղժժալու են։Իսկ լատիշների արածը փոքր սոլիդարիթի ժեստ ա,որը անկասկած իրա պլյուսը ունի(հենց թեկուզ առնետական մոմենտով)։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031