Լրահոս
Օրվա լրահոսը

«Համաշխարհային արժեքի լուրջ արձակ կտամ»

Հուլիս 24,2014 13:45

Երիտասարդ բանաստեղծ Դավիթ Մշեցին՝
գրողի եւ իր գրական կյանքի մասին

«Ինձ, որպես այդպիսին, տաղանդավոր չեմ համարում: Հիմա որ գրես, պետք է գրես Չարենցից լավ, կամ չգրես, հետեւաբար ի՞նչ անել: Բայց ինձ համար կոնկրետ գրականությունն այն է, որը համոզում է»,- սա ժամանակակից բանաստեղծ, 27-ամյա Դավիթ Մշեցու դիտարկումն է: Նրա բանաստեղծությունները սիրո, հայրենիքի, քաղաքական թեմաներով են: Հրապարակել է բանաստեղծությունների երկու ժողովածու՝ «Կարմիր մամուռ», «Քառասուն դար, քառասուն տարի»: Ասում է՝ իր ընթերցողներն իրեն ճանաչողներն են, նրանց թիվն ավելացնելու մասին երբեք չի մտածում, նկատել է՝ սկզբից իր գրածին քննադատաբար են վերաբերվում, հետո արդեն հաշվի նստում դրանց հետ. «Ես կարողանում եմ հիմնավորել՝ ինչի՞ եմ գրել»:

Մտահոգության առարկան այսօր ստեղծվող գրականությունն է: «Վերջերս Գրողների միությունում սիմպոզիում էր, ջահելներով հավաքվել էինք, 14 տարեկան երեխան գրել է. «Խնդրում եմ, մայր, թույլ տուր քո փոխարեն ես ծնեմ իմ եղբորը»: Այսինքն՝ հակաբնական է, այդ մարդը չի կարող դա զգալ: Ինտելեկտուալ բլեֆներ են, որ խաղում են մեր գլխին… Ինչ-որ շտամպ է դրված, որ հայր-աղջիկ կամ քույր-եղբայր իրար հետ չեղան, դա գրականություն չէ… Դրսից եկած բան է…»,- ասում է նա եւ նշում, որ այսօր հայ գրականությունում արժեւորվելու համար տաղանդ էլ անհրաժեշտ չէ, տեխնիկան է գնահատվում: «Այսինքն՝ եթե քեզ տամ սխեմա, դու սովորես, գնաս, մտնես Գրողների միություն, հինգ ամիս հետո կստանաս նախագահի մրցանակ: Դու պետք է գրես մի քանի տող, որ կարեւորը իմաստ չարտահայտի,- ասում է Դավիթ Մշեցին՝ հիշելով,- Գրողների միության սիմպոզիումի ժամանակ ասացի՝ հիմա ձեզ համար մի քառասուն բանաստեղծություն եմ գրելու, նստեցի ու գրեցի. «Կաղամբները ամորձաթուրմի մեջ կորցրել են երբեւէ քո հետ լինելու հույսը» ու վե՜րջ, բոլորը հարցնում են՝ էս ո՞նց ես գրում…(ծիծաղում է-հեղ)»:

Նկատում ես՝ գրողը վախենում է գրականության բերած վտանգից: «Կոսմոպոլիտիզմը, որ մտել է սրանց մեջ, շատ զզվելի է: Աշխարհում որեւէ ստեղծագործող չի եղել, որ ինքն ազգայնական չլինի,- ասում է նա եւ շեշտում, որ ինքն էլ ազգայնամոլ է, իրեն համամարդկային արժեքներ դավանող չի համարում- Դանթեն, որ հումանիզմի առաջին սոխակներից է, բերում էր, իր դժոխքի ամենավատ պարունակում՝ իններորդում, լինելով այդքան քրիստոնյա, Հուդայի հետ Բրուտոսին էր գցում, որովհետեւ նա ազգի վրա էր ձեռք բարձրացրել: Պետք էր, էլի, դա, որովհետեւ գրականությանը տեսականորեն պետք չէ նայել, պետք է անկեղծանաս գրականության հետ, դուրսը ինչ ուզում ես խոսա, բայց քեզ հետ անկեղծ եղիր»:

Իրեն մտավորական է համարում: «Իսկ մտավորականն ի՞նչ է. ժողովրդից սերած, ժողովրդի խնդիրներով զբաղվող մարդ: Ի դեպ, մի զզվելի բանը էկավ, մտավ մեր մեջ: Մեր մեծերից շատերը, ում գիտես, էս ազգի հերն անիծեցին իրենց պահվածքով, ամեն մեկը քաշվեց մի կողմ, եթե ժողովրդի կարեւոր պահերին կանգնած լինեին ժողովրդի կողքին, այսպես չէր լինի: Դա մտավ ջահելների մեջ, հիմա բոլորն ասում եմ. «Ես մտավորական եմ, իմ գործն եմ անում, գործ չունեմ մնացածի հետ»: Ես թքած կունենայի «Նարեկի» ամեն մի տողի, ամեն մի թերթի վրա, եթե դա պետք է 15 տարի հետո ինչ-որ մի երկրում թանգարանային նմուշ լիներ: Թքել եմ ամենալավ գրականության վրա, եթե պիտի որոշ ժամանակ հետո դրանք հնագետները ուսումնասիրեն ու ասեն՝ այսպիսի ազգ է եղել»,- ասում է նա: Մշեցուն հատուկ տաքարյունությամբ ինքն էլ մշտապես հայտնվում է հասարակական ընդվզումների կիզակետում: «Էս ժողովրդի մեջ նվիրյալներ չկան»,- նկատվում է նրա մտահոգությունը, վախենում է, որ ազգի գենը կկորչի: «Գենն արդեն կորել է»: Չնայած խոսքի վերջում չի ցանկանում հոռետես երեւալ. «Էս ազգը իր մեջ այնքան լավ բան ունի, այդ հայը, եթե անկեղծ լինենք, այդ հայ տեսակը մեր երկրում միշտ էլ եղել է ազգային փոքրամասնություն՝ Գեւորգ Չաուշը, Հեթանոս Գագոն…, նրանք են հայ տեսակը: Քանի աշխարհը կա, էս ազգը կլինի: Կարող է՝ քիչ լինի, բայց էս աշխարհագրական տարածքում կլինի»:

Եվ պատահական չէ նաեւ այն հանգամանքը, որ Դավիթը «Մշեցի» է ստորագրվում: «Ճիշտն ասած, առաջին անգամ եմ խոստովանում, ուղղակի առիթ չի եղել նման խոսակցության: Իմ գերխնդիրը ո՞րն է: Ես հաստատ գիտեմ, որ բալզակյան մի բան կա մեջս, կյանքիս մի շրջանում, էս թոհուբոհը որ անցավ, ես ժամանակ ունեցա հինգ տարի հանգիստ ստեղծագործելու, համաշխարհային արժեքի լուրջ արձակ կտամ, մեջս խմորվում է: Գուցե սա հետո մնա զուտ խոստում, հետո կասեն ինձ՝ Քրիստոսի նման խաբեցիր ու թռար (ծիծաղում է-հեղ.)… ինչի՞ Մշեցի, որովհետեւ, երբ ֆրանսիացին վերցնի, կարդա, կասի՝ ուրեմն այնտեղից էկածը էնքան է պահել իրան, որ հա, էլի, փաստորեն կա: Միգուցե սա մի քիչ միֆական, երազային ինչ-որ բան է…»:

Մեր զրույցի ամբողջ ընթացքում երիտասարդ բանաստեղծը խուսափում է սեփական գործերից խոսել, ասում է՝ չի սիրում. «Դու պատկերացնո՞ւմ ես, եթե մարդը իր կյանքի մեջ Մալարմե, Պոլ Վեռլեն չի կարդացել, Տերյան չգիտի, Դավիթ Մշեցի կարդա, ի՞նչ անի»: Գրում է, որովհետեւ չի կարող չգրել: «Ես սովորաբար խուսափում եմ գրելուց, բայց գրում եմ այն ժամանակ, երբ ուղղակի չեմ կարող չգրել, գալիս, այդ «լրբուհին» (նկատի ունի մուսային-Հ.Հ) ու քսմսվում է ինձ… Իմ գերխնդիրն է՝ երբեք մտածված չգրել: Խելք պետք չի, մենակ ձեռք է պետք ու սիրտ»,- ասում է նա եւ նշում, իր համար այլեւս նպատակ է դարձել ոչ թե լավ գրականություն ստեղծելը, այլ ստեղծել գործ, որ կհուշի ինչ-որ բան, «կասի՝ տղերք, սա այսպես պիտի լինի, նա՝ այնպես»:

Ստեղծագործելու համար հիմա կատարյալ պայմաններ կան՝ երբ չգիտես՝ ինչ կլինի քեզ հետ ու հազարումի խնդիրներ ունես, միայն մի քիչ ժամանակ է ուզում:
Խոստովանում է՝ իր գրականությունը նույնպես, ինչպես բոլոր ժամանակների յուրաքանչյուր գրողի դեպքում, համաշխարհային եւ հայ հեղինակների ազդեցությունն է կրում, որեւէ մեկին առանձնացնել չի կարողանում, տարակուսում է՝ գուցե Չարենցի, Սեւակի…
Երբ հարցնում ես՝ ի՞նչը չի ցանկանա, կվախենա հրապարակել, միանգամից պատասխանում է՝ չկա նման բան, բայց մի պահ մտածելուց հետո ասում է. «Արձակը չեմ հրապարակի, կան, գրել եմ… եսիմ… իմ կենդանության օրոք բացառված է, որ կհրապարակեմ: Այն պետք է մի քայլ առաջ լինի ու հարց է առաջանում՝ արդյոք պետք է գրե՞ս արձակ, եթե դու պիտի առաջ անցնես: Զուտ փառասիրությանդ հագուրդ տալու համար, գուցե…»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կ. Հովասափյան says:

    Օֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆ, լավ էլի: Էն զոոֆիլիայի և ինցեստային գրականության մասին ճիշտ ես ասում, մնացած բաները փուչ զրույց են:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031