Գիրք, որը պետք է կարդա ամեն սկսնակ լրագրող
Մի բան է, երբ տեսաբանն է լրագրություն դասավանդում, եւ մեկ այլ, երբ դա անում է գործող լրագրողը. այս դեպքում դասերն ավելի «ապրված են» ու ավելի պետքական: Մամուլում երկարամյա աշխատանքի հարուստ փորձ ունեցող, իսկ այժմ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկիրն այսօր» լրատվական թողարկման գլխավոր խմբագիր Ռուզան Խաչատրյանի «Սկսնակ լրագրողի գիրքը», որը «Անտարես» հրատարակչությունը հրապարակել է վերջերս՝ հենց երկրորդ դեպքն է:
«Ուզում եմ իմանաս, թե իրականում ինչ է պահանջվում սկսնակ լրագրողից»,- նախաբանում իր սկսնակ գործընկերներին ասում է Ռուզան Խաչատրյանը ու քայլ առ քայլ նրանց ուղեկցում լրագրական աշխարհ: Լրագրողական սկզբունքներից բացի, որոնք գուցե առկա են այլ դասագրքերում՝ այստեղ բազմաթիվ խորհուրդներ կան, որ դժվար թե գտնես որեւէ այլ տեղ՝ աշխատանքային պայմանագրեր ու վճար, հագուկապ ու լրագրողական տեխնիկա եւ այլն:
«Քո լրագրողական կարիերան պետք է սկսես բաց աչքերով»,- գրում է հեղինակը, ու թեեւ տվյալ դեպքում ասվածը վերաբերում է նրան, որ լրագրողը պետք է իմանա լրատվությանն առնչվող օրենքները՝ կարծում ենք, համատեքստն իրականում ավելի լայն է:
Եվս մի մեջբերում անենք Ռուզան Խաչատրյանի խորհուրդներից: «Ուսանողին կամ աշխատանքի նոր ընդունված լրագրողին ոչ մի խելոք խմբագրապետ շատ կարեւոր միջոցառում լուսաբանելու չի ուղարկի: Դու դեռ պիտի վստահություն ձեռք բերես, որ հատկապես բարեխղճորեն ես վերարտադրում տեղի ունեցածը կամ հնչած խոսքը եւ անտեղի հերոսանալու մարմաջ չունես: Հավանաբար, քեզ ավելի շատ կուղարկեն մշակութային, երիտասարդական կամ սոցիալական միջոցառումներ լուսաբանելու: Մի նեղվիր, թեմաների կամ վճարման համար խանդի տեսարաններ մի սարքիր, դա լրագրողին վայել չէ՝ ոչ աշխատանքի առաջին տարիներին, ոչ էլ երբեւէ»:
Մնացածը անպայման արժե կարդալ «Սկսնակ լրագրողի գրքում», որը վաճառվում է «Հայգիրք» եւ «Նոյյան տապան» գրախանութներում:
«Առավոտ» օրաթերթ
23.07.2014