Լրահոս
Օրվա լրահոսը

Մի՞թե մտավոր թույլ, մանկամիտ, կիսահոգեկան մարդու վրա գործ են սարքում

Հուլիս 24,2014 14:15

«Նուբարաշեն» քրեակատարողական
հիմնարկի կալանավոր Աշոտ Մանուկյանի մոր եւ կնոջ նամակը

Մենք ապրում ենք Քարակերտ գյուղում, տղաս՝ Աշոտը, երկար տարիներ աշխատել է գյուղում, անասնապահական ֆերմայում։ Անցած տարի կնոջ եւ 2 տարեկան երեխայի հետ տեղափոխվեցին Արմավիր քաղաք, բնակարան վարձեց, օրավարձով երկաթ, մետաղ էր բարձում։ Այդ նույն փողոցում վարձով էր բնակվում Ինդիրա անունով անբարո վարքի տեր մի կին, որին ոստիկանները հետագայում տեղափոխել են ուրիշ փողոց։ Ինդիրայի տունը ոստիկանության որոշ աշխատակիցների համար ծառայում է գործատուների, անգետների բույն, երեկոյան ուշ ժամերին կազմակերպում են զվարճանքներ, որտեղ հավաքվում է մարմնավաճառների մի ամբողջ ոհմակ։ Որքան հիմար եւ հիմնականում անմեղ մարդիկ են Ինդիրայի եւ նրա ոհմակի միջոցով ուղարկվել ճաղերի հետեւ: Ինդիրայի միջոցով Լուիզա անունով կինը, Արմավիրի ոստիկանության աշխատակից Վալոդիկը, Վանաձորի բնակիչ Կարեն Օհանյանը ճաղերի հետեւ ուղարկեցին նաեւ իմ որդուն։ Որդիս տեսողությունից թույլ, երկրորդ կարգի հաշմանդամ է, իսկ նրա կինը եւ անչափահաս աղջիկը հայտնվել են Ինդիրայի ճիրաններում: Դեպքի օրը 1,7 գրամ կանեփանման զանգվածն Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են որդուս մոտ: Արմավիրի մարզի քննիչ Նորիկ Դանիելյանը, քննչականի պետ Ջնդոյանի գիտությամբ ու ցուցմունքով, իր ձեռքով շարադրում է ամեն ինչ՝ առանց փաստաբանի, խաբելով, համոզում է որդուս՝ գրածը ստորագրել, ասելով՝ դատարանում կազատվես, կգնաս տուն։ Աշոտը ոչ գրել գիտի, ոչ կարդալ, հաճախել է ընդամենը մինչեւ 2-րդ դասարան։ Կարենի ու գործով վկաների հետ ոչ մի առերեսում չեն արել, ոչ ոք Աշոտին չի ճանաչել, ոչ մեկի համար փաստաբան չեն հրավիրել։

Դատարանում Կարենը նշեց, որ Աշոտն իրեն ոչինչ չի տվել, ինքը կույր է, թե քննիչն ինչ է գրել՝ ինքը ոչինչ չի կարդացել, միաժամանակ ավելացրեց, որ Աշոտի հետ պահանջել է առերեսում, սակայն քննիչ Ն.Դանիելյանը չի համաձայնել, ասելով, թե գործը կերկարի։ Երեք վկաներն էլ տաքսու վարորդներ են, դատարանում ասացին, որ իրենց ստիպելով, պահանջելով են բերել, իրենք Աշոտին չեն տեսել եւ չեն էլ ճանաչում։ Դատավորի եւ դատախազի հարցին, թե ձեր ներկայությամբ որեւէ մեկն ասե՞լ է, թե Աշոտը ինչ-որ բան է տվել Կարենին, երեքն էլ պատասխանեցին ոչ: Նրանք դատարանում շեշտեցին, որ առանց իրենց ներկայության ցուցմունքը գրել-կազմել էին, ստորագրել տվել, որպեսզի իրենց հանգիստ թողնեին։ Նման ձեւով էլ վարվել է քննիչը, ասելով՝ թե նախկին գործն է, ստորագրեք, գնացեք։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ադամյանի նախագահությամբ, մարտ ամսից մինչեւ հուլիսի 1-ը 8 նիստ գումարեց: Դատավորի, դատախազի, հանրային պաշտպանների խաչաձեւ հարցերը Աշոտին, Կարենին եւ երեք վկաներին՝ հիմնավորեցին, որ Աշոտն իր դեմ ներկայացված ծանր մեղադրանքով բացարձակ անմեղ է։

Հնչեց հարց թե Կարենին, թե երեք վկաներին առանձին- առանձին. «Մինչեւ դատական նիստը որեւէ մեկը Ձեզ վախեցրե՞լ է, համոզե՞լ, ճնշում գործադրե՞լ կամ որեւէ այլ բան արե՞լ է, թե՞ ոչ»։ Նրանք պատասխանեցին, որ ոչ, իրենք ոչ Աշոտին են ճանաչել, ոչ էլ հարազատներին։ Այս ամենից հետո դատարանը Աշոտին դատապարտեց 4 տարի 6 ամիս ազատազրկման։

Դատարանում վճիռը կարդալուց հետո, իմ ու Աննայի լացուկոծին դատավոր Ադամյանը պատասխանեց, որ չի կարող ոստիկանների, քննիչի եւ դատախազի գրածներն անտեսել։
Ինչի համար է եռաստիճան դատական համակարգր, ինչի համար է դատավորների հսկա թիմը, ինչու է պետական բյուջեից հսկայական միջոցներ ծախսվում դատարաններ պահելու համար։ Թող ոստիկանի, քննիչի ու դատախազի ներկայացրած գործր համարվի վերջնական մեղադրանք կամ պատիժ։

Ես ու հարսս՝ Աննան, հունվարին դիմել ենք ՀՀ ոստիկանապետին՝ Վ.Գասպարյանին, սակայն նա ոչ մի միջոց չձեռնարկեց մանրակրկիտ ստուգելու իրողությունը։
Մի՞թե մտավոր թույլ, մանկամիտ, կիսահոգեկան մարդու վրա գործ են սարքում եւ կործանում՝ պաշտոն, դիրք ու շահ ունենալու համար հանրության աչքերին թոզ փչելով։
59 տարեկան եմ եւ 30 տարի է՝ երեւանյան հիվանդ եմ, պետության կողմից գրանցված ամսական դեղորայք եմ ստանում (հնարավորություն չունեմ հիվանդության կարգ հանելու)։ Փոքր տղաս՝ 14 տարեկան, տառապում է երիկամների հիվանդությամբ, հարսս՝ Աննան, ֆիզիկապես տկար է, անառողջ, թոռնիկս 2,5 տարեկան է, չնայած դատավճռում գրել են 7-10 տարեկան: Ասացեք, ինչպես վարվեմ։ Դատավոր Ադամյանը ոչինչ հաշվի չառավ։
Հիվանդ լինելու պատճառով՝ չեմ կարող գալ նախագահի նստավայր, աղերսելու, խնդրելու, գոչելու, զգում եմ, որ մահը մոտ է։ Որոշել եմ մի օր ստիպված կախվել, որպեսզի աշխարհին հասանելի դարձնեմ մեր երկրի որոշ իրավապահների ոճրագործ արարքները։ Թող աշխարհն իմանա ու հասկանա, որ իրենց տրամադրած գրանտների դիմաց կործանվում են միամիտ, անտեր, օրավարձով աշխատող չքավոր ընտանիքները։

Մարդուն խղճի համար, մանկամիտ լինելու համար չեն դատապարտում ու կործանում։ Սա մի վառ օրինակ է՝ օրենքի ողջ խստությամբ պատժելու իրավապահ ատյաններում տարբեր պաշտոններ զբաղեցնող հանցագործներին։

ԷՄՄԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱՆՆԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031