Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի, եզդի կամ հրեա ներկայացող հայերի պատմություններին Եվրոպայում էլ չեն հավատում

Հուլիս 24,2014 14:20

Եվրոպական երկրներ արտագաղթած բազմաթիվ հայեր Եվրոպայում կեցության ու աշխատանքի իրավունք ստանալու համար ինչ պատմություններ ասես, որ չեն հորինում. իբր աղջիկն ադրբեջանցի է, տղան՝ ազգությամբ հայ, եւ քանի որ թշնամի երկրներ են, եւ սիրահար զույգերը ո՛չ Հայաստանում կարող են ապրել, ո՛չ էլ Ադրբեջանում, այդ պատճառով արտագաղթել են մի երրորդ երկիր, որպեսզի հեռու լինեն «արյունախում հարազատներից ու բարեկամներից», որոնք սպառնում են այդ քայլին դիմելու համար «կտոր-կտոր» անել: Եթե մի երեք-չորս տարի առաջ եվրոպացիներն այդ հարցին լուրջ էին վերաբերվում եւ դատերի ժամանակ, ասենք, աչք փակում, որ ադրբեջանցի ներկայացող աղջիկը մեկ բառ անգամ ադրբեջաներեն չէր խոսում, ապա հիմա, ինչպես մեզ հետ զրուցած Եվրոպայում գտնվող միգրանտներն են ասում, այս պատմություններն այլեւս չեն անցնում:

Ըստ մեր զրուցակիցների՝ արդեն մեկ տարուց ավելի է՝ եվրոպական մի շարք երկրներում, որոնք տասնյակ տարիներով միգրանտներ են ընդունել, Կարմիր խաչի ճամբարներն իրար հետեւից փակվում են, եւ հատուկենտ քաղաքներում են, որ դրանք դեռ գործում են: Պատճառը, ըստ մեր աղբյուրի, անկառավարելի չափերի հասնող միգրանտների հոսքն է ոչ զարգացած երկրներից:

Մեր զրուցակիցներից մեկը, որը 10 տարի առաջ ապօրինի ճանապարհով արտագաղթել է Գերմանիա եւ այսօր արդեն ունի ապրելու ու աշխատելու իրավունք եւ ապրում է կեղծ անուն-ազգանվամբ, մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն երկու տարի է՝ հայերի համար Եվրոպայի «ճամբարների» դռներն ընդհանրապես փակ են, միմիայն քաղաքական հալածյալները կարող են ապաստան խնդրել, այն էլ տասնյակ փաստեր ներկայացնելուց հետո:

Սակայն քանի որ ոչ բոլոր արտագաղթողները կարող են նման փաստեր ունենալ, հիմա էլ հայերը նոր հնարամտությունների են դիմում: Հայաստանից գնացած ցանկացած ապօրինի միգրանտ նախ ներկայանում է որպես Ռուսաստանից գնացած, որը եվրոպական այս կամ այն երկիր է հասել ցամաքային ճանապարհով: Երկար ճանապարհ է եկել եւ ճանապարհին փաստաթղթերը կորցրել: «Ճամբարների» պատասխանատուների հարցերին ի պատասխան՝ գրեթե ամեն երկրորդ արտագաղթած այս պատասխանն է տալիս:

Եվրոպացիների համար համոզիչ չեն նաեւ ազգությամբ եզդի աղջկա՝ ազգությամբ հայի հետ ամուսնացած լինելու պատմությունները: Փորձը ցույց է տվել, որ նման պատմություն ներկայացրած զույգը, որից ազգությամբ եզդին սովորաբար աղջիկն է լինում, նույնպես ոչ մի բառ չի կարողանում արտաբերել եզդիերեն, որքան էլ նա եվրոպացիներին փորձում է համոզել, թե Հայաստանում է մեծացել, եւ ընտանիքում համարյա եզդիերեն չեն խոսել:
Վերջերս էլ որոշ հայեր Սիրիայի պատերազմի առիթն օգտագործելով են արտագաղթել՝ եվրոպացիներին հավաստիացնելով, թե գաղթել են այդ երկրից, սակայն ոմանք արդեն մերժվել են, քանի որ չեն կարողացել իրենց հորինած պատմությունների ու խաչաձեւ հարցերի տակից դուրս գալ:

Մեր զրուցակիցը նաեւ պատմեց, որ նույն ճանապարհով տարիներ առաջ Եվրոպա հասած շատ հայեր մասնագիտացած են նոր եկած միգրանտների համար պատմություններ գրելով: Ամեն մի պատմությունն արժե 50-ից 100 եվրո: Ընդ որում, պատմության հետ երաշխիքներ չեն տրվում, որ եվրոպացիները դրանք կընդունեն «հալած յուղի տեղ»:

Այսօր եվրոպացիների մոտ չեն անցնում նաեւ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող կամ «Եհովայի վկա» լինելու պատմությունները: Երկու դեպքում էլ հենց առաջին դատից, ինչպես մեր զրուցակիցն է ասում, միանգամից մերժումը գալիս է: Եվրոպացիները գտնում են, որ թե՛ «Եհովայի վկաները» եւ թե՛ ոչ ավանդական կողմնորոշում ունեցող մեր քաղաքացիները ամենեւին էլ հալածյալ չեն մեր երկրում, եւ նրանց կյանքն անտանելի չէ, ինչպես որ ապօրինի միգրանտներն են ներկայացնում իրենց «դժբախտ» պատմություններում:

Եվրոպայում հայերի փող աշխատելու տարբերակներից մեկն էլ ծննդականների բիզնեսով զբաղվելն է: Հայերը 100 եվրոյով գնում են Ղարաբաղի, Ռուսաստանի Դաշնության, Սիրիայի քաղաքացիների ծննդականներ, որոնք վաճառում են նոր եկած միգրանտներին: Նրանք էլ ստիպված գնում են՝ պատմությունները հավաստի դարձնելու նպատակով: Մեր աղբյուրը նաեւ պատմեց, որ եթե նախկինում երեխայի հետ արտագաղթելը ինչ-որ արտոնություններ էր տալիս, եւ երեխայի շնորհիվ ընտանիքը ոչ թե այգիներում էր գիշերում, այլ գոնե տանիք էր ունենում՝ մինչեւ որ եվրոպական միգրացիոն կառույցները կլսեին նրանց գործերը, ապա այսօր երեխայով մեկնելն էլ ոչ մի երաշխիք չէ: Չի բացառվում, որ երեխան ձեռքներին օրերով դրսում գիշերեն կամ անհարմար կացարաններում ապրեն:

Եթե տարիներ առաջ ապօրինի միգրանտների գործերը եվրոպացիները տարիներով էին քննում, եւ այդ ընթացքում միգրանտը նպաստով, կացարանով ու սննդով ապահովված էր լինում, ապա այժմ նրանց գործերը դատարաններն արագացրած կարգով են անում եւ մի քանի ամսում միգրանտի ճակատագիրը վճռում:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031