Լրահոս
Օրվա լրահոսը

Օլիգարխների գումարների մի մասը պետք է տրամադրել բանակի սպառազինությանը եւ նյութական ապահովվածությանը

Հուլիս 24,2014 14:40

«Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ, նախկին բարձրաստիճան սպա Գառնիկ Մարգարյանը՝ ադրբեջանական բանակի սպառազինության, սահմանային միջադեպերին հայկական բանակի «զուսպ եւ անհամարժեք» հակադարձման եւ ԵՏՄ-ի անդամակցության ձգձգման մասին:

– «Հայկական կողմը զգուշանում է համարժեք պատասխան գործողություններից՝ նկատի ունենալով, որ դրանց հետեւանքով իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, եւ սահմանային փոխգնդակոծությունների ծավալումը կարող է հանգեցնել եթե ոչ անգամ պատերազմի, ապա առնվազն իրադրության առավել վտանգավոր սրման։ Մյուս կողմից՝ հայկական կողմի զսպվածությունը ավելի է լկտիացնում Ադրբեջանին, որը կարծես թե ձգտում է առավելագույնս թեժացնել իրավիճակը սահմանային գոտում»,- նախօրեին տված հարցազրույցում ասել էր ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` սահմանամերձ շրջաններում Ադրբեջանի ծավալած ռազմական ոտնձգություններին հայկական կողմի հակազդեցությունը բնորոշելով «բավականին զուսպ ու անհամարժեք»: Իսկապե՞ս զուսպ եւ անհամարժեք եք համարում ՀՀ ԶՈՒ-ի պահվածքը:

– Դա լրջագույն հարց է: Չունենալով հիմնավոր պատասխաններ` այսպես խոսել ու գնահատել… Ես կարծում եմ, որ ընդհանրապես Հայաստանի եւ Արցախի ողջ պաշտպանական համակարգում արվածը բավարար է: Բայց կարելի է ավելին անել, որովհետեւ դա մեր գոյատեւման առաջին կարեւորագույն խնդիրն է: Ի՞նչը նկատի ունեմ: Տարբեր հանդիպումներ-զրույցների ժամանակ պարզ է դառնում, որ ամեն ինչ արված չէ: Բանակը կարիք ունի ավելի հզորացման: Ինչո՞ւ ոչ, միգուցե արդեն ժամանակն է, որ օլիգարխ կոչվածների թալանածի մի մասը ներդրվի բանակում, եւ առաջ տարվի պայմանագրային ծառայողների, պրոֆեսիոնալ բանակի հարցը: Պետք է հետզհետե գնալ դրան` զուգահեռ լուծել նաեւ սպառազինության հարցը: Ես գիտեմ՝ սպառազինության առումով դրական քայլեր կան, արված են: Բայց մտնել Ադրբեջանի կողմից թույլատրված ավանտյուրաների մեջ` լինեն դրանք հետախուզական-դիվերսիոն գործունեություն, մեր անմեղ զինվորներին նշանառուներով խփել եւ այլն, ես կարծում եմ` պետք չէ գնալ դրան: Անկախ նրանից, թե երկրի ներսում ինչ քաղաքական իրավիճակ է, երկրի պաշտպանական հարցերին այլ տեսանկյունից պետք է մոտենալ:

– Ադրբեջանի սպառազինությունը շարունակվում է, այդ թվում նաեւ ՌԴ-ի կողմից: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ռուսական «Ուրալվագոնզավոդ» կոնցեռնից ծանր, մեքենայացված TMM տիպի կամուրջներ է պատվիրել: Ադրբեջանական ԱՊԱ-ին այդ մասին հաղորդել են «Ուրալվագոնզավոդ»-ից: Զինտեխնիկան նախատեսված է ջրային խոչընդոտները, ջրանցքներն ու առուները հաղթահարելու համար: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը Ռուսաստանից տանկերի կամուրջներ պատրաստող MTU-90M տեխնիկա կգնի: 

ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինության մասին առաջին անգամ մտահոգություն հայտնեց նաեւ պաշտոնական Երեւանը: ՀՀ նախագահը այդ խնդրին անդրադարձավ վերջերս կատարած լատինաամերիկյան այցի ընթացքում: Դա նշանակո՞ւմ է, որ Ադրբեջանի սպառազինումը հասնում է մեզ համար վտանգավոր չափերի:

– Այն, ինչը որ ՌԴ-ն տալիս է կամ վաճառում է Ադրբեջանին, դա բացահայտ հայտարարվում է: Բայց չպետք է մոռանալ, եւ Հայաստանի չինովնիկները, ովքեր զբաղված են սպառազինության ու պաշտպանության խնդիրներով, լավ գիտեն, թե ինչ քանակությամբ, ինչ որակի եւ ինչ գների սահմաններում ենք մենք ստանում սպառազինություն: Դա բավարար է մեր բանակը մարտունակ պահելու համար:

– Լայնածավալ պատերազմական գործողությունների վտանգ կա՞:

– Երբ Ադրբեջանը հոգ է տանում իր բանակի մասին եւ տարեկան իր պետբյուջեից մոտ չորս միլիարդ դոլարին համարժեք գումար է ծախսում, երեւի ժամանակն է, որ ՀՀ-ում էլ` սկսած նախագահից մինչեւ վերջին չինովնիկը, վերջ դնեն կոռուպցիային, թալանին, մեծացնեն պետական բյուջեն, այդ թվում նաեւ՝ բանակին հատկացվող: Գոնե պետք է փորձել ետ չմնալ Ադրբեջանից` բանակի վրա ծախսվող գումարների մասով: Ադ դեպքում մենք գոնե բալանսը կպահպանենք:

Հետզհետե պրոֆեսիոնալ բանակի անցնելով, զինծառայողների` ամենաբարձրաստիճան սպայից մինեւ հասարակ զինվորի սոցիալական, տնտեսական, նյութական ապահովության եւ սպառազինության հարցերը լուծելուց հետո՝ չպետք է վախենալ, որ Ադրբեջանը սպառազինվում է: Մեր հակառակորդն է, պետք է զինվի: Եվ մեր հակառակորդն է ոչ միայն Ադրբեջանը, այլ նաեւ Թուրքիան, որի բանակը ՆԱՏՕ-ի կազմում է ու ավելի մեծածավալ է: Էլ չեմ խոսում Թուրքիայի տնտեսության մասին, Ադրբեջանի աշխարհագրական դիրքի, նավթի մասին, որոնք տնտեսական զարգացման հնարավորություն են տալիս:
Այս մտահոգությունները պետք է իշխանություններին լրջագույն քայլերի մղեն: Պետք է հասկանալ, որ սա մեր վերջն է, ու ոչ թե Ադրբեջանի սպառնալիքի տակ, այլ տեղական չինովնիկների, օլիգարխիկ համակարգի գործունեության: Պետք է քաղաքական կամք դրսեւորվի եւ այս խնդիրը լուծվի, եթե Սերժ Սարգսյանը մտածում է գնալ մինչեւ իր նախագահական ժամկետի վերջը: Բայց ոչինչ չի արվում: Ավելին՝ նախկին կոռումպացվածները վերադարձան համակարգ, նորից պաշտոններ զբաղեցրին:

– Իսկ ինչո՞ւ է Ռուսաստանը` Հայաստանի ռազմավարական գործընկերը, զենք վաճառում Ադրբեջանին:

– Ես կարծում եմ՝ Կովկասում` Ադրբեջան, Վրաստան, Հայաստան պետությունների նկատմամբ ՌԴ-ն կիրառում է հաշտվողական քաղաքականություն: Ռուսաստանի առկայությունը Հայաստանում՝ բազաների տեսքով, սահմանների պաշտպանություն եւ այլն, թույլ չեն տալիս պատերազմական գործողությունների սկիզբ: Սա չպետք է մոռանալ, սա լուրջ հարց է: Հաճախ մենք Արեւմուտքի ազդեցությունների տակ ըմբոստանում ենք` Ռուսաստանն Ադրբեջանին զենք է վաճառում: Այո, վաճառում է, վաճառելու է, բայց Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ հավասարակշռությունը պահպանո՞ւմ է, թե՞ ոչ: Ես չեմ ցանկանում շատ մանրամասների մեջ խորանալ, բայց ինչո՞ւ, Ադրբեջանն իրավունք չունի՞ ասելու` ինչո՞ւ է ՌԴ-ն Հայաստանում ավիացիոն գունդ պահում, իսկ իրենք չունեն, ինչո՞ւ S 300-ները Հայաստանում տեղադրված են, իրենք նոր են գնում եւ այլն: Սրանք խնդիրներ են, որոնց մասին պետք չէ հարցազրույցներով կամ առանձին դիտողություններով խոսել: Սրանք ազգային անվտանգության խնդիրներ են, որոնք ունեն լուծման ճանապարհ` ավելի շատ ֆինանսական ներդրում սպառազինության, բանակի անձնակազմի վրա` մարտիկից մինչեւ նախարար: Գումարներն արդեն ասացի` որտեղից վերցնել` կանգնեցնել թալանը:

– Այսինքն՝ մենք չպե՞տք է Ռուսաստանից՝ մեր ռազմավարական գործընկերոջից նեղանանք մեր հակառակորդին սպառազինելու համար:

– Ոչ: Երբ Հայաստանում կլիներ ուժեղ պետություն ու պետականություն, եւ պետական չինովնիկները խրված չէին լինի կոռուպցիայի մեջ եւ չէին ունենա այն տասնյակ եւ հարյուրավոր դոսյեները, որոնք իրենց անընդհատ հարվածելու թիրախ են դարձնում եւ օգտագործվում են անգամ ՌԴ-ի կողմից, ապա այս վիճակը չէր ստեղծվի:

Մենք պետք է հայկական ուժեղ պետություն ստեղծենք` հայկական Սահմանադրությամբ, ոչ թե նրանով, ինչն օտարների կողմից է փաթաթվել մեր վզին: Մեր Սահմանադրությամբ ՀՀ ԿԲ-ն չի ենթարկվում գործադիր մարմնին. այդ դեպքում ինչպե՞ս պետք է գործադիրը կարողանա ռազմական բյուջեն ավելացնել: Սահմանադրությունը մեր եւ մեր իրականության հետ կապ չունի: Եթե Հայաստանի ամբողջ ընդերքը միջազգային կորպորացիաներին է պատկանում, եթե բանկը փող է տպում, որի վրա չկա Հայաստանի զինանշանը եւ այլն, մեզ պե՞տք է նման Սահմանադրությունը: Երբ ԱԺ-ում կոճակ սեղմելով ընդունում են գենդերային փաթեթը, դա արդեն նշանակում է, որ Սահմանադրությունը պետք է փոխվի:

– Հիմա սահմանադրական բարեփոխումների քննարկումներ են ընթանում: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամները պնդում են, որ առաջարկվող փոփոխությունները մարդակենտրոն են: Ծանո՞թ եք այդ բարեփոխումներին:

– Մի խումբ մտավորականներ եւ գիտնականներ արդեն երկու ամիս է՝ հետեւում են իշխանության կողմից առաջարկվող բարեփոխումներ կոչվածին: Դրանք աբսուրդ են: Նախագահին դարձնել անգլիական թագուհի` յոթ տարի ժամկետով, իշխանությունը տալ վարչապետին… միգուցե իրենց համար տեղ են նախապատրաստում: Բայց ստեղծված ներքաղաքական իրավիճակում այդ բարեփոխումներ կոչվածը իրականություն էլ չի դառնա: Այս ռեժիմի պարագայում Սահմանադրությունը չի փոխվի, պետք է ռեժիմը փոխվի:

– Եվրասիական տնտեսական միությանը եւ Մաքսային միությանը Հայաստանի անդամության ձգձգումը ինչո՞վ է պայմանավորված:

– Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցության հիմնական ձգձգումներն արվում են հայաստանյան չինովնիկների կողմից: Որովհետեւ այդ չինովնիկների հիմնական մասը` լինի գործադիր մարմնում, ուժային համակարգերում պաշտոնավարող եւ նախկին նախագահ, ունեն բիզնեսներ: ԵՏՄ եւ ՄՄ մտնելով՝ իրավիճակ է փոխվելու, եւ իրենք ստիպված են լինելու մտնել հարկային դաշտ: Դա խփելու է իրենց բիզնեսին:

– Իր վերջին հարցազրույցում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ առիթով ասել էր. «Հստակ է, որ Եվրասիական միության հիմնադիր անդամների կողմից Հայաստանի առջեւ կտրուկ պայման է դրվել՝ մաքսակետեր տեղադրել հայ-ղարաբաղյան սահմանի ողջ երկայնքով: Հայաստանի իշխանություններն, ըստ այդմ, կանգնած են այդ պայմանը կատարելու կամ չկատարելու երկընտրանքի առջեւ` հարկադրված լինելով ծանրութեթեւ անել իրենց այս կամ այն որոշման լրջագույն հետեւանքները, որոնք կանխատեսելը մեծ երեւակայություն չի պահանջում»: Համամիտ չե՞ք այդ դիտարկմանը:

– Ըստ իս՝ դա չէ հիմնական պատճառը: Ղարաբաղցի մարդն, ի՞նչ է, հայկական անձնագրով չի՞ գնում ՌԴ, ԱՄՆ կամ Եվրոպա: Ի՞նչն է փոխվել: Ի՞նչ կապ ունի մեկ մաքսակետը, որը պետք է խանգարեր այդ լրջագույն գործընթացին: Աշխարհում խորը քաղաքական գործընթացներ են ծավալվում: Դրա ապացույցն են ուկրաինական զարգացումները, ԲՐԻԿՍ-ի ընդունած որոշումները եւ այլն: Միաբեւեռ աշխարհը փոխվում է: ԱՄՆ-ը կանգնած է ծանր որոշումների առջեւ. չի բացառվում, որ միջազգային տնտեսական հարաբերություններում դոլարը կարող է ընդունված չլինել մյուս պետությունների կողմից: ԱՄՆ-ը փորձում է թելադրել բոլորին, Եվրոպային պահել իր ազդեցության տակ, ինչը, կարծես, չի ստացվում:

Իսկ ԼՂՀ-ն արդեն կայացած պետություն է: Եթե աշխարհը չի ընդունում, ես վաղուց եմ առաջարկել, որ Հայաստանը պետք է ընդուներ եւ հայտարարեր Արցախի անկախությունը:

– ԵՏՄ-ին եւ ՄՄ-ին անդամակցության ձգձգումը կարո՞ղ է Հայաստանում իշխանափոխության հանգեցնել:

– Ստեղծված իրավիճակում` տնտեսական, քաղաքական, արտագաղթ, թանկացումներ եւ այլն, հանգեցնելու են անկառավարելի վիճակի, որի հետեւանքով տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ: Համենայնդեպս, դրանք չեն լինի շնորհիվ այն ուժերի, որոնք «ընդդիմության» տիտղոսը վերցրել են իրենց վրա:

Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
23.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031