Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատրաստ չենք հանուն Եվրասիական միության Հայաստան-Ղարաբաղ սահման դնել»

Հուլիս 24,2014 14:50

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը համոզված է, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցումը պայմանավորված չէ Ղարաբաղի խնդրով:

«Կա առեւտրային ռեժիմներում կանոնակարգերի համաձայնեցումների անհրաժեշտություն: Տեխնիկական խնդիրներով է պայմանավորված»,- Aravot.am-ին ասաց պարոն Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիտարկումներին, թե Եվրասիական միության հիմնադիր անդամների կողմից Հայաստանի առջեւ կտրուկ պայման է դրվել՝ մաքսակետեր տեղադրել հայ-ղարաբաղյան սահմանի ողջ երկայնքով։

Պարոն Հարությունյանի խոսքով. «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման ձգձգումը բերել-կապել հարցին, թե Հայաստանը կանգնած է Ղարաբաղի հետ սահման անցկացնելու անխուսափելի անհրաժեշտության առջեւ, նշանակում է իրավիճակը խեղաթյուրել: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ ամենաշահագրգռված կողմը Ռուսաստանն է: Այդ տնտեսական կառույցում բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսով, այսօր առանց Հայաստանի գործում է 1+2 բանաձեւը. Նազարբաեւն ու Լուկաշենկոն փորձում են այդ միության նախագծում Ռուսաստանից կորզել առավելագույնը՝ սեփական նպատակների համար: Հայաստանի անդամակցությունը այդ կառույցին բալանսը վերականգնում է, դառնում են 2+2՝ գոնե այդպես են մտածում Նազարբաեւն ու Լուկաշենկոն, եւ դա ձեռնտու չէ նրանց: Դրա համար Ղարաբաղն ամենահարմար առիթն է, չնայած նրանք էլ լավ գիտեն, որ Ղարաբաղի հարցում չի կարող լինել այլ մոտեցում: Հանուն որեւէ ինտեգրացիոն ծրագրի չենք կարող վտանգել մեր ազգային անվտանգությունը: Բայց փորձում են Ղարաբաղի հարցով խոչընդոտել Հայաստանի անդամակցությանը այդ միությանը, այդկերպ ոչ նպաստավոր պայմաններ ստեղծել Ռուսաստանի համար»:

Ըստ նրա՝ Ղարաբաղյան խնդիրն առաջ քաշելը Լուկաշենկոյի կամ Նազարբաեւի կողմից առիթ է հավելյալ «ակտիվներ» ձեռք բերելու Ռուսաստանի նկատմամբ. «Իրենք համոզված են, որ Հայաստանը վաղ թե ուշ դառնալու է Եվրասիական տնտեսական միության անդամ, բայց մտածում են՝ եթե հնարավոր է այդ ճանապարհին դիվիդենտներ ձեռք բերել Ադրբեջանի հետ հարաբերություններում, իսկ Նազարբաեւի դեպքում Աստանա-Բաքու-Անկարա քաղաքական գիծն է, ապա ինչո՞ւ չփորձել դա անել: Չեմ կարծում, որ Ղարաբաղյան հակամարտությունը երբեւէ կդառնա Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության խոչընդոտ»:

Մեր հարցին՝ Ռուսաստանի լռությունը Հայաստանին ներկայացրած նախապայմանների վերաբերյալ համաձայնության նշան չէ՞ր, ասաց՝ ոչ. «Որովհետեւ խնդիրները լուծվում են կուլիսներում, փակ հեռախոսազրույցներով եւ ոչ թե հրապարակային բանավեճերում»:
Պարոն Հարությունյանի խոսքով՝ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը բարձրացնում է այդ կառույցի հարավային ուղղությամբ անվտանգության երաշխիքները՝ այն, ինչ փորձում է անել Ռուսաստանը. «Հայաստանի նախագահը Ղարաբաղի հարցում հայտնել է իր դիրքորոշումը, որ երբեւէ, որեւէ պարագայում չի պատկերացնում Հայաստան եւ Ղարաբաղ առանձին, ինքնուրույն, միջազգայնորեն տարբերակված տարածքներ: Պատրաստ չենք հանուն Եվրասիական միությանն անդամակցելու երկու երկրների, այսինքն՝ միեւնույն պետության միջեւ սահմաններ անցկացնել: Հայաստանը նման խնդրի առջեւ կանգնած չէ, Հայաստանի խնդիրը չէ լուծել Ղարաբաղի ու Հայաստանի միջեւ սահման անցկացնելու հարցը, այդ խնդիրը լուծված է»:

ԱՐՓԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob says:

    էս ի՞նչ վերնագիր ես ընտրել -Արփինե 😀 😀
    բավականին բան ես սովորել գուռուիցդ

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031