Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Շիրխանյանը լուրջ պրոբլեմ չի տեսնում նրանում, որ Ռուսաստանը զինում է Ադրբեջանին

Հուլիս 24,2014 14:58
Vahan Shirxanyan

Երեկ մի խումբ քաղաքական-հասարակական գործիչներ ասուլիս էին հրավիրել՝ ի պաշտպանություն արցախցի բարերար եւ մեծահարուստ Լեւոն Հայրապետյանի, որը, ինչպես հայտնի է, Մոսկվայի օդանավակայաններից մեկում կալանավորվել է եւ երեկվա դրությամբ գտնվում էր կալանավայրի բուժկետում:

Հիշեցնենք, որ նա կասկածվում է տնտեսական հանցագործության մեջ՝ փողերի լվացում եւ այլն: Խոսքը վերաբերում է 2008թ. «Բաշնեֆթ» ընկերության վաճառքին, որից, ըստ նախաքննության վարկածի՝ Հայրապետյանը մեծ գումարներ է ստացել: Հայրապետյանը կալանավորվել է Բասմանյան դատարանի վճռով՝ մինչեւ սեպտեմբերի 15-ը, սակայն, ըստ երեկ վերոհիշյալ ասուլիսի ժամանակ Հայրապետյանի փաստաբան Արթուր Սաֆարյանի՝ Մոսկվայից հեռախոսակապով տված տեղեկատվության, ՌԴ օրենսդրության համաձայն՝ մի շարք հիվանդությունները, որոնցով տառապում է Լեւոն Հայրապետյանը, պիտի խոչընդոտ հանդիսանային նրա կալանավորման համար, այնինչ դատարանը ոչինչ հաշվի չի առել:

Ասուլիսի ժամանակ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը կարծիք հայտնեց, որ ՌԴ ղեկավարությունը որեւէ ձեւով չի առնչվում այս գործին, ավելին՝ հույս հայտնեց, որ սա թյուրիմացություն է, որը կհարթվի:

Ավելի ուշ «Առավոտը» փորձեց Վ. Շիրխանյանից ճշտել նրա տեսակետը՝ Դուք չե՞ք ընդունում այն վարկածը, որ Ռուսաստանն է այդ քայլով ինչ-որ բան փորձում հասկացնել մեր երկրին: Պարոն Շիրխանյանի պատասխանը միանշանակ էր. «Բացարձակապես ոչ, համամիտ չեմ: Կարծում եմ, որ սա թյուրիմացություն էր, որը կշտկվի: Այո, այս ձերբակալությունը ձեռնտու էր Ադրբեջանին, եւ հնարավոր է, որ դրա համար Ադրբեջանը իր հրեական գործակալների հետ ինչ-որ քայլեր ձեռնարկած լինի, բայց որ դա լինի ռուսական իշխանության կողմից՝ ես բացառում եմ»:

«Առավոտի» հարցին՝ իսկ Ձեզ չի՞ անհանգստացնում Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ, Ադրբեջանին պարբերաբար զենքի վաճառքը, ինչի մասին արդեն ՀՀ իշխանություններն են բարձրաձայն մտահոգություն հայտնում, ի՞նչ կարող է դա նշանակել, Վ. Շիրխանյանը պատասխանեց. «Ես շատ կուզենայի, որ դա չլիներ, բայց եթե դա կա, ուրեմն պետք է Հայաստանը որոշի իր կրակային հզորությունը համապատասխան բարձրության հասցնել եւ բալանսը ապահովել, ընդամենը սա»:

Պարոն Շիրխանյանը չհամաձայնվեց նաեւ դիտարկմանը, որ գուցե ժամանակն է, որ Հայաստանը եթե ոչ՝ պահանջի, ապա գոնե որեւէ կերպ իր վերաբերմունքը, դժգոհությունը ցույց տա իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանին՝ մեր թշնամուն զինելու համար, հատկապես, որ սահմանի վրա պարբերաբար զոհեր են լինում հրադադարի խախտման արդյունքում: ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարը պատասխանեց. «Բայց տեսեք, չէ՞ որ մենք էլ ենք զենքեր գնում ուրիշ երկրներից, անընդհատ զենք ենք գնում, այդ թվում նաեւ՝ Ռուսաստանից: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այդ երկրին միայն Ռուսաստանը չի զենք վաճառում, բազմաթիվ երկրներ են վաճառում, այդ թվում նաեւ՝ Բելառուսը»: Նկատեցինք, որ այդ բազմաթիվ երկրները մեր ռազմավարական գործընկերը չեն, ինչին ի պատասխան՝ Վ. Շիրխանյանը հակադարձեց՝ Բելառուսը մեզ դաշնակից երկիր է, ու շարունակեց. «Մենք չպետք է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը դարձնենք մշտական քննարկման մի նյութ, որով որոշենք հավատարմությունը դաշինքին: Դա սխալ ճանապարհ է: Մանավանդ, որ այսօր Հայաստանը ուժային բալանսը, հավասարակշռությունը պահպանում է, դրանում ես համոզված եմ: Կարեւոր չէ՝ Ռուսաստանի, թե այլ երկրների օգնությամբ է պահպանում, բայց փաստ է, որ հավասարակշռություն կա, այնպես որ՝ անհանգստանալու կարիք ես չեմ տեսնում»:
Իսկ մի՞թե սահմանների վրա հրադադարի խախտումները անհանգստանալու պատճառ չե՞ն, արդյոք չի՞ տեսնում պատերազմի հավանականություն այս լարված իրավիճակում՝ մեր այս հարցին էլ պաշտպանության նախկին փոխնախարարը պատասխանեց. «Ոչ, առայժմ չեմ տեսնում նման վտանգ: Փոխարենը ես տեսնում եմ բազմաթիվ բացթողումներ մեր պետականության կառուցման, մեր ազգային խնդիրների լուծման հարցերում: Մենք պետք է համախմբվենք, կարողանանք վերջապես այդ միասնությունը ստեղծել: Միասնությունն ինքն արդեն ուժ է, մենք միայն դրանով կարող ենք հանգիստ լինել»: Փորձեցինք ճշտել՝ միասնություն ինչի՞ մեջ, ի՞նչ հարցերի շուրջ: Պարոն Շիրխանյանը պատասխանեց. «Հայ ժողովրդի ազգային խնդիրների շուրջ: Մենք ունենք ազգային խնդիրներ՝ Հայաստանը զարգացնել, դարձնել բարեկեցիկ, հարուստ երկիր, Արցախը զարգացնել, պաշտպանել, բարձրացնել, դարձնել հարուստ երկիր: Բացի այդ՝ մենք ունենք Ցեղասպանության խնդիր, մենք պետք է միասնականորեն ամեն ինչ անենք, որ կարողանանք հասնել Ցեղասպանության ճանաչմանը եւ հատուցմանը: Եվ վերջապես՝ ողջ աշխարհում մենք ունենք մեծ սփյուռք, եւ մեր առջեւ կանգնած են հայապահպանման խնդիրներ»:

Հարցին՝ Դուք կարծում եք, որ հնարավո՞ր է Հայաստանը զարգացնել այս պայմաններում՝ Ռուսաստանից այս աստիճան կախման մեջ գտնվելով, Վահան Շիրխանյանը պատասխանեց՝ իհարկե, հնարավոր է, միանշանակ հնարավոր է: Այդ դեպքում ի՞նչն է մեզ խանգարում անել դա՝ այս հարցին էլ մեր զրուցակիցը պատասխանեց. «Խանգարում է շատախոսությունը եւ ցանկության բացակայությունը»:

Քանի որ Վ. Շիրխանյանը ակնհայտորեն Հայաստանի ռուսական ինտեգրման կողմնակիցն էր, հետաքրքրվեցինք, թե ի՞նչն է, ըստ նրա, խանգարում, որ Հայաստանը միանա Եվրասիական տնտեսական միությանը, ինչո՞ւ է այդ հարցը անընդհատ ձգձգվում, գուցե մեզ չե՞ն սպասում, եւ ճիշտ կլինի մեր նախաձեռնությա՞մբ ետ քաշվենք այդ ամեն ինչից: Պարզվեց, ըստ Վ. Շիրխանյանի՝ ոչ մի բան էլ չի ձգձգվում. «Չեմ կարծում, որ որեւէ բան ձգձգվում է: Բուն Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվեց երկար տարիների աշխատանքից հետո: Եվ Հայաստանի անդամակցությունը ընդամենը մի քանի ամիս է ուշացել, բայց ես վստահ եմ, որ դա անպայման կկատարվի, կլինի, մի քանի կազմակերպչական հարցեր են մնացել, կլուծվեն, եւ կմիանանք»:

Իսկ դա որեւէ օգուտ կտա՞ Հայաստանին՝ հետաքրքրվեցինք: «Իհարկե, միանշանակ: Պետք է հասկանալ, որ Հայաստանը այլընտրանք չունի, պետք է այդ միության անդամ դառնա: Մենք չունենք ուրիշ տարբերակ»,- հնչեց Վահան Շիրխանյանի պատասխանը:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031