«Ինձ համար Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Լեւոն Տեր -Պետրոսյանի կտրուկ արձագանքը անսպասելի էր: Պատճառն այն է, որ այդ բարեփոխումների շուրջ քառյակը կարող է տրոհվել, ընդորում՝ մի կողմում մնա ՀԱԿ- ը, մյուս կողմում՝ մնացած երեք ուժերը: Բարեփոխումները կարող են դառնալ քաղաքական ուժերի ջրբաժանը: ՀԱԿ-ը, կարծես թե, զգում է, որ կարող է կորցնել ԲՀԿ-ին սիրաշահելու, մեծարելու ճանապարհով իր քաղաքական ազդեցության տակ պահելու հնարավորությունը, իսկ դա ՀԱԿ-ի համար ուժեղ հարված է: Դա է պատճառը, որ Լեւոն-Տեր-Պետրոսյանը սուր ու կոշտ է արձագանքում բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի նախաձեռնությանը»,- Aravot.am-ին ասաց Խոսրով Հարությունյանը:
Նա պնդում է, որ Հայաստանի ներքին ու արտաքին բոլոր մարտահրավերները ստորադասված չեն սահմանադրական բարեփոխումներին, ինչպես իր գնահատականներում ընդգծել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը. «Հանրային կյանքը այդ թեմայով չի ապրում: Բարեփոխումների հեղինակները եղել են ընդդիմադիր ուժերը, թե 2008, թե 2013 թվականի համապետական ընտրությունների ժամանակ թե՛ ԲՀԿ-ն , թե՛ ՀՅԴ-ն, թե ՛ «Ժառանգությունը» առանձնահատուկ կարեւորել են իրենց նախընտրական ծրագրերում առկա սահմանադրության փոփոխությունները՝ անցում խորհրդարանական համակարգին: Սա եղել է քառյակի, քաղաքական ուժերի քաղաքական դոկտորինը: ՀՅԴ-ն էլ, ԲՀԿ–ն էլ չեն խուսափում այդ հարցադրումներից, «Ժառանգությունը»՝ առավել եւս»:
Հետո էլ հավելեց, որ ՀՀ նախագահն էլ է հայտարարել, թե չի կարծում, որ Սահմանադրական բարեփոխումները խիստ հրատապ են կամ արդիական, բայց հաշվի առնելով, որ ընդդիմադիր ուժերը իրենց նախընտրական ծրագրերում զարգացնում են այդ թեզը եւ քաղաքական համագործակցության համար բարենպաստ միջավայր ստեղծելու համար ՀՀ նախագահը նախաձեռնել է այդ փոփոխությունների հայեցակարգի մշակումն ու այն դրվել է համաժողովրդական քննարկումների:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ