Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի հանձնարարականները Գյումրի կատարած այցից հետո

Հուլիս 23,2014 21:25

Երեկ Գյումրու նորակառույց Մուշ 2 թաղամաս կատարած այցից հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Շիրակի մարզպետարանում մի քանի հանձնարարականներ է տվել փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը, վարչապետը հանձնարարել է երեքշաբթի քննարկում կազմակերպել փոխվարչապետ Արմեն Գևորգյանի մոտ` վերջնականապես կողմնորոշվելու, թե ինչպե՞ս են լուծելու գյումրեցի անօթևանների խնդիրը, ո՞ր տարբերակն է ավելի ձեռնտու `բնակարանների գնման վկայագրեր հատկացնե՞լը. որ անօթևանը պետության հատկացրած գումարով ինքը փնտրի ու գտնի բնակարան իր համար, բնակարանաշինությո՞ւնը, թե բնակարաններ գնելն ու անօթևաններին հանձնե՞լը:

«Այս հանդիպումից հետո վարչապետին ներկայացնելու ենք լուծման տարբերակները, իմիջիայլոց վարչապետն ասաց` ինչ առաջարկություն արեցիք, ես անող եմ, միայն դուք օբյեկտիվ որոշում կայացրեք: Քաղաքապետ Բալասանյանին նաև հանձնարարվեց հանդիպել անօթևան այս 430 ընտանիքի հետ,նրանց հետ միասին քննարկել այս հարցը, թե ո՞ր տարբերակն է ձեռնտու, դրան կավելանա մեր մարզպետի  առաջարկությունը և քաղաքաշինության նախարարության, որովհետև նրանք էլ իրենց տեսակետն ունեն: Այդ բոլորը կհավաքվի, կքննարկվի, կներկայացվի վարչապետին, որը որոշում կկայացնի և Ախուրյանի 36 ընտանիքների, 4-րդ շենքի բնակիչների, և գյուղական վայրերի 167 ընտանիքների և մեր Գյումրու քաղաքի 430 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման տարբերակը կորոշվի»:

Մենք քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանից հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով ո՞ր տարբերակն է ավելի ձեռնտու անօթևանների համար: «Ճիշտ ասած այդ հարցին հենց վարչապետը պատասխանեց,ասելով ինձ` որպես երկրի վարչապետ, ձեռնտու է բնակարանաշինությունը, որովհետև ինչ-որ տեղ արդյունաբերություն է, զարգացում է, մարդիկ աշխատատեղ են ունենում և այլ և այլն: Բայց միաժամանակ մեզ ասում էր , որ որպես տեղի ղեկավարներ պիտի շահագրգռված լինեք, որ ձեզ մոտ անշարժ գույքի շուկան կայուն լինի և ձեր ունեցած ապրանքը ավելի թանկ լինի, քան էսօր կա: Այսինքն,եթե պահանջարկը  մեծանա, շենքերի գները կբարձրանան: Դա վարչապետի տեսակետն է, և, բնականաբար, բոլորս էլ կիսում ենք, որովհետև ինչ-որ տեղ բնակարանաշինությունը, արդունավետության տեսանկյունից ես չնայեմ որպես քաղաքաշինության վարչության պետ, որպես շինարարության իրականացման փուլ, ես կարևորում եմ, որովհետև եթե հիշում եք Լինսի ծրագրի ժամանակ մեր մարզի բոլոր շինարարները անխտիր աշխատում էին, բոլորը էդ գործողության մեջ էին . մեկը ցեմենտ էր բերում, մյուսը ամրաններ էր ներկրում և այլն, և այլն, մեկը շինարարություն էր անում և բոլոր օգտվում էին այդ վարկային միջոցներից: Այդ առումով, իհարկե, ձեռնտու է շինարարություն անել, բայց մյուս կողմից որպես պետական մտածողության տեր մարդ, մտածում ես, որ վերջը էս երկիրը մեղք է, չունի հնարավորություն յուրաքանչյուրի համար կառուցի , գուցե նաև ճիշտ է ԲԳՎ-ն, հատկապես որ վերջին շրջանում կադաստրի պետական կոմիտեի կողմից տված տեղեկանքները 1 մետր քառակուսու վերաբերյալ Գյումրիում բավականին մեծ է: Եթե մենք կարողանանք հասնել էն բանին, որ իրոք մետր քառակուսու արժեքը հնարավորություն տա քաղաքացուն ճիշտ է ոչ քաղաքի կենտրոնում, բայց գոնե Մուշ 2/2 թաղամասում, մեր քաղաքի այլ ծայրամասերում բնակարաններ ձեռք բերել, բնականաբար լավ կլինի, որովհետև մարզի 22 հազար բնակարանից, 20 հազարը Գյումրիում է, 20 հազար 700-ը կառուցվել կամ վկայագրով է ձեռք բերվել: 5 հազարը վկայագրի միջոցով է ձեռք բերվել, ինչքան էլ որ բնակիչները բողոքում էին վկայագրի ձևից, տարբեր գործիչներ տարբեր պիտակներ էին տալիս, որ նպաստում է արտագաղթին և այլ, և այլն, համենայնդեպս  5 հազար ընտանիք օգտվեց իր իրավունքից, դրանց գուցե 10 կամ գուցե 15-20 տոկոսը վերավաճառեց, թողեց գնաց: Նույնը էսօր «Մուշ»-ում է տեղի ունենում, ի՞նչ տարբերություն. 1056 բնակարան ենք հանձնել, դրանց 10-20 տոկոսը վաճառել են իրենց բնակարանները. նույնիսկ բնակարաններ ունենք 1756 ձևի մեջ, որը դեռևս սեփականաշնորհված չէ, բայց մարդիկ գալիս էստեղ մեզ հարցնում են , թե ո՞նց պիտի լինի, փողը տվել եմ, տունն առել եմ, ընդամենը մի թղթի կտոր է, վկայական չունեմ: Այսինքն` այդ առք ու վաճառքը այսպես, թե այնպես տեղի է ունենալու»:

Իսկ «Գլենդել հիլզ»-ի կողմից կառուցած բնակարանները ի վերջո ե՞րբ են սեփականաշնորհվելու. միայնակ ծերերից արդեն 8 հոգի մահացան` այդպես էլ սեփականության վկայական ձեռք չբերելով: «Կան մահացողներ, ճիշտ են ասում, որոնց հարցը առանձին քննարկման առարկա է դառնալու նախարարության հանձնաժողովում: Մի անգամ քննարկվել է, նույն կարծիքին չենք եղել բոլորս, նորից կքննարկվի, իսկ եթե այսօրվանից հաշված երկու ամիս հետո սկսվի սեփականաշնորհման գործընթացը, ճիշտն ասած, ես ուրախ կլինեմ, որովհետև երկու տարի ձգձգվել է: Վարչապետը շատ խիստ հանձնարարական տվեց քաղաքաշինության նախարարին, որ երկու ամիս հետո սկսվի սեփականշնորհման գործընթացը»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031