Պարզվում է՝ Թուրքիայում ոչ բոլոր համշենցիներն են խոսում համշենահայերենով: Վերջինով հաղորդակցվում են միայն Խոփա և Բորչկա գավառներում, իսկ մնացած գավառներում լեզուն գրեթե մոռացության է մատնված:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին ԹուրքիայիԽոփաքաղաքիցՀայաստանժամանածհամշենահայեր ԱսլանՋանջը և ՌեմզիԳեդիքը, որոնք ընդհանուր գծերով ներկայացրին համշենահայերի կյանքը:
ՌեմզիԳեդիքի տեղեկացմամբ՝ մինչև 1980-ական թվականները համշենահայերը հիմնականում ապրել են լեռներում, որն էլ բարենպաստ պայմաններ է ստեղծել գրեթե բացառապես գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ զբաղվելու համար. «Սակայն 80-ականներից սկսած, երբ նեոլիբերալիզմը տարածվեց Թուրքիայում, կյանքը դժվարացավ գյուղերում, և համշենահայերի հոսքը դեպի քաղաքներ մեծացավ: Քաղաքներում էլ համշենահայերն սկսեցին տարբեր արհեստներով ու առևտրով զբաղվել, ինչպես նաև ակտիվորեն ներգրավվել կրթական ոլորտ, և ակնհայտ է, որ համշենահայերն այսօր բավականին կրթված են»,- նշեց Ռ. Գեդիքը:
ԱսլանՋանջն էլ վստահեցրեց, որ Թուրքիայում բնակվող համշենահայերն իրենց նկատմամբ բացահայտ խտրական վերաբերմունք երբևէ չեն զգացել: Նա դրա պատճառներից մեկն էլ համարում է այն, որ իրենք մշտապես անասնապահությամբ են զբաղվել (չհաշված վերջին 30-40 տարիները) և որևէ խտրական վերաբերմունք այդ առումով չէին կարող զգալ. «Ես ինքս խտրականություն զգացել եմ միայն դպրոցում, որտեղ համշենահայերենով խոսելն արգելված էր, և նույնիսկ պատիժ էր սահմանված դրա համար, բայց դա միայն համշենցիներին չէր վերաբերում. զազերին նույնպես արգելված էր զազերեն խոսել դպրոցում: Համենայն դեպս, փողոցում կամ մի այլ տեղ ինձ դեռևս չեն հարցրել՝ ինչու եմ համշենահայերեն խոսում»,- ասաց Ա. Ջանջը:
Դիտարկմանը, թե շատ համշենահայեր ասում են, որ իրենք ոչ թե համշենահայ են, այլ համշենցի, և որ իրենց լեզուն ոչ թե համշենահայերենն է, այլ համշեներենը, Ա.Ջանջը պատասխանեց. «Մի կողմից, Ցեղասպանությունից մինչև օրս ինքնությունը վերացնելու քաղաքականություն է վարում Թուրքիան ասորիների, հույների, հայերի, ընդհանրապես Թուրքիայում ապրող փոքրամասնությունների նկատմամբ, և անհնարին է, որ այդ քաղաքականությունը չազդի նաև համշենահայության վրա:
Մյուս կողմից էլ, օրինակ, Քիրզի Օղլու անունով մի թուրք պատմաբան կա, որը տարածել է այն գաղափարը, թե համշենցիները ծագել են օղուզական ցեղերից, և փորձել է արմատավորել այդ գաղափարը համշենցիների ու համշենահայերի մեջ:
Եվ ես համոզված եմ, որ հնարավոր չէ՝ պատմաբանների կամ չակերտավոր պատմաբանների աշխատություններն ուսումնասիրած համշենահայերը չկրեն նաև դրանց ազդեցությունը և երկմտանքի մեջ չընկնեն՝ իրենք հայկակա՞ն ծագում ունեն, թե՞ օղուզական»:
Բանախոսն ասում է, որ համշենահայերից շատերն են ազգային ինքնության որոնումների մեջ և դեռ չեն կողմնորոշվում՝ իրականում ինչ ծագում ունեն իրենք: Սակայն Ա.Ջանջը նկատեց նաև, որ համշենահայ ուսանողները հատկապես վերջին շրջանում սկսել են լրջորեն հետաքրքրվել հայկական մշակույթով, որովհետև ընդհանուր շատ աղերսներ են տեսնում համշենական մշակույթի հետ:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ