Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գորիսի նոր քաղաքապետը հանձնարարել է գրավոր տեղեկացնել իրականացվող ծրագրերի ընթացքի եւ կատարված աշխատանքների մասին

Հուլիս 23,2014 19:09

Հուլիսի 21-ից պաշտոնը ստանձնած Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցն արդեն առաջին խորհրդակցությունն է անցկացրել Գորիսի քաղաքապետարանի եւ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցների հետ: Խորհրդակցության ժամանակ քաղաքապետը ներկաներին հանձնարարել է գրավոր ներկայացնել առաջիկա 6 ամսվա համար նախատեսված ծրագրերը, տեղեկացնել իրականացվող ծրագրերի ընթացքի մասին, հանդես գալ առաջարկներով եւ ներկայացնել մտահոգող խնդիրների ցանկը:

Ինչպես փոխանցեց Վաչագան Ադունցը` նա նաեւ նոր հանդիպումներ է նախատեսում ունենալ Գորիսում` նպատակ ունենալով ընդհանուր աշխատանքային մթնոլորտի եւ համագործակցային դաշտի ձեւավորման հիմքերը դնել:

«Պլանավորել եմ հանդիպել ավագանու հետ, երբ ինձ ներկայացրեցին որպես քաղաքապետ` ավագանու անդամները ներկա չէին, դա ես ճիշտ չեմ համարել: Առաջիկայում կհանդիպեմ Գորիսում գործող հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, նաեւ ծրագրում եմ ազգաբնակչության հետ ինտենսիվ շփումներ ունենալ: Պատասխանատուների, ավագանու անդամների հետ տեղում կծանոթանամ խնդիրներին, որպեսզի առաջիկայում ավագանու նիստ հրավիրենք եւ քննարկենք հուզող խնդիրների լուծման համար ֆինանսական հնարավորությունները ճիշտ ու նպատակային օգտագործման հարցը: Նպատակ ունեմ ընդհանուր կառավարման մոդելը ձեւավորել», – նշեց Գորիսի քաղաքապետը:

Իսկ մեր այն հարցին, թե նախկին քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի կառավարման մոդելից գո՞հ չէ, որ մտադիր է նոր մոդել ձեւավորել եւ ինչպիսի՞ն կլինի կառավարման իր մոդելը, պարոն Ադունցը պատասխանեց, որ ինչպես խոստացել է` հնարավորինս թափանցիկ գործունեություն է իրականացնելու:

«Ես չգիտեմ նախկին քաղաքապետը ինչպես է համագործակցել նրանց հետ, թերեւս մի պահ, որ ավագանին մեզ մոտ ձախողվել է ու ավագանու նիստը չի կայացել , փոփոխված բյուջեն չի հաստատվել, դա նշանակում է, որ որեւէ խնդիր կա: Ես հնարավորինս բաց եմ աշխատելու, խորհրդակցության արդյունքում որոշում կայացնելն ավելի պաշտպանված կլինի սխալներից»,- փոխանցեց Գորիսի նոր քաղաքապետը:

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Գորիսում կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում` անկուսակցական Հրայր Յոլյանից առավել քվեներ հավքելով, ՀՀԿ-ական Վաչագան Ադունցն ընտրվել է Գորիսի քաղաքապետ եւ հուլիսի 21-ից ստանձնել իր պաշտոնը: Իսկ մինչ այդ` 14 տարի շարունակ Գորիսը ղեկավարել է ՀՀԿ-ական Նելսոն Ոսկանյանը:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031