Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանի գործով դատական բժշկի դատարան չգալու պատճառը հայտնի չէ

Հուլիս 23,2014 19:03

4 վկա էր այսօր ներկայացել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Նրանցից երկուսն անցյալ տարվա հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան ճանապարհին տեղի ունեցած մեքենաների բախման կետում առաջինը դեպքի վայր հասած անձինք են, որոնք փորձել են հանել «Նիվա» եւ ԲՄՎ ավտոմեքենաների միջից տուժողներին:
Երկուսն էլ հրշեջ ծառայության աշխատակիցներն էին:

Նախորդ դատական նիստին, սակայն հնչել էին այլ անուններ, մասնավորապես, դատական բժիշկ Համազասպ Գեւորգյանինը, որը դատարանին անհայտ պատճառներով չէր ներկայացել:

Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն էլ նկատեց, որ վկաները, որոնք ծանուցվել էին չեն ներկայացել, իսկ ներկայացածների հարցաքննությանն էլ պատրաստ չեն, քանի որ նրանց ծանուցագրեր չեն ուղարկվել:

Բայց, քանի որ դատական նիստն ավելորդ անգամ ձգձգվելու խնդիր կարող էր առաջանալ, կողմերը լսեցին վկաներին:

Ղասըմ Ասլանյանը նկարագրեց, թե ինչպես է դեպքի օրը տեսել Վարդան Պետրոսյանի ավտոմեքենան դանդաղ ընթացքով շարժվելիս: Վկայի ասելով՝ 30-40 կմ.ժամ արագությամբ: Ապա` դերասանի մեքենան փորձել է «աբգոն» անել կարմիր գույնի մի «Ֆոլսվագենը»: Վարդան Պետրոսյանը «պոկվել» է նրա ետեւից:

Հետագայում երեւացել էր ծուխ, մոտեցել են: Ըստ վկայի, ինքն ու ընկերը՝ Հայկ Վարդանյանը փորձել են առաջինը մոտենալ «Նիվային», քանի որ այնտեղից օգնության կանչեր են լսել:

Հայկը բարձրացել է մեքենայի «կապոտին», ապա՝ «կռիշին», կանգնելով մեքենայի հայելու վրա: Նրանք ավտոմեքենայի միջից նախ հանել են աղջկան, որը աջ կողմում էր նստած, եւ նրան ոչինչ չէր եղել, ապա անգիտակից երկու երիտասարդներին, Հայկ Հակոբյանին. վերջինը նստած է եղել վարորդ Արթուր Հակոբյանի կողքին: Վկան եւ նրա ընկերը չեն կարողացել բացել մեքենայի դռները, ջարդելու փորձ են կատարել:

Ամենից հետո վկան գնացել է Վարդան Պետրոսյանի ավտոմեքենայի ուղղությամբ: Նա չի սպասել, որ Վարդանը կլինի մեքենայում: Վարդանը ասել է, որ ինքը դերասան Վարդան Պետրոսյանն է, ապա հարցրել է, շատ բա՞ն է եղել, երբ ասել է՝ ահավոր բան, նա գլուխը իջեցրել է, անշարժացել. վկային թվացել է, թե նա մահացել է:

Հետո Գազել է եկել, ժողովուրդ հավաքվել, փրկարարներն են եկել: Այն, որ «Նիվայի» մեջ գազ է եղել. տեսել էր վկան եւ ասաց, դա պայմանավորված էր նրանով, որ փնտրել են ինչ- որ բան, մեքնայի դռները կոտրելու համար. «Հայելին ընկավ, քացով խփինք, որ դուռը բացվի»:

Այս վկայի ցուցմունքը ըստ Նիկոլայ Բաղդասարյանի՝ հակասություններ էր պարունակում հայելու պահով, ուստի նա միջնորդեց, որպեսզի հրապարակվի նախաքննության ժամանակ վկայի տված ցուցմունքը:

Նիկոլայ Բաղդասարյանը ցույց տվեց նկարներ, որտեղից պարզ էր, որ հայելին վնասված չի եղել: Վարդան Պետրոսյանն էլ շնորհակալություն հայտնեց վկային ասելով՝ խիզախ բան եք արել:Նկատի ունենալով իրենց օգնելը:

«Դռների հայելիները դուրս թռան իրենց տեղերից, երբ Հայկն էր խփում»,-ասաց վկան, պատասխանելով հարցերին: Հայկ Վարդանյանն ասաց, որ «Նիվայի» դուռը վնասված է եղել, կոտրել է դուռը, հայելին սեղմվել է, ջարդվել:

Նա տեսել էր «Նիվայի» թափված հեղուկը, որը բավական շատ էր: «Ինչ կարեցանք, արեցինք»,-շարունակեց նա:

Հրշեջ Տիգրան Խաչատրյանն ու ավագ հրշեջ ներկայացած պարոն Վարդանյանն ասացին, որ ստացել են ահազանգ: Ըստ ավագ հրշեջի, ահազանգը գրանցվել է 22.24-ին, իրենք դեպքի վայր են հասել երկու-երեք րոպե անց: Տուժողներին չեն տեսել, տեսել են միայն Վարդան Պետրոսյանին:

Նրա մեքենայի նստարանը ջարդել են, կողքը մարդ չի եղել, եւ ոչ մեքենայից, ոչ Վարդանից խմիչքի հոտ չեն զգացել: Եվ եթե նման բան լիներ, իրենք կզգային:

Ի դեպ, նախորդ վկաներն էլ, որ առաջինն են հայտնվել դեպքի վայրում, նույնպես խմիչքի հոտ չեն զգացել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031