Լրահոս
Օրվա լրահոսը

Կամո Արեյանն ամփոփել է իր կողմից համակարգվող ոլորտներում աշխատանքի կիսամյակային արդյունքները

Հուլիս 23,2014 18:18

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է շինարարության և բարեկարգման, բնապահպանության, կոմունալ տնտեսության և սոցիալական ապահովության ոլորտներում 2014 թվականի առաջին կիսամյակում համայնքային բյուջեի միջոցներով, ինչպես նաև ներդրումային ծրագրերով կատարված աշխատանքների հաշվետվությունները:

Խոսելով շինարարության և բարեկարգման ոլորտում կատարված աշխատանքների, մասնավորապես ճանապարհաշինական խոշորածավալ ծրագրերի մասին՝ Կամո Արեյանն առանձնացրել է Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող նոր արագընթաց մայրուղու կառուցումը, որն ամբողջությամբ ավարտվեց և շահագործման հանձնվեց ընթացիկ տարվա մայիսին: Ի դեպ, նշվել է, որ սիզամարգերի բարելավման և  ընդլայնման ծրագրով նախատեսված 15 հեկտարից միայն 5 հեկտար կազմել է Իսակով-Լենինգրադյան ավտոճանապարհի կանաչ գոտին:

Քաղաքապետի առաջին տեղակալը կարևորել է ճանապարհաշինական այս ծրագիրը նաև երթևեկության բեռնաթափման և գլխավոր հատակագծով նախատեսված ծրագրերի իրագործման տեսանկյունից:

Նշվել է նաև, որ Ասիական զարգացման բանկի վարկային ծրագրի շրջանակում ևս մայրաքաղաքի միաժամանակ մի քանի հատվածներում իրականացվում են ճանապարհաշինական ծրագրեր, այդ թվում Աշխատանքի հրապարակից մինչև Շիրակի փողոց ընկած 1.3 կմ հատվածի ճանապարհաշինական աշխատանքները:

Նախապատրաստական աշխատանքներ են տարվել Սարալանջի փողոցը Տիգրան Մեծի պողոտային կապող նոր ճանապարհի կառուցման ու նախկին երկաթգծի կամուրջը որպես հետիոտնային վերգետնյա անցում վերակառուցելու ծրագրի մեկնարկի ուղղությամբ:

Անդրադառնալով փողոցների, բակերի և մայթերի ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքներին ՝ Կամո Արեյանը տեղեկացրել է, որ այս տարի ընդհանուր առմամբ նախատեսված է շուրջ 2 մլն քմ ասֆալտապատման աշխատանք իրականացնել: Ընդ որում, հիմնանորոգման ենթակա 23 փողոցներից 20-ում հիմնական աշխատանքներն արդեն մեկնարկել են:

«Մայրաքաղաքի համաչափ զարգացման սկզբունքը մշտապես հաշվի է առնվում քաղաքապետարանի կողմից իրականացվող բոլոր ծրագրերում: Պատահական չէ, որ 2014 թվականի ասֆալտապատման աշխատանքների ծավալներում դրանք ևս վառ արտահայտված են. եթե նախորդ տարիներին վերանորոգվող և հիմնանորոգվող փողոցների մեջ զգալի մեծ էր մայրաքաղաքի կենտրոնին բաժին ընկնող փողոցների թիվը, ապա այս տարի հիմնանորոգվող 23 փողոցներից միայն 2-ն են Կենտրոն վարչական շրջաններում, մնացածը  ծայրամասային վարչական շրջաններում են»,-ընդգծել է Կամո Արեյանը:

Սահմանված ժամանակացույցով շարունակվում են  նաև ասֆալտբետոնե ծածկի ընթացիկ նորոգման, մայթերի սալիկապատման և եզրաքարերի փոխարինման աշխատանքները, որոնց մոտ 50 տոկոսն ավարտված է: Շուրջ 90 տոկոսով  ավարտված է նաև բակային տարածքների ասֆալտապատումը:  Նախատեսված ծավալից  600 հազար քմ-ն արդեն ասֆալտապատվել է:

Անդրադառնալով 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու ծրագրին՝ Կամո Արեյանն ընդգծել է, որ ծրագրի ավարտը նախատեսված է 2015 թվականին: Համայնքային բյուջեից այս տարի այդ նպատակով հատկացվել է 2.7 մլրդ ՀՀ դրամ:

Ընթացքի մեջ են նաև բազմաբնակարան բնակելի շենքերի վթարային շքապատշգամբների հիմնանորոգման աշխատանքները: 7 վարչական շրջանում ավարտին են մոտենում 200 շքապատշգամբների վերանորոգման և ամրացման  աշխատանքները:

«Պատշգամբները բնակիչների բաժնային սեփականություն  են, և Երևանի քաղաքապետարանը դրանց վերանորոգման մասով որևէ պարտավորություն չունի: Սակայն, հաշվի առնելով խնդրի կարևորությունն ու նաև սոցիալական բաղադրիչը, քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով քաղաքապետի նախաձեռնությամբ  վթարավտանգ շքապատշգամբների նախագծումն ու վերանորոգումն իրականացվում է համայնքային միջոցներով»,-ընդգծել է Կամո Արեյանը:

Ներկայացնելով թեքահարթակների կառուցման աշխատանքների ընթացքը՝ Կամո Արեյանը նշել է, որ այս տարի համայնքային բյուջեից հատկացված կրկնակի միջոցների շնորհիվ կկառուցվի 185 թեքահարթակ, որից 77-ում աշխատանքներն ավարտվել են և հանձնվել շահագործման:

«Հատկանշական է, որ թե՛ նախագծման և թե՛ բուն շինարարության ընթացքում համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչներն ու շահագրգիռ անձինք քաղաքապետարանի պատասխանատուների հետ անձամբ են այցելում կառուցման վայրեր և տեղում հետևում աշխատանքների ընթացքին: Ճանապարհների հիմնանորոգման ընթացքում շինարարների կողմից ևս կիրականացվեն թեքահարթակների կառուցման աշխատանքներ, ինչը տարեվերջին էապես կմեծացնի  մայրաքաղաքում առկա թեքահարթակների թիվը՝ դրանք հասցնելով մոտ 300-ի»,-նշել է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:

Բակերի բարեկարգման ծրագրի ընթացքի վերաբերյալ նշվել է, որ այս տարի նախատեսված շուրջ 600 բակերից առաջին կիսամյակում ամբողջությամբ բարեկարգվել և մանկական ու մարզական խաղագույքով է  համալրվել 140 բակ:

Տեղեկացվել է, որ մինի ֆուտբոլի 15 նոր խաղադաշտերից 5-ում աշխատանքներն ավարտված են: Այս տարի առաջին անգամ համայնքային բյուջեով նախատեսվել է նաև նախկինում կառուցված խաղադաշտերի նորոգում: Ընթացիկ նորոգման ենթակա 59 խաղադաշտերի 80 տոկոսում աշխատանքներն ավարտված են:

30 կամրջային կառույցների և ստորգետնյա անցումների նորոգման ծրագրով՝ 15-ում արդեն ավարտվել են նորոգման և ամրացման աշխատանքները: Բացի այդ, 13 հասցեներում հենապատերի նորոգում է իրականացվում:

Քաղաքապետարանի ենթակայության կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների վերանորոգման ծրագրի մասով նշվել է, որ առողջապահական 3 հիմնարկներից 2-ում վերանորոգման աշխատանքներն ավարտվել են: Գրադարանների, արվեստի և երաժշտական  դպրոցների մասով տեղեկացվել է, որ 26 օբյեկտներից 3-ում աշխատանքները մոտենում են ավարտին:

Մարզադպրոցների ջեռուցման համակարգերի ապահովման ծրագրում ներառված 5 դպրոցներից 3-ում համակարգի անցկացումն ավարտված է, 2-ում աշխատանքներն ընթացքի մեջ են: Մանկապարտեզների վերանորոգման աշխատանքների հետ կապված նշվել է, որ 23 նախադպրոցական ուսումնական հաստատություններից 3-ում հիմնանորոգման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են: Տեղեկացվել է նաև, որ օգոստոսի վերջին կավարտվեն մետրոպոլիտենի Գ. Նժդեհ կայարանի ջրամեկուսացման աշխատանքները:

Ներկայացնելով բնապահպանության ոլորտում կատարված աշխատանքները՝ Կամո Արեյանը նշել է, որառաջին կիսամյակում մայրաքաղաքի կանաչ տարածքների պահպանման և ընդլայնման նպատակով միայն գարնանային ծառատունկի շրջանակում տնկվել է 50 հազար ծառ և թուփ:  Բացի այդ, կրապատվել է 65 հազար, էտվել և ձևավորվել՝ 22 հազար ծառ: Տնկվել է ավելի քան 2 մլն ծաղկասածիլ: Մայրաքաղաքի ոռոգման համակարգն ընդլայնվել է 20 կմ-ով:

«Երևանում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ծավալը կազմեց 850 հեկտար: Ավելի քան 11.6 հեկտար կանաչ մակերեսով հանգստի գոտիներ են կառուցվում 6 հասցեներում: Այս տարվա առաջին կիսամյակում մենք ապահովում ենք ավելի քան 11 հեկտար այգիների վերականգնում և նորերի ստեղծում: Երկու ծրագիր իրականացվում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ»,- նշել է Կամո Արեյանը:

Անդրադառնալով կոմունալ տնտեսության ոլորտում 2014-ի առաջին կիսամյակում նախատեսված և կատարված աշխատանքներին՝ քաղաքապետի առաջին տեղակալը անդրադարձել է Ֆրանսիայի կառավարության կողմից տրամադրված վարկային միջոցներով իրականացվող «Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման ծրագրի» շրջանակում ընթացող աշխատանքներին: Խոսելով բազմաբնակարան շենքերի խնդիրներից՝ նշվել է, որ 304 շենքերում իրականացվել է 38504 քմ մակերեսով հարթ,  370 շենքերում՝  23735 քմ թեք տանիքի վերանորոգում: Շքամուտքերի վերանորոգման ծրագրում ընդգրկված 727 շենքերից աշխատանքներն ավարտված են 416-ում: Ընթացքի մեջ է արտաքին լուսավորության ցանց չունեցող  24 փողոցների  և ավելի քան 100 բակային տարածքներում լուսավորության վերականգնման աշխատանքները:

2014 թվականի առաջին կիսամյակում 16-րդ թաղամասի 21 շենքերի գազիֆիկացման ծրագրի շրջանակում 8 շենքեր ամբողջությամբ  գազիֆիկացված են:

Սոցիալական ապահովության ոլորտի կիսամյակային աշխատանքների մասին խոսելով՝ քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը տեղեկացրել է, որ պետության կողմից նախատեսված  բոլոր  ծրագրերն իրականացվել են 100 տոկոսով: Համայնքային բյուջեով իրականացված ծրագրերի արդյունքում համապատասխան աջակցություն է ցուցաբերվել շուրջ 5000 ընտանիքի: Սոցիալական աջակցության ծրագրերում առանձնացվել է երևանաբնակ 1000 զինծառայողների ծնողների այցը սահմանամերձ զորամասեր: Երևան քաղաքում բնակվող սիրիահայերի ընտանիքներին սոցիալական աջակցության ցուցաբերման գործընթացի վերաբերյալ  նշվել է, որ դրամական աջակցություններ են տրամադրվել 85  ընտանիքի: Կենցաղային իրեր, հագուստեղեն, կոշկեղեն, գրենական պիտույքներ են տրամադրվել 441, պարենային աջակցություն՝ 293 ընտանիքների:

Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող քաղաքային հանձնաժողովի կատարած աշխատանքների մասով Կամո Արեյանն ընդգծել է, որ բոլոր ծրագրերն ամբողջությամբ կատարված են: Այստեղ քաղաքապետի առաջին տեղակալը կարևոր ձեռքբերում է համարել առաջիկայում 10 ավտոբուսների՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց հարմարեցնելու նպատակով հատուկ վերելակների տեղադրումը, ինչպես նաև Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ  ավոտկայանատեղիների տուրքից ազատման վերաբերյալ ավագանու համապատասխան որոշման ընդունումը:

Քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը շեշտել է, որ 2014 թվականի ծավալներն էապես գերազանցում են նախորդ տարվա ցուցանիշները, և բոլոր ծրագրերն ընթանում են սահմանված ժամանակացույցով ու կավարտվեն նախատեսված ժամկետում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031