«Երբ լրագրողները հղում են կատարում Հովիկ Աբրահամյանի խոսքերին, ես զարմանում եմ: Ինչի՞ են լուրջ ընդունում նրան: Նայեք նրա կրթական մակարդակը, գյուղացու հետ արա-ով խոսելը»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանն այսպես պատասխանեց մեր հարցին, թե ինչու է Հովիկ Աբրահամյանը Եվրասիական տնտեսական միության անդամակցության վերջնաժամկետի մասին ամեն անգամ տարբեր ամսաթվեր նշում:
Հիշեցնենք, որ ԵՏՄ-ին անդամակցության վերջնաժամկետը հունիսի 15-ը պետք է լիներ: Այնուհետեւ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ԵՏՄ-ին անդամակցության հարցը կլուծվի աշնանը՝ մինչեւ հոկտեմբերի վերջ, որ ընդամենը տեխնիկական որոշ հարցեր են մնացել կարգավորելու: Երեկ էլ լրագրողների հետ զրույցում այլ ժամկետ է նշել՝ ասելով, որ 2015թ. հունվարի 1-ից մենք կդառնանք Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ:
Վլադիմիր Կարապետյանի խոսքերով՝ «Վերջին մի քանի ամսվա մեջ Հովիկ Աբրահամյանից լսել ենք 5-6 ժամկետ: Սա շատ խորհրդանշական է ու շատ համահունչ է իր կերպարին, որն ունի Հովիկ Աբրահամյանը: Նրանից որեւէ մեկը կարո՞ղ է ակնկալել լուրջ պատասխան: Այն մեծ անպատասխանատվությունը, որը հորդում է նրանից, կարծում եմ, ակնհայտ է: Դեռ մենք նրանից շատ -շատ ենք լսելու անպատասխանատու խոսքեր: Պարզապես հղում կատարել նրա ասածներին՝ համարում եմ անլուրջ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև