«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով դատական նիստի ընթացքում այսօր հարցաքննվեց գնդապետ Խաչիկ Ավետիսյանը:
Նա պատմեց, որ նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանն ու ընկերները, հասնելով օպերայի շենքի ծառայողական մուտքի մոտ, միանգամից մտել են Մաշտոցի պողոտայի երթեւեկելի հատված ու պայթուցիկներ պայթեցրել:
«Սկսեցին բղավել, հարվածել ոստիկաններին: Եվս մեկ քաղաքացիական համազգեստով անձնավորության տապալեցին գետնին, հարվածում էին, գոռում էին՝ ոստիկանության ներկայացուցիչ է, մի խփեք, էնտեղից էլ բղավոց եղավ՝ միլիցա է, խփեք»:
Կարդացեք նաև
Շանթ Հարությունյանը հստակեցրեց՝ «Իմ վզից քաշեցին, փայտը սենց արեցի, որ խփեմ: Լավ չի հիշում, քանի որ ոստիկան է, շառը պետք է թողնի մեզ վրա»:
Ամբաստանյալ Վարդան Վարդանյանն էլ հետաքրքրվեց. «40 -ից ավելի վկա, 14 տուժող կա: Բոլորն էլ միաբերան ասում են, որ քաղաքացիական հագուստով մարդուն գցել են գետնին ու խփել: Դուք տեսագրությունը նայե՞լ եք, տեսագրության մեջ որեւէ տեղ ձայնագրություն կա՞, որ նման բան է ասվել»:
Խաչիկ Ավետիսյանն էլ ասաց, մոտ է կանգնած եղել ու լսել է. «Շնչառությանս վրա պայթուցիկներն ազդել էին, բայց խառնաշփոթն ու աղմուկն այնքան շատ էր, որ չեմ կարող ասել, թե կոնկրետ ով է ասել»:
Ամբաստանյալներն էլ արձագանքեցին. «Ինչը մեր դեմ է, հիշում են, ինչը իրենց օգտին է ու կա նույնիսկ տեսաձայնագրությունում, չեն հիշում»:
Փաստաբան Կարեն Քալանթարյանն էլ պահանջեց հստակեցնել՝ ինչից է սկսվել խառնաշփոթը, ինչն էր պատճառը, որ երթի մասնակիցները փողոց դուրս եկան
«100-150 հոգի ծառայողական մուտքի մոտից միանգամից ներխուժել են երթեւեկելի մաս, պատճառը ինձ հայտնի չէ, որովհետեւ Շանթ Հարությունյանը զգուշացրել էր, որ անցնելու են անցումներով»:
Մեկ այլ հարցի, թե լսե՞լ է՝ ինչ էր Շանթ Հարությունյանին ասում ոստիկան Գեղամ Խաչատրյանը, որը երթեւեկելի հատվածից, ըստ ոստիկանների, փորձել է դուրս բերել մայթ, պարոն Ավետիսյանն ասաց. «Ժեստիկուլյացիայից եմ ջոկել՝ ինչ է ասել, փորձում էր դուրս բերել մայթ»:
Արա Զաքարյանն էլ հարցրեց՝ բարձրախոսով հրահանգե՞լ եք երթի մասնակիցներին, որ փողոց չի կարելի դուրս գալ, ասաց՝ ոչ: Հետո հարցրեց, ձեր աշխատակիցներին հրահանգե՞լ եք գործողություններ կատարել, երթի մասնակիցներին դուրս բերելու համար, պարոն Ավետիսյանն ասաց՝ այո: Հետո հստակեցրեց, որ հրահանգել է իր ենթակա Գեղամ Խաչատրյանին:
Պարոն Զաքարյանն էլ հիշեցրեց, որ նախորդ դատական նիստին Գեղամ Խաչատրյանն ասել է, որ ոչ մեկից հրահանգ չի ստացել երթի մասնակիցներին դուրս բերելու վերաբերյալ:
Հարցին՝ ինչպե՞ս եք հեռացրել երթի մասնակիցներին երթեւեկելի մասից, գնդապետն ասաց. «Հետեւից գրկելով, սիրելով»:
Փաստաբան Հովհաննես Քոչարյանն էլ հարցրեց, օրինակա՞ն էր երթը, գնդապետն ասաց՝ հստակ չգիտի:
Հետո հարցին, որ իրավական ակտով է արգելված երթի ժամանակ փողոց դուրս գալը, ինչու չեք սահմանափակել երթեւեկությունը, պայմաններ ստեղծել, որ խաղաղ երթը իրացվի, պարոն Ավետիսյանն ասաց՝ իրենց չեն դիմել այդ հարցով:
Ալեք Պողոսյանն էլ հարցրեց՝ Ձեր ստորաբաժնում քանի՞ ռուս կա ծառայող ու այս հարցով ավարտվեց տուժող գնդապետ Խաչիկ Ավետիսյանի հարցաքննությունը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ