Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աղայան. «Պուտինն արեց ամեն բան, որպեսզի Եվրոպայում նորից սարսափեն ռուսական արջից»

Հուլիս 23,2014 15:55

«Միջազգային հետաքննությունն այնպիսի բան է, որին հնարավոր չէ դեմ արտահայտվել, և շատ դժվար է խանգարել: Կարծում եմ կրակողները և մյուս մեղավորները հաշտվել են դրա անխուսափելիության հետ և մյուսներին հավասար պահանջում են օբյեկտիվ հետաքննություն: Փոխարենը նրանք կփորձեն յուրովի մեկնաբանել այդ հետաքննության արդյունքները: Բոլոր դեպքերում դիտավորությունը խիստ անհավանական է: Իսկ սովետական տեսակի հանցավոր փնթիությունն այս հակամարտությունում համատարած է և երկկողմանի»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ուկրաինայում մալազիական ինքնաթիռի վթարի առնչությամբ զարգացումներին, ասաց քաղաքագետ Արմեն Աղայանը:

Մեր զրուցակցի համոզմամբ, քաղաքացիական ինքնաթիռի կործանումն, իհարկե, որոշ ազդեցություն կունենա ուկրաինական առճակատման հանգուցալուծման վրա, սակայն ոչ վճռորոշ. «Առանց այս միջադեպի էլ հակամարտության ուղղակի և անուղղակի կողմերը անելու էին այն, ինչ անում են հիմա ու պատրաստվում են անել ապագայում: Մասնավորապես, Ուկրաինայի հակառուս քաղաքական վերնախավը փորձելու է երկրում վերջնականապես և ցանկացած գնով արմատախիլ անել ամեն տեսակի ռուսամետություն: Խայտաբղետ ազգային ինքնություն ունեցող, գերազանցապես ռուսախոս Ուկրաինայում, անկախության երրորդ տասնամյակում, վերջապես կարող է ձևավորվել քիչ թե շատ միասնական ազգ: Համոզված եմ, որ հանուն դրա Պոռոշենկոն պատրաստ է նաև ձգձգել պատերազմը, մինչև ռուսամետ բնակչությունը կոտրվի կամ լքի երկիրը: Կիևի համար հաջող զարգացումների և բավարար արտաքին աջակցության դեպքում, Դոնբասին անմիջապես կհաջորդի Ղրիմը: Հակառակ դեպքում, եթե լինեն շատ մեծ կորուստներ կամ բավարար չլինի միջազգային աջակցությունը, հակամարտությունը կարող է ժամանակավոր սառեցվել, բայց ոչ հանգուցալուծվել»:

«Ամերիկայի ձայն» ռադիոկայանի փոխանցմամբ, ԱՄՆ կոնգրեսականներն այն կարծիքին են, որ Ռուսաստանը պետք է վճարի ուկրաինական իրադարձությունների գինը, սակայն այդ գինը պետք է հայտարարվի միայն Եվրոպայի հետ լիակատար եւ ակտիվ համագործակցության դեպքում: «Ես կարծում եմ, որ Ռուսաստանի տնտեսությունը ծնկի բերելու համար պետք է հնարավորինս ջանալ: Մենք պետք է ռուսական ֆոնդային շուկայի խարխլման ականատեսները լինենք: Մենք պետք է ցանկացած ռուսական ապրանքների դիրքերի եւ արտահանման նվազեցման ականատեսը լինենք»,- հայտարարել է Սենատոր Դեն Քոութսը: «Սակայն հետագա պատժամիջոցները ավելի արդյունավետ դարձնելու համար ԱՄՆ-ը եւ իր եվրոպական դաշնակիցները պետք է միեւնույն ճակատով հանդես գան»,- հավելել է դեմոկրատ Քրիս Մերֆին:

«Միջազգային աջակցությունը երաշխավորելու են Միացյալ Նահանգները: Եվրոպան, նախապես, թեև քննադատում էր Մոսկվայի ճնշումները Կիևի եվրոձգտումների հարցում, սակայն բավականին չափավոր էր Ռուսաստանի դեմ գործելու, մասնավորապես պատժամիջոցների հարցում: Պուտինն ինքն արեց ամեն բան, որպեսզի Եվրոպայում նորից սարսափեն ռուսական արջից ու լիովին միանան ռուսական ռևանշիզմի դեմ ամերիկյան պայքարին: Ռուսաստանին սպառնում է մեկուսացում և նույնպիսի ճգնաժամ, ինչպիսին ապրեց ԽՍՀՄ-ը իր գոյության վերջին տարիներին»,- ասաց Արմեն Աղայանը՝ հավելելով. «Սա հաստատ այն արդյունքը չէր, որն ակնկալում էր Պուտինը` կցելով Ղրիմը և զինելով Դոնբասը: Անգամ եթե նրան հաջողվի պահպանել Ղրիմը և Դոնբասում էլ շարունակվի դիմադրությունը, միևնույն է, Պուտինը կորցնում է մնացած Ուկրաինան, իսկ դրա հետ էլ կայսրական հեռանկարը: Իսկ առանց կայսերական երազի կորում է Ռուսաստանի իմաստը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031