Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը Վոլոդյա Ավետիսյանին 6 տարվա ազատազրկման դատապարտելու վերաբերյալ

Հուլիս 23,2014 15:45

Դատապարտում ենք

Արցախյան պատերազմի մասնակից, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին 6 տարվա ազատազրկման դատապարտելը «Ժառանգություն» կուսակցությունը գնահատում է որպես «վերեւից» իջեցված քաղաքական պատվերի շրջանակում հայրենի դատարանի իրականացրած հերթական հաշվեհարդար, որն ուղղված է արդարացի բողոքի գործողության եւ ազատ կամարտահայտության ժողովրդավարական սկզբունքի կոպիտ ոտնահարմանը:

Հետխորհրդային տարածքում, մասնավորապես Հայաստանի Հանրապետությունում եւ Ռուսաստանի Դաշնությունում պարբերաբար շարունակվող նմանօրինակ բռնությունները չեկիստական գործելակերպին հարիր վերապրուկներ են, որոնց շուտափույթ հաղթահարումը օրվա հրամայականն է: Քաղաքական բանտարկյալներ Վոլոդյա Ավետիսյանի, Շանթ Հարությունյանի, Վարդան Պետրոսյանի եւ այլակարծիք մյուս քաղաքացիների հետապնդումները, որոնք թելադրված են մեր պետության անվան տակ գործող իշխանության կողմից, ոչ այլ ինչ են, քան թշնամական բռնարարք հայ ժողովրդի եւ նրա շահերի դեմ:

Անկախ նրանից, թե որ պետությունում են մեր հայրենակիցները հետապնդվել ու դատապարտվել այլախոհության համար կամ քաղաքական դրդապատճառներով, մենք պարտավոր ենք պաշտպանել ԱՄՆ-ում՝ Համբիկ Սասունյանի, Թուրքիայում՝ Հրանտ Դինքի, Սեւան Նշանյանի, Սեւակ Բալըքչիի, Վրաստանում՝ Վահագն Չախալյանի, ՌԴ-ում՝ Լեւոն Հայրապետյանի իրավունքները՝ իբրեւ ազգային շահերից բխող կարեւոր հանձնառություն:

«Ժառանգություն» կուսակցությունը համարում է, որ հայազգի քաղաքացիների հանդեպ վերոնշյալ հալածանքները Հայոց պետական իշխանության բացակայության վկայություն են, եւ կոչ է անում մեր ժողովրդի զավակներին՝ համախմբվելով ազգային դրոշի ներքո, լծվել ազատ ու իրավատեր պետականության ստեղծման նվիրական առաքելությանը:

«Ժառանգություն» կուսակցություն

23 հուլիսի 2014
Երեւան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031