«Ցավոք սրտի, հասարակության մեծ մասը վստահում էր ՕԵԿ-ին»,- այսօր` հուլիսի 23-ին, «Հայացք» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Քրիստոնեա ժողովրդավարական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:
Նա բացառեց, որ հայ հասարակությունը կմոռանա Օրինաց երկրի կողմից դավաճանությունը եւ վատ վերաբերմունքը: Նա համարում է, որ ժողովուրդը ՕԵԿ-ին վստահել է, բայց արդյունքում խաբվել է, իսկ երկրորդ անգամ թույլ չի տա իրեն խաբել եւ եթե նույնիսկ երկրորդ անգամ հավատա կուսակցությանը, ուրեմն` հիմար է:
Անդրադառնալով ՀԱԿ-ին` պարոն Գիմիշյանը նշեց, որ համարում է ՀԱԿ-ը փայլուն գաղափար եւ ճիշտ մոտեցում, որին ժողովուրդը վստահեց, քանի որ կար ակնհայտ առաջնորդ եւ 18 կուսակցությունների համատեղ քննարկումների միջոցով որոշում կայացնող կառույց: Սակայն քաղաքական էլիտան չկարողացավ արդարացնել ժողովրդի սպասումները.
«Այդ փլուզումը սկսվեց այն պահից, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքագիտական նպատակներով ձեւակերպեց միտինգներից մեկում, որ «Բարգավաճ Հայաստանի» հետ սկսում է գործընթաց: Այդ պահից սկսեց քայքայվել ՀԱԿ-ը եւ ի վերջո բերեց նրան, որ ՀՀՇ-ն վերածվեց ՀԱԿ-ի, ոչ մի կուսակցություն էլ չմիացավ»:
Նա համարում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը շարունակում է իր նույն ուղղին այն դեպքում, երբ կյանքը ցույց տվեց, որ «Բարգավաճ Հայաստանի» հետ ցանկանում է խորացնել համագործակցությունը, այնքան դաշտը եւ հասարակությունը սկսում է հրաժարվել.
«Ես կարծում եմ, ինքն այդպես է մտածում` մենք փորձենք իշխանություններից պոկենք ԲՀԿ-ն, դրանով իշխանությունը քանդենք, հակառակը եղավ` ինքը ԲՀԿ-ն ինչքան պոկվում է, ՀԱԿ-ն է քանդվում: Այդ ազգային շարժման արդյունքը եղավ 10 զոհ, 7 մանդատ եւ հասարակության հիասթափություն»:
Պարոն Գիմիշյանը համարում է, որ «Բարգավաճ Հայաստանը» չի կարող լինել ընդդիմություն եւ նույնիսկ ինքն է խոստովանում, որ ընդդիմություն չէ, եւ այդ պատճառով էլ մյուս 3 ուժերն ընդդիմությունից դարձան ոչ իշխանական, որպեսզի միանան «Բարգավաճ Հայաստանին».
«Ո՞ւր Լեւոն Տեր-Պետրոսյան, ո՞ւր ԲՀԿ: Անհամեմատելի մեծություններ են քաղաքական իմաստով: Քաղաքականության մեջ է «Բարգավաճ Հայաստանը» երկար տարիներ, ես չեմ կարողանում մի լուրջ միտք հիշել ու ասել, որ ես նոր բան իմացա եւ կրողը դարձա այդ նոր մտքի, չեմ կարող: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանից շատ բան եմ սովորել»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ