Հուլիսի 26-ից երթեւեկության կանոնների խախտման տուգանքները ոչ թե կրկնապատվելու, եռապատկվելու կամ հնգապատկվելու են, ինչպես մինչ օրս է, այլ` սահմանված ժամկետում` 31 օր անց տուգանքը չմուծելու դեպում գումարի վրա ավելանալու է 25 %, 61 օրից էլ` տուգանքի գումարի 50 %-ը: Այս փոփոխությունը տեղի է ունեցել տասնյակ հազարավոր վարորդների դժգոհությունից հետո, որոնք տուգանքի վճարումն ուշացնելու դեպքում ստիպված են եղել վճարել գումարի հնգապատիկը:
Այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում, «Աքիլլես» ավտովարորդների պաշտպանություն հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը կրկին անդրադարձավ տուգանքների գումարը միանգամից դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) միջոցով գանձելու պրակտիկային` վստահեցնելով, որ ոստիկանությունն այդկերպ խախտում է Սահմանադրությունը: Ըստ նրա, նախկինում դա կատարվում էր դատարանների միջոցով եւ քաղաքացիները հնարավորություն էին ունենում բողոքարկելու ոստիկանության ակտերը, հակընդդեմ հայցեր ներկայացնելու եւ այլն, սակայն այժմ տուգանքը, քաղաքացին չվճարելու դեպքում, գործը, միանգամից, ուղարկվում է հարկադիր կատարման: Ներկայումս հազարավոր քաղաքացիների անձնական հաշիվների` այդ թվում աշխատավարձերի վրա արգելանք է դրված: Պարոն Հովհաննիսյանի համոզմամբ, այս քայլին են դիմել, որպեսի «այդ գումարներով բյուջեն լցնեն»:
Վարորդների իրավունքների պաշտպանը նաեւ հայտնեց, որ քաղաքացիները պատշաճ չեն ծանուցվում եւ միանգամից հայտնաբերում են, որ հաշիվներն արգելափակված են: Ծանուցագիր չեն ստանում մասնավորապես` մարզերի բնակիչները: Այսօր կազմակերպության ստացած ահազանգերի 80 %-ը, ԴԱՀԿ-ին առնչվող հարցերով են: Պարոն Հովհաննիսյանի կարծիքով, սա այն հարցն էր, որը վերաբերում է հազարավոր քաղաքացիների, ուստի Ազգային ժողովը պետք է արձակուրդ մեկնելուց առաջ, այս հարցն առաջնահերթ քննարկեր:
Վարորդների պաշտպանը նաեւ ասաց, որ կին վարորդներից էլ ահազանգերը հաճախակիացել են: Ըստ նրա, ճանապարհային ոստիկանները շատ հաճախ վարորդների արագությունը միտումնավոր սխալ են արձանագրում, իսկ ապացուցելը դժվար է լինում, քանի որ նրանց մոնիտորի վրայից բացակայում է տեսուչի մեքենայի արագությունը. «Այստեղ մեծ է կոռուպցիոն ռիսկը»: Պարոն Հովհաննիսյանն ասաց, որ տեսուչի մեքենայի մեջ դրված արագաչափը կառավարության որոշմամբ, պետք է օգտագործվի միմիայն ոստիկանապետի հրամանով, սակայն այն օգտագործվում է դրա բացակայությամբ:
Ոստիկանության ճանապարհային տեսուչների այլ խախտումների մասին` տեսանյութում
Էդուարդ Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ տարեկան 100 հայցադիմումով ընդդեմ ոստիկանության դիմում են դատարան: Ըստ նրա, «տուգանքների 50-60 տոկոսը օդից են սարքված»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ