Հատված կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆ., ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոցենոմիկայի լաբորատորիայի վարիչ ԼԵՎՈՆ ԵՊԻՍԿՈՊՈՍՅԱՆԻ հարցազրույցից:
-Պարոն Եպիսկոպոսյան, ինչպե՞ս եք գնահատում վերջին տարիներին Հայաստանում գիտության զարգացման համար ստեղծված պայմաններն ու հեռանկարները:
-Թերեւս գաղտնիք չեմ ասի` հայտարարելով, որ մեզանում գիտությունը ծայրահեղ ողբերգական վիճակում է: Դա պայմանավորված է ե՛ւ ֆինանսական գերսուղ վիճակով, ե՛ւ այն մթնոլորտով, որ գոյություն ունի գիտության ասպարեզում: Հիմա գիտնականը միայն ինքն է իրեն գնահատում:
Հասարակությունը եւ հատկապես իշխանությունները գիտությանը վերաբերվում են «գիտություն է, էլի» սկզբունքով: Այսինքն՝ համարում են, որ գիտությամբ զբաղվելը գիտնականի համար նախասիրություն է ընդամենը, որի համար չնչին վարձատրությունն էլ բավական է: Մինչդեռ գիտությունը երկրի կարեւոր ռազմավարական ոլորտն է, որն ավելի շատ պետությանն է հարկավոր, քան գիտնականին:
Այսօր գիտնականը համարվում է խելքը թռցրած մարդ, որը նման պայմաններում գիտական գործունեությամբ է զբաղվում` առանց նյութական շահույթ ունենալու: Դա շատ վիրավորական վերաբերմունք է: Եթե գիտնականը սեփական նախաձեռնությամբ ու էնտուզիազմով է գիտությունը պահպանում` նրան ոչ թե խրախուսում են, գովաբանում, այլ նվաստացնում են: Սա ակամա մտածել է տալիս, որ գիտության անտեսումը նրա դեմ հայտարարված լուռ պատերազմի հետեւանք է:
Այլապես ինչպես բացատրել, որ մեզանում գիտությունը ծերանում է: Երիտասարդները չեն ցանկանում սովորել ու աշխատել այդ ոլորտում, քանի որ գիտության տարազը հրապուրիչ չէ: Իսկ ովքեր էլ ոտք են դնում այդ ասպարեզ` նրանց հիասթափեցնում են, թույլ չեն տալիս աշխատել` համապատասխան պայմաններից ու հնարավորություններից զրկելով:
Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ ilur.am-ից
–